Մորոզովյան գործադուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մորոզովյան գործադուլ 1885, բանվորական գործադուլ Նիկոլսկոյեի (այժմ՝ Մոսկվայի մարզի Օրեխովո-Զուևո ք․) տեքստիլ ֆաբրիկայում, որը պատկանում էր «Սավվա Մորոզով, որդի և ընկերությանը»։ Սկսվել է հունվարի 7-ին․ գործադուլի պատճառը բանվորների դաժան շահագործումն ու տնտեսական ծանր վիճակն էր։ Մասնակցել է 8 հզ․ մարդ։ Գործադուլի նախօրեին առաջադեմ բանվորներ Պ․ Մոիսեենկոյի, Վ․ Վոլկովի և Լ․ Իվանովի ղեկավարությամբ կազմվել է գործողության պլան և ձևակերպվել բանվորների պահանջները․ կրճատել տուգանքները, վերադարձնել տուգանված գումարների մի մասը, սահմանել պետական վերահսկողություն աշխատավարձի վճարման կարգի նկատմամբ և այլն։ Բանվորների պահանջները չեն ընդունվել, և տեղի են ունեցել ընդհարումներ զորքի հետ։ Միայն հունվարի 17-ին կառավարությանը հաջողվել է ճնշել գործադուլը։ Ձերբակալվել է ավելի քան 600 մարդ, որոնց թվում նաև մորոզովյան գործադուլի ղեկավարները։ 1886 թվականի փետրվարին և մայիսին Վլադիմիր քաղաքում տեղի է ունեցել 33 գործադուլավորների երկու դատավարություն, որոնց ընթացքում բացահայտվել է գործարանում տիրող ահավոր վիճակը։ Չնայած երդվյալների դատարանը արդարացրել էր մեղադրյալներին, սակայն մորոզովյան գործադուլի ղեկավարներ Մոիսեենկոն և Վոլկովը աքսորվել են հյուսիսային նահանգներ։ Մորոզովյան գործադուլը առաջ է բերել ռուսական դեմոկրատական մտավորականության համակրանքը, արձագանք գտել արտասահմանի սոցիալիստական մամուլում։ «Այդ հսկայական գործադուլը,— նշել է Վ․ Ի․ Լենինը,— շատ ուժեղ տպավորություն գործեց կառավարության վրա, որը տեսավ, որ երբ բանվորները գործում են միասին, վտանգավոր ուժ են ներկայացնում, մանավանդ, երբ համատեղ գործող բանվորների զանգվածը ուղղակի է դնում իր պահանջները» ։ Մորոզովյան գործադուլը և դրան հաջորդած խոշոր գործադուլները ցարական կառավարությանը ստիպեցին գնալ զիջումների։ 1886 թվականի հունիսի 3-ին հրատարակվեց օրենք տուգանքների մասին, որտեղ հաշվի էին առնված մորոզովյան տեքստիլագործների առանձին պահանջները։ Մորոզովյան գործադուլի մասնակիցների հիշատակը հավերժացնելու նպատակով Օրեխովո-Զուևոյում 1923 թվականին կանգնեցվել է հուշարձան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 55 CC-BY-SA-icon-80x15.png