Մորավական աստղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մորավական աստղ (գերմ.՝ Herrnhuter Stern, անգլ.՝ Moravian star), սուրբծննդյան նշանավոր զարդ արևմտյան երկրներում, որ խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղը։ Մորավական աստղերը հայտնի են 19-րդ դարի առաջին կեսից և իրենց անվանումն ստացել են Մորավիայի եղբայրներ համայնքից, որտեղ առաջին անգամ պատրաստվել է նման զարդարանք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորավական աստղեր Դրեզդենում

Մորավական առաջին աստղը պատրաստվել է 19-րդ դարի 30-ական թվականներին մորավական եկեղեցու տնօրինման տակ գտնվող Նիսքիի (Սաքսոնիա) արական դպրոցում։ Հայտնի է, որ աստղը, որն ուներ 110 ճառագայթներ, պատրաստվել է դպրոցի 50-ամյակի առթիվ, և լեգենդն այն վերագրում է մաթեմատիկայի ուսուցչին, ով աստղի միջոցով փորձել է ամրապնդել իր աշակերտների երկրաչափական պատկերացումները։ Աստղը բազմանկյուն էր, որի յուրաքանչյուր կողմին ամրացված էր բուրգ[1]։ Մորավական աստղի մասին հաջորդ վկայությունը Գերմանիայում վերաբերում է 1887 թվականին, երբ այն հայտնվել է Բուդիշինի (նույնպես Սաքսոնիա) արական ինտերնատում։ Աստղը հավաքած ուսուցիչներն այն դպրոցում են կախել նախատոնական օրերին (կա նաև վկայություն, որ 1842 թվականին մորավյան աստղերով են զարդարել ամանորյա տոնածառը Ուիլյամսբուրգում, Վիրջինիա նահանգ)[1]։ 19-րդ դարի 90-ական թվականներին առաջին անգամ սկսվել է աստղերի կոմերցիոն արտադրությունն ու վաճառքը։ Առաջին արտադրողը եղել է Հերնհուտի գրախանութի սեփականատեր Հենդրիկ Պիտեր Վերբեկը, ով մշակել է արդեն ավանդական դարձած 25 ճառագայթանոց աստղը, իսկ 1925 թվականին գրանցել է աստղի` սնամեջ մոդելի արտոնագիրը[2]։ Առաջին աստղերը ներսից լուսավորվել են սևուկի ձեթով, որը հետագայում փոխարինվեց կերոսինով, ապա` էլեկտրական լամպերով[1]։

20-րդ դարասկզբին թղթե փխրուն աստղերին փոխարինելու եկան ավելի ամուր նյութերից` մետաղից և մետաղական հիմքով ստվրաթղթից աստղերը։ Ի հայտ եկան հավաքովի մոդելներ, որոնք քանդվում ու հավաքվում էին հերթական տոնին։ Զարդարանքը սկզբում տարածում ուներ Մորավիայի եղբայրների համայնքներում և սկսած 1925 թվականից` դրանցով տոներին զարդարել են նրանց եկեղեցիները։ Սակայն հետագայում աստղը տարածում գտավ համայնքից դուրս` ստանալով իր ներկայիս անվանումը։

Երբ Առաջին համաշխարհային պատերազմը ընդհատեց հերնհուտյան աստղերի արտադրությունը, այն սկսեցին պատրաստել Ուինսթոն Սեյլեմում (Հյուսիսային Կարոլինա)` մի քաղաքում, որ հիմնադրել էին մորավյան եկեղեցու հետևորդները։ Ամերիկյան լայն հասարակությանը մորավյան աստղը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 1924 թվականին գրող Վինիֆրիդ Կիրկլանդը իր «Աստղը դեռ շողում է» գրքում ներկայացրեց իր այցը Ուինսթոն Սեյլեմ ձմեռային տոների ժամանակ[3]։ 1968 թվականին կրկին շարունակվել է մորավյան աստղերի արտադրությունը Հերնհուտում, որտեղից էլ ամբողջ աշխարհում տարածվել է մոտ 1.5 միլիոն օրինակ[1]։

Մշակութային նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորավական աստղը հավաքման գործընթացում

Մորավյան աստղերը պահպանում են իրենց նշանակությունը` որպես Մորավիայի կրոնական համայնքի խորհրդանիշ։ Աստղերը սովորաբար կախում են Սուրբ Ծննդյան տոներին նախորդող կիրակի օրը` այն հանելով հունվարի 6-ից հետո, երբ արևմտյան քրիստոնեական ավանդույթի համաձայն նշվում է Աստվածահայտնության տոնը[4]։ Ուինսթոն Սեյլեմում ալյումինե տասմետրանոց մորավյան աստղը` 1.5 տ զանգվածով, որը հավանաբար ամենամեծն է նրա գոյության պատմության ողջ ընթացքում, զարդարում է տեղի համալսարանի բժշկական կենտրոնի հյուսիսային աշտարակը[5]։

Ներկայումս աստղի անվան ու ձևի իրավունքի սեփականատերը Herrnhuter Sterne GmbH ընկերությունն է Գերմանիայում, որ հիմնադրվել է 1991 թվականին Մորավական եկեղեցու ջանքերով[2][6]։ Աստղերի պատրաստման սովորույթը դպրոցներում դեռևս պահպանվել է, հատկապես գիշերօթիկ դպրոցներում, որտեղ այն համարվում է երեխաների` նախածննդյան տոների հայտնի զբաղմունքներից մեկը[1]։

Չնայած մորավյան աստղերի ճառագայթների թիվը կարող է տատանվել 16-110-ի սահմաններում, սակայն դասական դիզայնով աստղը, որ մեծ չափերով կիրառվում է և ներկայումս, 25 ճառագայթներով աստղն է, որից 17-ը հատման տեղում ձևավորում են քառանկյուններ, իսկ մնացած 8-ը` եռանկյուն։ Արտադրվում են կարմիր ու դեղին, ինչպես նաև Ծննդյան տոների ավանդական գույներով աստղեր[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Der Herrnhuter Stern» (գերմաներեն). Jadu.de. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 «Manufaktur» (գերմաներեն). Die Herrnhuter Sterne GmbH. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. Bishop A.W. Schattschneider (1966 թ․ նոյեմբերի 10). «The Moravian Star». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. Amy Leiser. (December 2008). «History of the Moravian Star». Monroe County Historical Association. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. Bonnie Davis. (Novenber 30, 2009). «Wake Forest University Baptist Medical Center to Hold Annual Star Lighting Service» (անգլերեն). Wake Forest Baptist Medical Center. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. «Trefferlisteneintrag 1/0, Auskunft zu einer Gemeinschaftsmarke. Nummer der Marke: 007328479» (գերմաներեն). Deutsches Patent- und Markenamt. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. «Products» (անգլերեն). Die Herrnhuter Sterne GmbH. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dorothee Theile. ... und leuchtet in die ganze Welt: Der Herrnhuter Stern und seine Geschichte. — Comenius Buchhandlung, 2008. — ISBN 3981213912

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]