Մյոսբաուերի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մյոսբաուերի էֆեկտ՝ միջուկային գամմա-ռեզոնանս (ՄԳՌ), γ-քվանտների ռեզոնանսային կլանումը ատոմային միջուկներով, դիտվում է, երբ γ-ճառագայթման աղբյուրն ու կլանիչը պինդ մարմիններ են, իսկ γ–քվանտների էներգիան մեծ չէ (~150 կէ)։ Ընդ որում այս էֆեկտի դեպքում միջուկի պատասխան ռեակցիայի համար գործնականում էներգիա չի ծախսվում։

Հայտնաբերել է Ռ․ Մյոսբաուերը, 1958 թ.-ին։ Նյութը γ-քվանտներով ճառագայթելիս, փոխազդեցության սովորական պրոցեսների հետ մեկտեղ հնարավոր է γ-քվանտների ռեզոնանսային կլանումը միջուկներով, որի դեպքում γ-քվանտն անհետանում է, իսկ միջուկը գրգռվում, այսինքն՝ անցնում է ավելի մեծ ներքին էներգիայով վիճակի։ Ռեզոնանսային կլանման անհրաժեշտ պայմանն այն է, որ միջուկի գրգռման համար քվանտի ծախսած էներգիան ճշտիվ հավասար լինի քվանտային անցման էներգիային, այսինքն՝ միջուկի գրգռված և հիմնական վիճակների ներքին էներգիաների տարբերությանը։ Մյոսբաուերի էֆեկտը պայմանավորված է պինդ մարմնում ատոմների շարժման կոլեկտիվ բնույթով։ Պինդ մարմիններում ատոմների ուժեղ փոխազդեցության շնորհիվ միջուկների պատասխան ռեակցիայի էներգիան հաղորդվում է ոչ թե առանձին միջուկի, այլ փոխակերպվում է բյուրեղային ցանցի տատանումների էներգիայի, այլ կերպ ասած՝ պատասխան ռեակցիան հանգեցնում է ֆոնոնների առաջացման։ Մյոսբաուերի էֆեկտի հավանականությունը մեծապես կախված է նաև ջերմաստիճանից։ Մյոսբաուերի էֆեկտի դեպքում դիտվում են γ-ճառագայթների առաքման և կլանման շատ նեղ սպեկտրային գծեր։ Մյոսբաուերի էֆեկտը կիրառվում է ֆիզիկայում (պինդ մարմինների կառուցվածքի հետազոտում), կենսաբանության (հեմոգլոբինի էլեկտրոնային կառուցվածքի ուսումնասիրում), երկրաբանական հետախուզության (հանքերի էքսպրես-վերլուծություն) մեջ, քիմիայում (քիմ․ վերլուծություն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 648