Միջնադարյան ձայնակարգեր
Միջնադարյան ձայնակարգեր, ժողովրդական երաժշտությունից առնված յոթաստիճան բնական մոնոդիական ձայնակարգերի համակարգը, որը եղել է վաղ միջնադարից մինչև 14-րդ դարի լատինական մասնագիտացված (նախ՝ միաձայն, ապա՝ բազմաձայն) երաժշտության հիմքը (կոչվում են նաև եկեղեցական ձայնակարգեր)։ Համակարգը կրել է բյուզանդական ութձայնի որոշակի ազդեցությունը, պատմականորեն զարգացել (10-րդ դարում ձայնակարգերի թվային անվանումերը փոխարինվել են հին հունական տեսությունից առնված հատուկ անուններով) և Վերածննդի դարաշրջանում հասել է ավարտուն վիճակի։
Տարբերում են հիմնական (արևմտաեվրոպական երաժշտության տեսության մեջ՝ «ավտենտիկ») և ածանցյալ («պլագալ») ձայնակարգեր։ 1547 թվականին շվեյցարացի երաժիշտ-տեսաբան Հ. Գլարեանը համակարգի ձայնակարգերի քանակը 8-ից հասցրել է 12-ի (հավելել է էոլական ու հոնիական ձայնակարգերը՝ ածանցյալներով)։ 1571 թվականին իտալացի Ջոզեֆֆո Ցառլինոն, հաջորդականությունն սկսելով հոնիականից, ձայնակարգերի տոնիկաները դասավորել է դիատոնիկ շարքի դո-ից մինչև լա-ն, պարզաբանել ձայնակարգերի արտահայտչության հատկանիշները, որոնք լայնորեն դրսևորվել են «խիստ ոճի» պոլիֆոնիայում։ 17-րդ դարից հոնիական և էոլական ձայնակարգերը արտահայտչական առավելագույն հնարավորությունների շնորհիվ առանձնացվել, կատարելագործվել են՝ դառնալով դասական մաժոր-մինոր հարմոնիկ համակարգի հիմնական ձայնակարգերը։
Հետագայում միջնադարյան ձայնակարգերն իրենց նշանակությունը պահպանել են, սակայն գործածվել են միայն «դիպվածաբար» (Յ. Ս. Բախ, Գ. Հենդել, Լ. վան Բեթհովեն, Ֆ. Շոպեն, Յ. Բրամս)։ 20-րդ դարի 1-ին կեսին կոմպոզիտորները, ձգտելով երաժշտության ձայնակարգերի հիմքի նոր զարգացման, հաճախ դիմել են միջնադարյան ձայնակարգերին, քանի որ նրանք ներկայում էլ տարածված են մի շարք ժողովուրդների ժողովրդական երաժշտության մեջ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |