Միջազգային ինվեստիցիոն բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միջազգային ինվեստիցիոն բանկ (ՄԻԲ), սոցիալիստական երկրների երկարաժամկետ (մինչև 15 տարի) և միջին ժամկետի (մինչև 5 տարի) վարկավորման բանկ։ Ստեղծվել է 1970-ին, սոցիալիստական տնտեսական ինտեգրացման, անդամ-երկրների տնտեսական համագործակցության առավել զարգացման ու խորացման, նաև կապիտալ շինարարության համար ռեսուրսների համակենտրոնացման ու դրանց օգտագործման փոխհամաձայնեցման նպատակով։ Բանկի անդամներն են Բուլղարիան, ԳԴՀ-ն, Լեհաստանը, Կուբան, Հունգարիան, Մոնղոլիան, Չեխոսլվակիան, Ռումինիան, ՍՍՀՄ-ը, Վիետնամը, 1974-ից համագործակցում է նաև Հարավսլավիան։ Կանոնադիր կապիտալը 1071,3 միլիոն փոխանակային ռուբլի է (1979)։ Անդամ-երկրների քվոտաները սահմանվում են ելնելով նրանց փոխադարձ առևտրում արտահանության ծավալից։ Ունի նաև ռեզերվային կապիտալ ու հատուկ ֆոնդեր։ Վարկերը կրում են պլանային, նպատակային, ժամկետային բնույթ և տրամադրվում են (տարեկան 4-6% վճարով) առաջին հերթին բարձր արդյունավետություն ապահովող օբյեկտների շինարարությանը։ 1971-1978-ին վարկավորել է 61 օբյեկտ՝ տրամադրելով ավելի քան 3 միլիարդ փոխանակային ռուբլի։ ՄԻԲ-ի ղեկավար մարմիններն են Խորհուրդը և Վարչությունը։ Խորհուրդը կառավարման բարձրագույն կոլեկտիվ մարմինն է, որտեղ մեկ ձայնի իրավունքով ներկայացվում են բոլոր անդամ-երկրները։ Վարչությունը գործադիր մարմին է և իրականացնում է բանկի գործունեության անմիջական ղեկավարումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 573 CC-BY-SA-icon-80x15.png