Jump to content

Մինաս Ավետիսյան Բեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մինաս Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մինաս Ավետիսյան Բեյ
Ծնվել էփետրվարի 3, 1849(1849-02-03)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՆարեկյան վարժարան
Մասնագիտությունանասնաբույժ
ԵրեխաներՊերճ Մինասյան

Մինաս Ավետիսյան Բեյ (փետրվարի 3, 1849(1849-02-03), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ անասնաբույժ, անասնաբուժության պրոֆեսոր, բազմաթիվ մասնագիտական գրքերի հեղինակ, բեյ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինաս Ավետիսյան Բեյը ծնվել է 1849 թվականի փետրվարի 3-ին, Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում։ Նախնական ուսումն ստացել է Կ. Պոլսի Նարեկյան կրթարանում, որի բարձրագույն կարգն ավարտելուց հետո վարժարանի հոգաբարձու Հապեթիկ Նևրուզյանի միջոցով և պաշտպանությամբ ընդունվել է Կ. Պոլսի զինվորական իդադիե (միջնակարգ) վարժարանը։ 1870-1874 թվականներին սովորել է Իդադիե վարժարանի անասնաբուժական բաժնում և զինվորական անասնաբույժի վկայական ստացել։

Ավարտելուց հետո օգնական դասատու է աշխատել վարժարանի դարմանաբանության և ծննդաբերության ճյուղերում։ 1875 թվականին աչքի ընկնելով իր գրագետ ու բովանդակալից դասախոսություններով, նույն ճյուղերի և ներքին ախտաբանության դասախոսի պաշտոնն է ստացել։ Մանկավարժական գործունեությանը զուգահեռ գործնական աշխատանքում կատարել է անասնաբուժական գործի նորարարություններ՝ կենդանիների առողջապահությունն ու բժշկությունը հատուկ կայաններ ու հիվանդանոցներ տեղափոխելով։ Նրա անունն ամենուր հնչել է Զինվորական անասնաբուժական վարժարանի անվան կողքին։

Պարգևատրվել է բազմաթիվ պատվանշաններով։ Կ. Պոլսի կառավարությունը բացել է նոր՝ Քաղաքային անասնաբուժական դպրոց և Մինաս բեյը հրավիրվել է այդտեղ՝ համատեղությամբ դասախոսելու։ 1903 թվականին եղել է Կ. Պոլսի երկու անասնաբուժական վարժարանների ընդհանուր ուսումնապետը։ Մինչև 1906 թվականը, 30 տարի դասախոսել է, կրթել ու պատրաստել անասնաբույժներ Օսմանյան կայսրության ու նրա բանակի համար։ Հասել էր կայմակամության աստիճանին և մոտ էր միրալայության, ապա փաշայության աստիճաններն ստանալուն, երբ բախտը երես թեքեց նրանից։ 1906 թվականին Յըլդըզում տեղի ունեցած մահափորձի ուրբաթ օրը բժիշկը միանում է սելամլըքի հանդիսությանը ներկա ձիավոր զինվորների գնդին։ Պայթյունի պահին իսկ, բժիշկը (անշուշտ՝ հայ լինելու համար), իբրև մեղսակից ձերբակալվում է։ 1906-1907 թվականներին անցկացրել է Յըլդըզի բանտում։ 1907 թվականին դատավարության ավարտին անմեղ է ճանաչվել, սակայն աքսորվել է Դամասկոս։ 1907-1910 թվականներին մնացել է Դամասկոսի աքսորում։ 1910 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և վերականգնվել իր նախկին պաշտոններում։ Սակայն աքսորի տարիներից հոգնած, իր նկատմամբ ցուցաբերած գարշ ապերախտությունից զզված, իր պաշտոնավարությունը շարունակելու ի վիճակի չի եղել և անցել է հանգստի՝ իր խնդրանքով։ Հանդիսանում է անասնաբուժական բոլոր գիտությունների վերաբերյալ թուրքերենով առաջին գրքերը գրած ու հրատարակած մասնագետը։ Այդ 14 գրքերով են երկար տարիներ դասավանդել անասնաբուժական վարժարանների դասախոսները, սովորել ուսանողները և առաջնորդվել պրակտիկ անասնաբույժները։

1917 թվականին Երզնկայում թուրքերի ձեռքով չարաչար նահատակվել է նրա բժիշկ որդի Պերճ Մինասյանը։ Իր որդեկորույս սրտի խորը վերքը սփոփելու համար գրել է 6 հատորից բաղկացած հայերեն գեղեցիկ մի գիրք՝ «Ագարակին անասնաբույժը», որը 1921 թվականի դրությամբ դեռևս անտիպ էր։ Նաև այլ ձեռագիր գործեր է ունեցել։

1921 թվականի ապրիլի դրությամբ բնակվում էր Կ. Պոլսում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թորգոմեան Վահրամ, Թուրք անասնաբուժական վարժարանին հայ դասախօսները, Տօքթ. Մինաս Պէյ Աւետիսեան, «Դարման», Կ. Պոլիս, 1921, թ. 3-4։
  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։