Միմիկրիա
Միմիկրիա (ֆր.՝ mimétisme, անգլ.՝ mimicry), կենսաբանական տարբեր տեսակների պատկանող օրգանիզմների նույնանմանությունը բնութագրող արտահայտություն, որը կենդանաբանություն է ներմուծել անգլիացի բնախույզ Հենրի Ու.Բեյթսը։
Միմիկրիան այդ երկու տեսակներին կամ նրանցից մեկին օգնում է պաշտպանության ժամանակ[1]։ Նմանությունը կարող է լինել արտաքին տեսքով, վարքագծով, արձակած ձայնով կամ բուրմունքով։ Միմիկրիան տեղի է ունենում, երբ օրգանիզմների խմբի՝ մոդելի հիմնական հատկանիշները էվոլյուցիայի արդյունքում տարածվում են մի այլ խմբի վրա։ Լայն իմաստով միմիկրիան կարող է ներառել նաև անշունչ մոդելներ։
Տեսքի միմիկրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի են դեպքեր, երբ կենդանի օրգանիզմները էվոլյուցիայի արդյունքում իրենց գունավորումով և ձևով նմանվում են այն առանձին առարկաներին, որոնց մեջ իրենք ապրում են։ Այդպիսի օրինակները շատ են հատկապես միջատների միջավայրում։
Phasmidae ընտանիքի «ոստերը» հրաշալի նմանակում են մի մասը՝ չոր ոստերին, մյուս մասը՝ տերևներին։ Հարավ-արևելյան Ասիայում ապրող վերևի կողմից վառ գունավորված Kallima թիթեռները ճյուղին նստելուց և թևերը դարսելուց հետո նմանվում են թառամած տերևի։
Նման օրինակներ հայտնի են նաև ծովային կենդանիների աշխարհում։ Ավստրալիայի ափերի մոտ ապրող ծովաձիուկների կարգի Phyllopteryx eques փոքրիկ ձկնիկը մարմնի վրա աճած բազմաթիվ թելանման և ժապավենանման կաշվի ծվենների շնորհիվ նմանվում են այն ջրիմուռներին, որոնց մեջ ապրում են։ Դրանով նրանք հիանալի պաշտպանվում են թշնամիներից։
Տեսքի միմիկրիայի ձևերից մեկն այն է, երբ անվնաս տեսակը պաշտպանության համար ձեռք է բերում մի այլ տեսակի գունավորումը կամ արտաքին տեսքը և դրանով մոլորեցնում է իր թշնամիներին։ Բացի տեսքից, այդպիսի միմիկրիայի դեպքում հնարավոր է նաև այլ հատկանիշների ընդօրինակումը՝ ձայներ, հոտեր և այլն։
Այս տեսակ միմիկրիայի վառ օրինակ է, երբ Մեքսիկայում տարածված Lampropeltis triangulum annulata (աջից) անվնաս օձը էվոլյուցիայի ընթացքում ընդունել է թունավոր կորալային Micrurus tener-ի (ձախից) խայտաբղետ գունավորումը և դրանով մոլորեցնում է իր թշնամիներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ King, R. C.; Stansfield, W. D.; Mulligan, P. K. (2006). A dictionary of genetics (7th ed.). Oxford: Oxford University Press. էջ 278. ISBN 0-19-530762-3.
-
Micrurus tener
-
Lampropeltis triangulum annulata
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միմիկրիա» հոդվածին։ |
|