Միհրան Մանասյանը 2007 թվականին ընդգրկվել է «Փյունիկ» ակումբի կազմում։ 2010 թվականի առաջնության ավարտից հետո ստացել է ազատ գործակալի կարգավիճակ և որոշել տեղափոխվել այլ ակումբ, որովհետև վերջին ժամանակաշրջանում չէր ընդգրկվում թիմի կազմում։ Ֆուտբոլիստով հետաքրքրվել է «Ուլիս» ակումբը։ Որոշ բանակցություններից հետո Մանասյանն Ալբերտ Թադևոսյանի հետ երկամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ[2]։ Սակայն «Ուլիսում» իրավիճակը չի փոխվել, և Մանասյանը նախկինի պես միայ դուրս է եկել փոխարինման։ Դրանով է պայմանավորված մեկ մրցաշրջանի ընթացքում անցկացրած խաղերի քիչ լինելը (յոթ հանդիպում)։ Առաջնության ավարտից հետո տեղեկություն է հայտնվել, որ Մանասյանն ավարտել է խաղացողի կարիերան առողջական վիճակի պատճառով[3]։
2012 թվականի հունվարին Աբովյանում հիմնադրվել է «Քինգ Դելյուքս» ակումբը, և Մանասյանը ցանկություն է հայտնել հանդես գալ այդ ակումբում[4]։ Ակումբի կազմում անցկացրած ստուգողական խաղերում Մանասյանը ցուցաբերել է ակտիվություն և արդյունավետություն[5][6][7]։ Մեկ ամիս անց ակումբը պայմանագրեր է կնքել 20 ֆուտբոլիստների հետ, որոնց թվում էր նաև Մանասյանը[8]։