Միկենեի արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միկենեի արվեստ, Եգեյան մշակույթի նշանավոր հուշարձաններ են գտնվել (մ.թ.ա. 17-14-րդ դարերի ծաղկման ժամանակաշրջան) մայրցամաքային Հունաստանի տարածքում՝ Միկենեում՝ Եվրոպայի հնագույն ամրոցում։ Ինչպես և Պելոպոնեսի ու Փոքր Ասիայի մյուս քաղաքներում, Միկենեի մշակույթը սկզբնավորել է տոհմական հասարակարգի քայքայման և բասիլևսների գլխավորած մի շարք մանր պետությունների կազմավորման ժամանակներում։

Ճարտարապետություն և քանդակագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրցամաքային Հունաստանի գեղարվեստական մշակույթը Կրետեի մշակույթից տարբերվում էր իր խտությամբ ու զորեղությամբ, թեև ուներ նրա հետ շատ ընդհանրություններ։ Այդ մշակույթի ինքնօրինակությունն առավել ցայտուն ձևով դրսևորվեց հոյակերտ ճարտարապետության մեջ։ Զառիկող ժայռոտ բլուրների վրա կառուցվող պալատներում և բնակավայրերում (որոնք հետագայում ստացան «ակրոպոլ միջնաբերդ» անվանումը, որ նշանակում է «վերնաքաղաք») ամեն ինչ ենթարկված էր թշնամիներից պաշտպանվելու խնդրին։ Հսկա, կոպիտ տաշված քարերով շարվում էին պաշտպանական պատեր, որոնց հաստությունը մոտ 10մ էր, բարձրությունը՝ 18-20մ։ Հին հույներին թվում էր, թե միայն առասպելական միաչքանի հսկա կիկլոպները կարող են այդպիսի պատեր կառուցել։ Գիտնականները դրանք անվանում էին «կիկլոպյան պատեր»։ Տիրինսում կառուցված ակրոպոլ-միջնաբերդը լիակատար պատկերացում է տալիս նման պալատի նախագծման մասին։ Ի տարբերություն Կրետեի պալատ-լաբիրինթոսի՝ Տիրինսի պալատում ամեն ինչ ենթարկված է պարզ կարգուկանոնի, համաչափության, որով հասել են կոմպոզիցիայի մեծ ամբողջականության։ Միջնաբերդը շրջափակվում էր հզոր պատերով, մուտքը՝ փակվում երեք դարպասներով։ Նրա կենտրոնը մեծ գավիթով պալատն էր։ Պալատի կոմպոզիցիայում գլխավոր դեր է կատարում ուղղանկյուն հատակագծով մի շինություն, որի մեջտեղում կա օջախ՝ այսպես կոչված մեգարոն։ Այն ծառայում էր պալատի տղամարդ բնակչության հանդիսավոր ժողովների համար։ Դեպի մեգարոն են տանում նախասենյակը և երկսյուն սրահը, որը նրան կապում է գավիթի հետ։ Մեգարոնը հետագայում կազմեց հունական տաճարի ավանդական տիպի ձևավորման հիմքը։ Մասնավորապես, երկսյուն սրահով, այսպես կոչված «կողապատերով տաճարն» անմիջապես սկսվում է մեգարոնից։ Միկենեյան ճարտարապետության մեջ առանձնահատուկ ուշադրություն էր նվիրվում դարպասների ամրապնդմանը։ Միկենեի ընդարձակ բազմահարկ ամրոցի կենտրոնական՝ «Առյուծի դարպասը» (մ.թ.ա. 14-13-րդ դարեր), մի փառահեղ կառույց է, որը խորհրդանշում է միկենեյան թագավորների հզորությունը։ Այն կառուցված է հսկա, ուղղաձիգ դրված սալերից, որոնք ծածկված են միակուռ քարերով։ Դարպասի սյունամեջ տարածությունը ծածկված է կրաքարե եռանկյուն սալով, որը զարդարված է եգեյան արվեստում եզակի հոյակերտ ռելիեֆով. երկու էգ առյուծներ են կանգնած վերընթաց լայնացող սյան երկու կողմում։ Միանման շրջված, կիսադեմ՝ նրանք ահեղորեն նայում են ներքև՝ կազմելով գեղազարդային (դեկորատիվ) համաչափ, այսպես կոչված հերալդիական (զինանշագիտական) կոմպոզիցիա։

Գեղանկարչություն և կիրառական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրինսի և Միկենեի պալատների պատերը զարդարված էին որմնանկարներով, դրվագված էին ալեբաստրե եզրազարդերով։ Ինտերիերի հարստությունը պալատի խիստ արտաքին տեսքի հակադրությունն էր։ Այստեղ հաճախ հանդիպում են ճակատամարտի և որսի տեսարաններ, բայց դրանցում անհետանում են շարժումների ազատությունը և անբռնազբոսիկությունը։ Կոմպոզիցիան ստանում է ինքնապարփակ և հավասարակշռված բնույթ, երանգավորումը դառնում է ավելի խայտաբղետ, այդպիսին է Տիրինսի որմնանկարը՝ «Որսորդ կանանց մեկնումը» (մ.թ.ա. 14-րդ դար, Աթենք, Ազգային հնագիտական թանգարան)։ Հոմերոսը Միկենեն անվանել է Ոսկեշատ։ Իրոք, միկնեյան դամբարաններում գտնվել են նուրբ աշխատանքի զարմանալի ոսկուց և արծաթից պատրաստված մեծ քանակությամբ զանազան առարկաներ՝ գավաթներ, սկահակներ, բաժակներ, ոսկե դիմակներ, փղոսկրե բռնակներով բրոնզե սրեր, ամենաբարդ զարդերով դաշույններ։ Դրանց ձևը և բնույթը մոտիկ են Կրետեի դաշույններին, բայց դրանցում կարելի է նկատել նաև արևելյան ազդեցություն։

Տրոյական պատերազմում (մ.թ.ա. 13-րդ դարի սկիզբ) եգեյան աշխարհի վաղ ժամանակաշրջանի ստրկատիրական պետություններն անկում ապրեցին, որը հեշտացրեց Բալկանյան թերակղզու նվաճումը հունական՝ դորիական ցեղեր կողմից, նոր մշակույթի սկիզբ դրեց։ Հնագետներ Գ. Շլիմանի և Ա. Էվանսի կողմից եգեյան մշակույթի հայտնագործումը 19-20-րդ դարերի վերջին երրորդամասի հնագիտության կարևոր նվաճումներից մեկն է։ Եգեյան աշխարհի ժառանգությունը քիչ դեր չի խաղացել Հունաստանի և Հռոմի գեղարվեստական արժեքների ստեղծման գործում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ․ Ներսիսյան, Մ․ Երզնկյան «Արտասահմանյան արվեստի պատմություն», Երևան, 2003 թ