Միլան Յովանիչի առաջին ակումբը եղել է «Վոյվոդինան»։ Այդտեղից նա տեղափոխվել է «Վետերնիկ», որտեղ սկսել է խաղալ մեծահասակների թիմում։ 2005 թվականին տեղափոխվել է ավստրալիական «Պերտ Գլորի», որտեղ եղել է պահեստային դարպասապահ և մասնակցել է միայն մեկ խաղի լիգայում։ 2005/06 մրցաշրջանից հետո վերադարձել է հայրենի քաղաք, որտեղ միացել է «Նովի Սադ» ակումբին։ 2009/10 մրցաշրջանում ակումբն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը և իրավունք է ստացել մասնակցելու Եվրագավաթի խաղարկությանը։ Լիգայի լավագույն դարպասապահների ցանկում Յովանիչը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Սաշա Ստամենկովիչին[3]։
2010 թվականի հունիսի 11-ին հայտնի է դարձել, որ Յովանիչը բժշկական զննություն է անցել Կրակովի «Վիսլայում»։ Երկու օր անց Կրակովի ակումբը հայտարարել է, որ սերբ ֆուտբոլիստի հետ կնքել է հնգամյա պայմանագիր[4]։ Էքստրակլասում անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում Միլան Յովանիչը դարձել է Լեհաստանի չեմպիոն։
2003 և 2004 թվականներին Միլան Յովանիչը հրավիրվել է Սերբիա և Չեռնոգորիայի պատանեկան (մինչև 19 տարեկանների) հավաքական։ Սերբիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2010 թվականի ապրիլի 7-ին Ճապոնիայի հավաքականի դեմ հաղթական խաղում (3:0)[5][6]։