Միավորումներ կազմելու իրավունք
Միավորումներ կազմելու իրավունք, քաղաքական իրավունքները և ազատությունները քաղաքացու իրավունքների և ազատությունների կարևորագույն խումբն է, որոնց ամբողջությունն ապահովում է պետության քաղաքական կյանքին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, դրանով իսկ նախապայմաններ ստեղծելով մարդկանց անձնական իրավունքների և ազատությունների դրսևորման համար: Հասարակական-քաղաքական գործունեությանն ակտիվորեն մասնակցելու և քաղաքական իրավունքներն ու ազատություններն իրականացնելու համար կարևոր է մարդկանց միավորումներ կազմելու իրավունքը, որը կոչվում է նաև միություններ և միավորումներ ստեղծելու ազատություն: Այս իրավունքի առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հասարակական-քաղաքական կյանքին մարդիկ մասնակցում են ոչ միայն անհատապես, այլ նաև կոլեկտիվ, և այդ իրավունքը կոչված է նպաստելու տարբեր տիպի կազմակերպություններ ստեղծելուն, համատեղ ուժերով նպատակաուղղված գործողություններ կատարելուն: Որպես կանոն, մարդիկ միավորվում են որոշակի գաղափարների շուրջ և իրենց նպատակներն իրագործելու համար ստեղծում ինքնակառավարվող կազմակերպություններ[1]:
Միավորումներ կազմելու իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]
Միավորումներ կազմելու իրավունքը ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, որն ընդունվել է 1948 թվականին։ Հռչակակագրի 20-րդ հոդվածում նշված է
- Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ ժողովների ու միախմբությունների ազատության իրավունք
- Ոչ ոք չի կարող հարկադրվել որևէ միության մեջ մտնելու[2]:
Միավորումներ կազմելու իրավունքի ամրապնդման և տարածման համար տարբեր ժամանակներում մշակվել և ընդունվել են նաև այլ փաստաթղթեր։ Մասնավորապես կոնվենցիան Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին* փոփոխված 11-րդ արձանագրությամբ, որտեղ Առաջին բաժնի 11-րդ հոդվածում ասված
- Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք՝ ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը։
- Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության և պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ [3]։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ նույնպես տեղ են գտել միավորումներ կազմելու իրավունքի վերաբերյալ դրույթներ։ Մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի 25-րդ և 26-րդ հոդվածներում նշվում է հետևյալը.
- Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում՝ արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք:
- Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք:
- Այս իրավունքները կարող են սահմանափակվել զինված ուժերում և իրավապահ մարմիններում ծառայողների նկատմամբ:
- Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվել որևէ կուսակցության կամ միավորման:Քաղաքացիները ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունք[4]:
Քաղաքացիների միավորումներ կազմելու իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքացիներն իրավունք ունեն ինքնակամ ստեղծել հանրային կազմակերպություններ առանց պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվության: Հիմնադրված հանրային կազմակերպությունները պետք է սահմանված ձևով գրանցվեն և ձեռք բերեն իրավաբանական կարգավիճակի իրավունք: Այսպիսի միավորումները կարող են գործել նաև առանց պետական գրանցման, սակայն այդ դեպքում չեն ունենա իրավաբանական կարգավիճակ: Հանրային կազմակերպությունը ստեղծվում է քաղաքացիների ընդհանուր շահերը պաշտպանելու և ապագայի տեսլականին հասնելու համար և անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից` բոլորը հավասար են օրենքի առաջ[5]:
Հանրային կազմակերպությունների գործունեությունը հիմնված է կամավորության, հավասարության, ինքնակառավարման և օրինականության վրա: Նրանց գործունեությունը պետք է լինի թափանցիկ, իսկ անդամների և ծրագրերի մասին փաստաթղթերը` հանրային[5]:
Հանրային կազմակերպությունների անդամներն իրավունք ունեն ընտրելու և ընտրվելու կազմակերպության կառավարաման և վերահսկման մարմիններում, ինչպես նաև վերահսկել հասարակական կազմակերպության ղեկավարների գործունեությունը` կանոնադրության համաձայն: Նրանք ունեն իրավունքներ և պարտականություններ, որոնք սահմանված կարգով չկատարելու դեպքում կարող են հեռացվել Հանրային կազմակերպությունների կազմակերպության կազմից[5]:
Արգելվում է այն հանրային կազմակերպությունների հիմնադրումն ու գործունեությունը, որոնց նպատակը կամ գործունեությունը ուղղված է բռնությամբ սահմանադրական համակարգի փոփոխմանը, պետության անվտանգության խաթարմանը, զինված խմբավորումների ստեղծմանը, սոցիալական, ռասսայական, ազգային կամ կրոնական ատելության հրահրմանը[5]։
Հավաքների ազատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին հատվածում նշված երեք փաստաթղթերի մեջ ամրագրված է մարդու միավորումներ կազմելու իրավունքը, որի իրացման հիմնական միջոցներից է ազատ հավաքներ կազմակերպելը, հավաքներին մասնակցելը և այլն:
Խաղաղ հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որից կարող են օգտվել և որը կարող են կազմակերպել անհատներ, խմբեր, չգրանցված միավորումներ, իրավաբանական անձինք և այլ տեսակի կազմակերպություններ: Հավաքները կարող են ծառայել տարբեր նպատակների` այդ թվում ներկայացնել տարակարծությունը և արտահայտել փոքրամասնության կարծիքը: Խաղաղ հավաքների ազատությունը կարող է լինել կարևոր ազդակ մշակույթի պահպանման և զարգացման համար, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների պահպանման գործընթացում: Խաղաղ հավաքների ազատության պաշտպանությունը հանդիսանում է հույժ կարևոր գործոն հանդուրժող և բազմակարծիք հասարակություն ունենալու համար, որտեղ կարող են կազմավորվել խմբեր տարբեր պահանջմունքի, ավանդույթների կամ գործունեության տարբեր ձևերի[8[6]]:
Իրենց կարծիքն արտահայտելու, ինչպես նաև հասարակության համար կարևոր խնդիրների քննարկման համար խաղաղ և առանց զենքի հավաքների իրավունքը հանդիսանում է պետության ժողովրդավարության չափանիշներից մեկը[7]:
Պետք է նշել, որ ցանկացած հավաք պետք է ունենա խաղաղ բնույթ, էթնիկական, ռասսայական կամ կրոնական ատելություն հրահրելու կոչերն անընդունելի են, իսկ կազմակերպիչները պետք է ներդնեն մեծ ջանքեր, որպեսզի հավաքների անցկացման ժամանակ պահպանվի կարգուկանոն, այդ թվում նաև համագործակցեն պետական լիազոր մարմինների հետ[7]:
Ուղեցույցների և բացատրական մեկնաբանությունների մեջ <<խաղաղ հավաքների ազատություն>> տերմինից զատ հաճախ նախընտրությունը տրվում է << խաղաղ հավաքների իրավունք>> տերմինին: Դրանով ընդգծվում է, որ հավաքների իրավունքի հիմքում ընկած է ազատության ավելի հիմնավոր հասկացություն, որի էությունն այդ իրավունքի իրացումն է` առանց որևիցե միջամտության: Հավաքներին մասնակցությունը պետք է լինի բացառապես ինքնակամ:
Խաղաղ հավաքներ կարող են կազմակերպվել տարբեր նպատակներով, որոնցից են` տեսակետների արտահայտումը և ընդհանուր շահերի պաշտպանությունը, տոնակատարությունները, հիշատակի միջոցառումները, բողոքի ցույցերը և այլն: Խաղաղ հավաքների ազատությունը կարող է ունենալ ինչպես խորհրդանշական, այնպես էլ գործնական նշանակություն և կարող է հանդիսանալ կարևոր ազդակ մշակույթի պահպանման և զարգացման, ինչպես նաև փոքրամասնությունների ինքնության պահպանման գործընթացներում: Դրան ավելացնում են նաև այլ իրավունքներ և ազատություններ, ինչպիսիք են միավորումների ազատությունը, պետության տարածքում կապեր հաստատելու և պահպանելու իրավունքը, մտքի , խղճի, կրոնի և խոսքի ազատությունը: Հավաքների ազատությունը ունի հիմնարար նշանակություն անձի զարգացման, ինքնաիրացման և արժանապատվության համար, ինչպես նաև հասարակության առաջընթացի և բարգավաճման համար[8]:
Հավաքների ազատությունը նույնպես համարվում է ժողովրդավարության հիմքերից մեկը: Խաղաղ հավաքներին մասնակցելու խթանումը օգնում է ապահովել, որ հասարակության տարբեր անդամները կարողանան արտահայտել իրենց ընդհանուր կարծիքը: Խաղաղ հավաքների ազատությունը հանդիսանում է ժողովրդավարության ձևերից մեկը: Այն խթանում է համագործակցության զարգացմանը ինչպես քաղաքացիական հասարակության ներսում, այնպես էլ քաղաքացիական հասարակության , քաղաքական գործիչների և կառավարության միջև: Հավաքները հիմնականում ուղղված են լինում արտաքին աշխարհին, իսկ այն երկրներում, որտեղ ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակ է կամ խիստ վերահսկողության ներքո, հավաքների ազատությունը կենսական անհրաժեշտություն ունի նրանց համար, ովքեր փորձում են ուշադրություն հրավիրել ներքին խնդիրների վրա: Հավաքների հաղորդակցական ներուժը ընդգծում է, թե հավաքների ազատությունը ինչքան կարևոր է փոփոխությունների խթանման և դրանց իրականացման համար: Հատկապես, պետությունները պետք է ընդունեն, որ հավաքների ազատությունը ունի խոր և երկարատև դրական հետևանքներ: Քանզի, հավաքների ազատության պաշտպանության համար արված ֆինանսական ծախսերը կլինեն շատ ավելի քիչ, քան ռեպրեսիվ հավաքների ժամանակ առաջացած անկարգությունների հետևանքները վերացնելու ծախսերը[8]:
Ազատ հավաքներ կազմակերպելու հնարավորությունը բխում է ոչ միայն ժողովրդավարության շահերից, այլ նաև մեծ նշանակություն ունի հանդուրժող հասարակություն ունենալու համար, որտեղ կարող են գոյություն ունենալ խմբեր, որոնք ունեն տարբեր հետաքրքրություններ, ինչպես նաև հնարավոր լինի անհամատեղելի համոզմունքների, վարքի և սկզբունքների տարբեր դրսևորումներ[8]:
Կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազմակերպությունը ինստիտուցիոնալ բնույթի արհեստական միավորում է, որը հասարակության մեջ զբաղեցնում է որոշակի տեղ և ունի նպատակային գործառույթ: Այս իմաստով կազմակերպությունը հանդես է գալիս որպես կարգավիճակ ունեցող սոցիալական հաստատություն: Կազմակերպությունը հանրային կառույց է, որն ունի որոշակի նպատակ, գործունեության հստակ կառուցվածք և սահմանված կանոնակարգ: Կազմակերպությունը բնութագրվում է 4 հիմնական հատկանիշներով.
- Կազմակերպությունը հանրային կառույց է. բոլոր կազմակերպությունները կազմված են մարդկանցից կամ մարդկանց խմբերից: Կազմակերպության հիմնաքարը մարդիկ են և այն պարտականությունները, որոնք վերցնում են իրենց վրա: Հիմնական կազմակերպչական գործառույթներն իրականացնելու համար մարդիկ մտնում են որոշակի փոխհարաբերությունների մեջ:
- Գլխավոր նպատակին հասնելու համար կազմակերպություններն ունեն մշակված քայլեր, որոնք ցանկացած կազմակերպության գոյության իմաստն են: Կազմակերպությունը և նրա բոլոր անդամները փորձում են ունենալ հաջողություններ և դրանցով իրականացնել իրենց առաքելությունը: Անդամների առանձին նպատակները կարող են տարբերվել ընդհանուր նպատակից, իսկ կազմակերպությունը կարող է ունենալ մի քանի գլխավոր նպատակ, հանուն որի գոյություն ունի:
- Կազմակերպությունն ունի գործունեության հստակ կառուցվածք, որը ապահովում է նրա ընդհանուր կենսագործունեությունը: Կազմակերպության խնդիրները բաժանվում են տարբեր մասերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գործունեության շրջանակը: Գործունեության շրջանակի նեղացումը տալիս է բարձր արդյունավետություն: Նախագծումը թույլ է տալիս համակարգել և կառավարել տարբեր աշխատանքային կոլեկտիվների և խմբերի աշխատանքը:
- Կազմակերպությանը անդամակցելու համար կա հստակ սահմանված կարգ: Կազմակերպության անդամները պատասխանատու են աշխատանքի արդյունքների համար[9]:
Ընդհանուր առմամբ կազմակերպությունները բաժանվում են երկու մասի՝ կոմերցիոն և հանրային: Կոմերցիոն են համարվում այն կազմակերպությունները, որոնց գործունեության հիմնական նպատակը շահույթ ստանալն է: Կոմերցիոն կազմակերպությունները կարող են ստեղծվել հետևյալ ձևերով.
- Տնտեսական ընկերակցություններ և ընկերություններ
- Արտադրական կորպորատիվներ
- Պետական և համայնքային միավորված ձեռնարկություններ[10]:
Հանրային կազմակերպությունների նպատակը շահույթ ստանալը և դրա շրջանակն ընդլայնելը չէ: Հանրային կազմակերպությունները լինում են հետևյալ տեսակների՝ հասարակական, կրոնական կազմակերպություններ, բարեգործական հիմնադրամներ և այլն[10]:
Հանրային կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքական համակարգում կարևոր տեղ են զբաղեցնում հանրային կազմակերպությունները, որոնց հիմնական տեսակներից են հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները, երիտասարդական և մանկական միավորումները, հիմնադրամները, մասսայական շարժումները, մասնագիտական խորհուրդները, կրոնական կազմակերպությունները, սպորտային և այլ կամավորական միավորումները, ստեղծագործական խորհուրդները և այլն:
հասարակական կազմակերպությունը մարդկանց միավորում է, որի հիմնական նպատակը միավորված քաղաքացիների ընդհանուր գործունեությունն է՝ ուղղված ընդհանուր շահերի պաշտպանությանն ու նպատակին հասնելուն[11]:
հասարակական շարժումը բաղկացած է անդամներից, որոնք հանրային կազմակերպության անդամ չեն, և ունի սոցիալական, քաղաքական և այլ հանրօգուտ նպատակներ[11]:
հասարակական հիմնադրամների նպատակը կամավոր ներդրումների հիման վրա կամ այլ օրինական ճանապարհներով ֆոնդ ստեղծելն է՝ հանրային և սոցիալական խնդիրներ լուծելու համար[11]:
քաղաքական կուսակցությունները արտահայտում են իրենց անդամների քաղաքական կամքը, մասնակցում են կառավարման մարմինների ձևավորմանը և իրականացմանը՝ այդ մարմիններում ընտրված ներկայացուցիչների միջոցով: Կուսակցություններն իրավունք ունեն ներկայացուցչական մարմիններում առաջադրել թեկնածուներ, անցկացնել ընտրապայքարներ, ձևավորել խմբակցությունները[20[11]]:
կրոնական կազմակերպությունը ֆիզիկական անձանց կամավոր միավորում է, որը ստեղծվում է կրոնի տարածման համար՝ ստանալով իրավաբանական անձի կարգավիճակ, որի նպատակն է՝ կրոնի դավանումը և կրոնական ծեսերի պահպանումն ու կատարումը, կրոնի ուսուցումն ու կրոնական դաստիարակությունը: Կրոնական կազմակերպության կարևորագույն նպատակը կազմակերպության անդամների մեջ հստակ նպատակների, արժեքների և իդեալների ձևավորումն է[11]:
Արհմիություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արհեստակցական միությունները հասարակական միավորումներ են, որոնք փոխկապակցված են ընդհանուր արդյունաբերական, մասնագիտական շահերով։ Նրանց գործունեության հիմնական նպատակը միության անդամների սոցիալական և աշխատանքային իրավունքներն ու շահերը ներկայացնելն ու պաշտպանելն է: Որպես հանրային կազմակերպություն, արհմիությունները հիմնված են կամավոր անդամակցության վրա[12]:
Արհմիությունների հիմնական խնդիրը աշխատողների շահերի և իրավունքների պաշտպանումն է աշխատանքում: Այս նպատակով էլ արհմիություններ ստեղծվել են և նրանցում ընդգրկվել և ընդգրկվում թն աշխատողներ, թոշակառուներ, հիմնական, միջին և մասնագիտական կրթություն ստացողներ և այլ խմբերի ներկայացուցիչներ[12]:
Մարդու արհեստակցական միություններին անդամակցելու իրավունքը ամրագրված է օրենքով, որն ներառված է միավորումներ կազմելու իրավունքի մեջ: Արհմիությունների իրավաբանական բարձր կարգավիճակը փաստում է հասարակության համար դրա դերի և նշանակության կարևորության մասին: Արհմիությունները կարգավորում են սոցիալական տարբեր նորմեր՝ բարոյականություն, էթիկա, ավանդույթներ, օրենքներ և այլն[12]:
Արհմիությունները քաղաքացիական հասարակության կարևոր տարրերից են, որոնք ներկայումս գտնվում են զարգացման փուլում: Առանց քաղաքացիական հասարակության և արհմիությունների հնարավոր չէ ունենալ իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն[12]:
Իրականացնելով իր գործառույթը, արհմիությունը առաջնորդվում է իր հիմնական սկզբունքով՝ անկախ գործող իշխանություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, քաղաքական կուսակցություններից և այլ հասարակական միավորումներից: Բացի այդ, արգելվում է վերոնշյալ կառույցներիի միջամտությունը արհմիությունների գործունեության, ինչը կսահմանափակի նրանց իրավունքները կամ կխոչընդոտի գործունեությանը:
Արհմիությունների հարաբերությունները պետության և գործատուների հետ բնութագրվում է հետևյալ հատկանիշներով՝ անկախություն, անթափանցիկություն, անվերասկելիություն: Անթափանցիկությունը ենթադրոում է, որ արհմիությունը պարտավոր չէ իր գործունեության մասին ներկայացնել հաշվետվություն: Սակայն, որպես իրավաբանական կազմակերպություն արհմիությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն եկամուտների մասին: Ինչ վերաբերում է անկախությանն ու անվերահսկելիությանը, ապա սրանք հնարավորություն են տալիս առանց խոչընդոտների գործունեություն ծավալել:
Արհմիությունների հիմնական իրավունքները ներառում են՝ աշխատողների սոցիալական և աշխատանքային իրավունքների ու ընդհանուր շահերի պաշտպանությունը, զբաղվածության ապահովման իրավունքը, բանակցություններ վարելու և պայմանագրել կնքելու իրավունքը, կոլեկտիվ վեճերի լուծմանը մասնակցելու իրավունք և այլ իրավունքներ[12]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Որո՞նք են քաղաքացիների քաղաքական իրավունքներն ու ազատությունները»։ Վերցված է 25.07.2020
- ↑ [Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=1896, 18.07.2020, 14:30 «DocumentView»]։ www.arlis.am։ Վերցված է 2020-07-24
- ↑ [ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ * ՓՈՓՈԽՎԱԾ 11-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ, https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=20870 18.07.2020, 15:00 «DocumentView»]։ www.arlis.am։ Վերցված է 2020-07-24
- ↑ «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն»։ http://www.irtek.am։ Վերցված է 2020-07-24
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 , «ОБЩЕСТВЕННЫЕ ОРГАНИЗАЦИИ (ОБЪЕДИНЕНИЯ) И ИХ РОЛЬ В СТАНОВЛЕНИИ гражданского общества, Чулюкова С. А,»։ Վերցված է 19.07.2020 19:30
- ↑ «Pуководящие принципы по свободе мирных собраний»։ Վերցված է 14.07.2020, 15:38
- ↑ 7,0 7,1 «СВОБОДА МИРНЫХ СОБРАНИЙ ,»։ Վերցված է 13.07.2020, 16:40
- ↑ 8,0 8,1 8,2 [ http://almenda.org/wp-content/uploads/2016/05/Руковод.принципы_Мирные-собрания.pdf, «Pуководящие принципы по свободе мирных собраний»]։ Վերցված է 13.07.2020, 20:05
- ↑ «Организация в теории организации и социологии»։ Վերցված է 15.07.2020, 12:00
- ↑ 10,0 10,1 «ТЕОРИЯ ОРГАНИЗАЦИИ И ОРГАНИЗАЦИОННОЕ ПОВЕДЕНИЕ»։ Վերցված է 14.07.2020, 18:00
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Экономика религиозных исламских организаций»։ Վերցված է 19.07.2020, 15:00
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 «Пути повышения роли профессиональных союзов в современной России»։ Վերցված է 17.07.2020, 16:00