Մեսիս վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեսիս
Մեսիս վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանքային համալիր
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՄարտակերտի շրջան
ՀասցեՀաթերք գյուղի մոտ
ԴավանանքՀայ առաքելական
ԹեմԱրցախի թեմ

Մեսիս վանք, վանք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից 8 կմ հյուսիս-արևելք, Թրղի գետի աջ կողմով ձգվող անտառապատ լեռնաշղթայի բարձրադիր մասում։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի մասին ստույգ տեղեկություններ չկան։ Վանքի պատերին և տարածքում կան մի շարք արձանագրություններ, սակայն, դրանց թերի պահպանված լինելու պատճառով ՝ տեղեկատվությունն ամբողջական չէ։ Հստակ չի ստուգաբանվում նաև վանքի անվանումը։ Մակար Բարխուդարյանցը հիշատակում է վանքը Մասիս կամ Մսիս անվամբ, ինչը ժողովրդական անվանումն է։ Հաթերքցիներն այն կոչում են Մեսիս[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանախումբը կազմված է եկեղեցուց, գավթից, երկհարկ մատուռից, ինչպես նաև պարսպապատերից, որոնց կից պահպանվել են սենյակների ավերակներ։ Համալիրի պատերի մեջ տեսանելի են որպես շինաքար օգտագործված վաղ խաչքարեր և խաչաքանդակ սալեր. երևույթ, որ հատկապես տարածված էր 13-րդ դարում։

Եկեղեցին միանավ թաղածածկ շինություն է, ունի երկու մուտք՝ արևմուտքից, որ բացվում է գավթի մեջ և հյուսիսից, որ բացվում է դեպի մատուռը։ Եկեղեցու խորանը կտրվածքում թեթևակի կորություն ունի, ավանդատներ չունի։ Միակ լուսամուտը արևելյան ճակատին է։ Եկեղեցին ամբողջությամբ կառուցված է անտաշ ու կոպտատաշ քարերով, կրաշաղախով։ Համալիրի կառուցման ամենահավանական ժամանակը 12-13-րդ դարերն են։

Ներսից եղել է ծեփված՝ հետքերը երևում են ավագ խորանի հատվածում։ Արևմտյան մուտքի բարավորը կազմել են սրբատաշ մի քանի քարերով, որոնց վրա փորագրված է եղել չորս տողանոց շինարարական արձանագրությունը։ Պահպանված հատվածներից կարելի է միայն դատել, որ այն վերաբերում է եկեղեցու կառուցմանը։

Հաջորդ կառույցը երկհարկ մատուռն է, որը  հետագայում կցվել է եկեղեցուն հյուսիսից, թերևս գավթի հետ միաժամանակ։ Կառուցված է շինարարական նույն տեխնիկայով և ոճով, ինչ եկեղեցին։   Առաջին հարկը հատակագծում ուղղանկյուն է և ունի արևմուտք-արևելք ձգվածություն։  Վերջինիս մուտքը, որին իբրև բարավոր է ծառայում 12-13-րդ դարերին բնորոշ զարդաձևերով անարձանագիր մի խաչքար,  արևմուտքից է՝ միանավ եկեղեցու մուտքի կողքին։ Մատուռի երկրորդ հարկը խիստ ավերված է։ Եկեղեցական կառույցներին կից նոր մատուռներ հիմնելը լայնորեն տարածված էր հատկապես 13-րդ դարի երկրորդ կեսին։

Եկեղեցուն արևմուտքից հարել է քառակուսի հատակագիծ ունեցող գավիթը: Այն կառուցված է նույն կերպ, ինչ եկեղեցին և մատուռ-դամբարանը։ Ներկայումս գավիթը ծածկ չունի։ Այն ունի երկու մուտք. առաջինը և գլխավորը հարավային ճակատի արևմտյան անկյան մոտ է, իսկ երկրորդը՝ հյուսիսային ճակատի արևելյան անկյան մոտ։ Գլխավոր մուտքի անկյունաքարերից մեկի վրա կա 12-13-րդ դարերին բնորոշ գրչությամբ հինգ տողանոց ընդարձակ արձանագրություն․ ‹‹Ես Աբուհսրամ միաբանեցա/ ս[ուր]բ ուխտիս եւ միաբանքս խոստ/ացան ի տարումն :Ա: աւր պատար/ագ իմ եղբաւրն Հազարոյ. անխ/ափան կատարեն››։ Մեսիս վանքում էր գտնվում և Վերին Խաչենի իշխան Գրիգոր Ա Ծարեցու (իշխել է մոտ 1224-1260 թվականներին) մի կարևոր արձանագրություն, որից պահպանվել էր․ «Ես Գրիգոր՝ որդի Դոփին և Հասանայ, որ տ[է]ր էի Չարաբերդոյ, Ականաբերդոյ, Ճխընկանից։ ։Յ։ (30) ամի Չարաբերդ տաճկին էր։ Ես զաւրութեամբ Ա[ստուծո]յ պահեցի զԱկանա…»։

Գավթի հարավային կողմում՝ մի քանի մետր հեռու, պահպանվել է նաև երկու մասի բաժանված մի հսկա խաչքար հետևյալ արձանագրությամբ. ‹‹ՈԾԴ (1205) ես Գորգ կան(գ)նեցի խաչս եղբաւր իմոյ Իշխանիկի››:  Սա վանքի ամենահին թվակիր արձանագրությունն է։ Հաջորդ երկու խաչքարերը 1247 թվականի են. ‹‹Թ[վին] ։ՈՂԶ։ (1247) ես Խա… (յիշե)ցէք›› և ‹‹Թի(ւ) ։ՈՂԶ։ (1247) ես Զաիր…››։ Գավթի պատերի մեջ նույնպես ագուցված են մի շարք խաչքարեր։

Վիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել, այն կիսաքանդ էր արդեն 19-րդ դարում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեսիս վանքը». Monument Watch. Վերցված է 2023 թ․ մարտի 26-ին.