Մենաշնորհային գին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մենաշնորհային գին, ապրանքի շուկայական գնի առանձնահատուկ տեսակ, որ սահմանում են մոնոպոլիաներն ապրանքի արժեքից կամ արտադրության գնից բարձր կամ ցածր և ստանում մենաշնորհային շահույթ։ Մինչմոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում մենաշնորհային գին սահմանվում էր սահմանափակ քանակով արտադրվող գյուղատնտեսական և արդյունաբերական որոշ ապրանքների համար՝ բնական կամ արհեստական (պատահական) մենաշնորհի ազդեցությամբ։ Այն գերիշխող դարձավ իմպերիալիզմի փուլում, երբ տիրապետություն հաստատեցին մոնոպոլիաները։ Դրանք մենաշնորհային բարձր (և՛ արտադրության գնից, և՛ արժեքից) գներ են սահմանում սեփական ձեռնարկությունների արտադրանքի և մենաշնորհային ցածր (հասարակական արժեքից) գներ՝ իրենց երկրների մանր ու միջակ արտադրողներից, ինչպես նաև զարգացող պետություններից գնվող ապրանքների համար։ Մենաշնորհային ցածր գին է նաև աշխատուժի գինը, քանի որ կապիտալիստները սովորաբար ձգտում են աշխատավարձն իջեցնել աշխատուժի արժեքից։ Մոնոպոլացված ձեռնարկությունների արտադրանքի մենաշնորհային գինն արտադրության ծախքերի, միջին շահույթի և մենաշնորհային շահույթի գումարն է։ Արտադրության գնից դրա շեղման չափը կախված է մոնոպոլիաների կայունությունից ու հզորությունից։ Մենաշնորհային դիրք ունենալով այս կամ այն արդյունքի արտադրության և վաճառահանման ոլորտում, խոշոր մոնոպոլիաները հնարավորություն են ստանում համաձայնության գալ և սահմանել մենաշնորհային բարձր գներ։ Մենաշնորհային գնի բարձր մակարդակի վրա ազդում են նույն և տարբեր ճյուղերի մոնոպոլիաների, չմոնոպոլացված ֆիրմաների, արտասահմանյան կապիտալի մրցապայքարը, առաջարկի գերազանցումը պահանջարկին։ Միջմոնոպոլիստական մրցապայքարը դնում է մենաշնորհային գների որոշակի սահմաններ, բայց չի վերացնում մենաշնորհային շահույթը և մենաշնորհային գինը, այլ գլխավորապես ազդում է մոնոպոլիաների միջև մենաշնորհային շահույթի բաշխման վրա։ Կողմնակի ֆիրմաների դեմ մղվող մրցապայքարում մոնոպոլիաները մանևրում են գներով, նրանց զրկում հումքի աղբյուրներից, տրանսպորտից, վարկից, պատվերներից և այլն։ Արտասահմանյան մրցակիցների դեմ օգտագործում են ապրանքների ներմուծումն արգելակող տարբեր միջոցներ։ Պահանջարկը մեծացնելու նպատակով մոնոպոլիաները սահմանափակում են ապրանքների արտադրությունը և առաջարկը, արգելակում տեխնիկական առաջընթացը, ապրանքներն արտահանում ցածր գներով և այլն։ Գնագոյացման նոր կարևոր գործոն է հօգուտ մոնոպոլիաների պետության տնտեսական քաղաքականությունը։ Քանի որ մոնոպոլիաները որոշակի չափով թելադրում են գները, ուստի շուկայում գների ազատ խաղ չկա։ Մենաշնորհային գնի շարժման հիմքը նույնպես ապրանքային արժեքների շարժումն է։ Հետևաբար, արժեքի օրենքը գործում է, բայց վերափոխված ձևով։ Տեղի է ունենում ամբողջական հավելյալ արժեքի վերաբաշխում հօգուտ մոնոպոլիաների, նրանց հարստացում ի հաշիվ չմոնոպոլացված արտադրողների, աշխատավոր զանգվածների, ինչպես նաև զարգացող երկրների։ Այսպիսով, մենաշնորհային գները սրում են կապիտալիզմի տնտեսական, սոցիալական հակասությունները, և ընդհանուր պայքար է սկսվում մոնոպոլիստական կապիտալիզմի դեմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 456 CC-BY-SA-icon-80x15.png