Մենաշնորհային շահույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մենաշնորհային շահույթ, մենաշնորհային պայմաններում յուրացվող եկամտի ձև։ Մենաշնորհային շահույթի իրացման ձևը մենաշնորհային գինն է։ Հիմնական աղբյուրը հավելյալ արժեքն է։ Տարբերվում է բնական և արհեստական մենաշնորհային շահույթ։ Բնականն առաջանում է կապիտալի կողմից արտադրողական ուժերի հազվագյուտ և ազատ չվերարտադրվող տարրերի (օրինակ, լավորակ, հազվագյուտ օգտակար հանածոներով հարուստ հողերի) յուրացման և տնտեսական օգտագործման շնորհիվ։ Որոշ արդյունքների արտադրության բնական հնարավորությունների սահմանափակվածությունն առաջացնում է կայուն մենաշնորհային գին, որը միջինից բարձր շահույթ է պարունակում։ Արհեստական մենաշնորհային շահույթն առաջանում է այս կամ այն արդյունքի արտադրության և վաճառահանման շուկայի մոնոպոլացման շնորհիվ։ Կապիտալիզմի առաջընթացի պրոցեսում այն ավելի զարգացած ձևեր է ընդունում, պատահական, կայուն (ծավալուն), ապա՝ համընդհանուր։ Պատահական մենաշնորհային շահույթը, որ գերազանցում է շահույթի միջին մակարդակը և ունի ժամանակավոր բնույթ, գոյանում է պահանջարկի ու առաջարկի պատահական բարենպաստ հարաբերակցության, ինչպես նաև արտադրանքի որոշ տեսակների, տվյալ ճյուղի լավագույն տեխնիկայի, տեխնոլոգիայի կամ աշխատուժի նկատմամբ պատահական առաջացած մենաշնորհի հետևանքով։ Մենաշնորհային շահույթը կայուն (ծավալուն) ձև է ընդունում 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին, երբ կապիտալի և արտադրության համակենտրոնացման հիման վրա կայունանում է մենաշնորհը ապրանքների որոշ տեսակների արտադրության և իրացման, առանձին ճյուղերում լավագույն տեխնիկայի, տեխնոլոգիայի և աշխատուժի նկատմամբ։ Խոշոր մոնոպոլիաները, կենտրոնացնելով այս կամ այն արդյունքի արտադրության և վաճառքի զգալի բաժինը, դրանց համար սահմանում են մենաշնորհային գին և ստանում մենաշնորհային բարձր շահույթ։ Մենաշնորհային շահույթն ընդգրկում է լրացուցիչ կամ ավելցուկային և մենաշնորհային բարձր շահույթ։

Հիմնական սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական միջավայրում ձեռնարկությունն համարվում է մենաշնորհային այն դեպքում, երբ չկա կենսունակ մրցակցություն, ինչի շնորհիվ ձեռնարկությունն հնարավորություն է ստանում տվյալ արդյունաբերության ապրանքատեսակի կամ ծառայության միակ արտադրողի դերում հանդես գալ։ Սովորական մրցակցային իրադրությունում ձեռնարկության ապրանքատեսակի գինն համարժեք է նույն ապրանքատեսակի արտադրության սահմանային ծախսին։ Քանի որ մենաշնորհային ձեռնարկությունը կանգնած չէ սպառողներին կորցնելու վտանգի առաջ, այն կարող է ապրանքի գինը սահմանել ավելի բարձր, քան դրա արտադրության սահմանային (տնտեսական) ծախսը։ Այս պատճառով մենաշնորհային իրադրությունում ձեռնարկությունը սովորաբար հնարավորություն է ստանում սահմանելու մենաշնորհային գին, որն ավելի բարձր է մրցակցային իրադրությունում սահմանվող գնից, և ստանալ տնտեսական շահույթ, որն էլ իր հերթին է ավելի բարձր սովորաբար կատարյալ մրցակցային արդյունաբերությունում առաջացող շահույթից։

Մենաշնորհային պայմաններում մենաշնորհային ձեռնարկության կողմից յուրացված տնտեսական շահույթը կոչվում է մենաշնորհային շահույթ։ Մենաշնորհի առկայությունը, և հետևապես մենաշնորհային գնի և շահույթի առկայությունները կախված են մուտքի խոչընդոտների առկայություններից։ Վերջիններս խոչընդուտում են այլ ձեռնարկություններին տվյալ արդյունաբերություն մտնելուց և շահույթները վերաբաշխելուց։

Ըստ դասական և նեոդասական տնտեսագիտական պատկերացումների՝ կատարյալ մրցակցային շուկայում տնտեսվարող սուբյեկտներն ազդեցություն չեն ունենում գնի վրա, քանի որ սպառողը լայն ընտրության հնարավորություն ունի և կարող է տվյալ ապրանքնատեսակը ձեռք բերելու համար մի արտադրողից անցնել մյուսին[1][2][2][3]։ Մի ընկերության կողմից պատրաստած սարքավորումը հանդիսանում է մեկ այլ ընկերության կողմից արտադրված սարքավորման «կատարյալ փոխարինիչ», ինչի պատճառով ընկերությունների պահանջարկի կորը հորիզոնական է և գտնվում է հավասարակշռության գնի վրա։ Իրապես, եթե ընկերություններից մեկը փորձի սեփական արտադրության սարքավորումը հավասարակշռության գնից բարձր վաճառել, ապա սպառողները պարզապես անցում կկատարեն այլ ընկերությանների կողմի սարքավորումների ձեռքբերմանը, ինչի պատճառով սկզբնապես նշված սուբյեկտը կարող է դուրս մնալ շուկայից[1]։ Հաճախ է նշվում, որ այնպիսի իրավիճակներ, որտեղ հանդես են գալիս համեմատելի ապրանքատեսակներ («կատարյալ փոխարինիչներ») գրեթե չկան, բացառությամբ հումքային շուկաների։ Նման հայեցակետները կենտրոնանում են այն գաղափարի շուրջ, որ «կատարյալ մրցակցության» տեսությունն ավելի շուտ իդեալականացված մոդել է, քան նատուրալիստական նկարագրում։ Այնուամենայնիվ, շատ դեպքերում որոշ «համանման» ապրանքատեսակներ (ինչպիսիք են կարագն ու մարգարինը) հեշտությամբ փոխարինելի են և հանդես են գալիս որպես մոտ փոխարինիչներ, իսկ որոշ ընկերություններ, որոնք արտադրում են տարբեր, սակայն համանման ապրանքներ, կարող են բարձր տնտեսական շահույթից օգտվելով արտադրել գերակա ապրանքնատեսակի առավել ցածրատեսակ տարբերակը։ Սա արդեն կլինի այն իրավիճակը, երբ ընկերության կողմից մեկ այլ, սակայն համանման ապրանքի արտադրության գործանթացի փոխումը համեմատաբար կարող է «աննյութական» թվալ՝ տվյալ ընկերության ընդհանուր շահույթի և ծախքերի համեմատ։ Հետևապես, քանի որ սպառողները հակում կունենան փոխարինելու այն ապրանքները, որոնց գինը առավել էժանագին ապրանքների, այսինքն՝ «մոտ փոխարինիչների» կտրվածքով համեմատաբար բարձր է, իսկ համանման ապրանքի արտադրական գործընթաց ունեցող ընկերությունները՝ անցում կատարել այլ՝ խիստ բարձր գին ունեցող ապրանքների արտադրությանը, կատարյալ մրցակցության մոդելը կրկին ճշգրտորեն բացատրություն է տալիս այն մասին, որ «համանման ապրանքներ» պատրաստող տարբեր ընկերությունների առկայությունը ձևավորում է մրցակցային ուժ, որը մերժում է առանձին ընկերություններին իրենց արտադրանքը մոնոպոլիզացնելու փորձում (առանձնահատուկ է այնպիսի բարձր շահույթներ և արտադրական ծախքեր ունեցող արդյունաբերություններին, ինչպիսին է ավտոմեքենաների արդյունաբերությունը մի շարք այլ արդյունաբերություններ, որոնք մրցակցային դաշտ են մտնում ներկրման պատճառով)։

Ի հակադրություն, շուկայում մրցակցության բացակայությունը ստեղծում է դեպի վար ուղղված պահանջարկի կոր մոնոպոլիստի (կամ օլիգոպոլիստի) համար. չնայած տվյալ տնտեսվարող սուբյեկտը գները բարձրացնելով շուկայում որոշակի մասնաբաժին կկորցնի, սակայն բազմաթիվ դեպքերում առավել բարձր գնով վաճառքը կարող է եկամտաբեր լինել։ Չնայած մենաշնհորհատերերը կաշկանդվում են սպառողական պահանջարկից, նրանք գին ընդունող չեն համարվում։ Մենաշնորհատերը կարող է կամ ունենալ արտադրության թիրախային մակարդակ, որը կապահովի մենաշնորհային գինը արդյունաբերությունում տվյալ սպառողական պահանջարկի առկայության ժամանակ, կամ էլ կարող է սկզբնապես սահմանել մենաշնորհային գին և կարգավորել արտադրողականությունը՝ համոզվելով, որ արտադրության մակարդակի պատճառով պաշարների ավելցուկ չի ստեղծվել։ Էականորեն նրանք կարող են սահմանել սեփական գինը և ընդունել շուկայով որոշվող արտադրության մակարդակ, կամ կարող են անձամբ սահմանել արտադրության ծավալը և ունդենել շուկայով որոշվող գին։ Գինն ու արտադրությունը համատեղ որոշվում են սպառողի և ընկերության արտադրական կառուցվածքի կողմից։

Գների սահմանման մենաշնորհային ուժով ընկերությունը, որպես կանոն, գինը կսահմանի շահույթի՝ առավելագույն հասցման մակարդակով։ Ընկերություններ ամենաշահավետ գնամակարդակը (ինչը և կդառնա մենաշնորհային գին) այն է, երբ արտադրական օպտիմալ մակարդակը (որի ժամանակ սահմանային ծախսը [MC] հավասարվում է սահմանային եկամտին [MR]) հատվում է պահանջարկի կորի հետ։ Մենաշնորհատերի համար սովորական շուկայական պայմաններում այս գինն ավելի բարձր կլինի, քան ապրանքի արտադրման սահմանային (տնտեսական) ծախսը՝ այդ կերպով մատանշելով, որ սպառողի կողմից վճարված գինը, որն հավասար է սպառողի սահմանային եկամտին, գտնվում է ընկերության սահմանային ծախսից վերև։ Ստորև բերված գրաֆիկում գունավորված տարածքը ցույց է տալիս մոնոպոլիստի (մենաշնորհատեր) շահույթները՝ մենաշնորհի՝ MR = MC իրավիճակի համար։ Ստորին հատվածը ցույց է տալիս մրցակցային շուկայում հանդես եկող սովորական շահույթները (անտեսելով արտադրական ծախսերը)։ Վերին հատվածը ցույց է տալիս մոնոպոլիստի հավելյալ շահույթները։

Տևողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայում մուտքի խոչընդոտների բացակայությունը և ընդհանուր միաբանությունը, մենաշնորհի, և հետևաբար մենաշնորհային շահույթի գոյությունը երակաժամկետ կտրվածքում չի կարող գոյատևել (անհրաժեշտ է նշել, որ խոչընդոտները կարող են առաջանալ մասշտաբի էֆեկտով՝ առավել խոշոր ընկերությունը կարող է ավելի քիչ ծախսերով արտադրել։ Եթե ընկերությունն ամենաարդյունավետ չափով է մատակարարում շուկան, ապա իրավիճակը կոչվում է «բանական մենաշնորհ», որի ժամանակ այլ ընկերություններ «չեն շտապում» շուկա մուտք գործել)։ Սովորաբար երբ որևէ արդյունաբերությունում առկա է տնտեսական շահույթ, տնտեսական գործակալները ձեռնամուխ են լինում տվյալ ոլորտում նոր ֆիրմաներ ստեղծելու՝ փորձելով ձեռք գցել գոյություն ունեցող տնտեսական շահույթի որևէ չափաբաժնի։ Քանի որ նոր ձեռնարկություններ են մուտք գործում տվյալ արդյունաբերություն, դրանք շատացնում են սեփական արտադրատեսակի հասանելիությունը շուկայում ու ստիպված լինում նոր սպառողների հրապուրելու համար ցածր գին սահմանել (մրցակցում են սպառողների ներգրավման համար)։ Քանի որ սպառողները նախապատվություն են տալիս ցածր գներին (փնտրելով սակարկում), ավելի հին ձեռնարկությունները ստիպված կլինեն իջեցնելու իրենց արտադրատեսակների գները՝ որպեսզի կարողանան մրցել շուկան ներթափանցած և նոր գնամակարդակ սահմանած ձեռնարկությունների հետ։ Արդյունաբերությունը կշարունակեն համալրել նոր ձեռնարկություններ այնքան ժամանակ, մինչև արտադրատեսակի գինը կնվազի ու կհասնի մինչև դրա արտադրության միջին տնտեսական ծախքը, ինչից հետո այլև տնտեսական շահույթ չի կարող տեղի ունենալ։ Այս իրավիճակում արդյունաբերությունից դուրս գտնվող տնտեսական գործակալները մուտք գործելու առավելություն չեն կարողանում գտնել, ապրանքի առաջարկը դադարում է աճ արձանագրելուց, իսկ գինը ստաբիլիզացվում է։ Մրցակցային իրադրությունն էապես հանգեցնում է հավասարակշռային լուծման։

Սովորաբար շուկայում նոր արտադրատեսակ ներկայացնող ընկերությունը սկզբնապես կարող է կարճ ժամանակով հանդես գալ որպես մենաշնորհային։ Այս փուլում, արտադրատեսակի համար վճարվելիք գինը բարձր է, իսկ պահանջարկը, ինչպես նաև ապրանքի հասանելությունը շուկայում՝ սահմանափակ։ Այնուամենայնիվ, Երկարաժամկետ կտրվածքում, երբ ապրանքի շահութաբերությունն արդեն հաստատված է, նույն ապրանքն արտադրող ձեռնարկությունների քանակը կավելանա այնքան ժամանակ, մինչև դրա առաջարկը համեմատաբար մեծանա, իսկ գինը նվազի մինչև դրա արտադրման միջին «տնտեսական ծախսը»։ Ի վերջո, այս իրադրության տեղի ունենալու դեպքում, ապրանքատեսակի արտադրության և վաճառքի հետ կապված ողջ մենաշնորհային միջավայրն անհետանում է և հաստատվում է կատարյալ մրցակցային արդյունաբերություն։

Երբ սպառողներն ամբողջապես իրազեկված են տարբեր ընկերությունների կողմից վաճառվող ապրանքների շուկայական գնի և որակի մասին, մուտքի խոչընդոտների բացակայության և ընդհանուր միաբանության դեպքում երկարակյաց մենաշնորհային իրավիճակ չի կարող գոյություն ունենալ։ Մուտքի խոչընդոտների տարատեսակ են արտոնագրային իրավունքները և ապրանքի արտադրության համար անհրաժեշտ բնական ռեսուրսների մոնոպոլիզացիան։ Ամերիկյան «Alcoa Aluminum» ձեռնարկությունն հանդիսանում է բնական ռեսուրսների տնօրինմամբ մենաշնորհի պատմական օրինակ։ Ընկերությունը տնօրինել է Միացյալ Նահանգների բոլոր բոքսիտային աղբյուրները (բոքսիտն օգտագործվում է ալյումինի արտադրության համար), ինչի շնորհիվ էլ երկար ժամանակ հանդիսացել է Միացյալ Նահանգներում ալյումինի միակ արտադրողը։

Պետության միջամտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցիկ ընկերությունների կողմից արհեստական մուտքի խոչընդոտների ստեղծումը կանխելու համար ձևավորվել են հակամենաշնորհային (մրցակցային) օրենքներ։ Միացյալ Նահանգներում «Microsoft» կորպորացիան սկզբնապես մեղադրվում էր հակամենաշնորհային օրենքները խախտելու և ոչ-մրցակցային վերաբերմունք ցուցաբերելու մեջ, ինչի պատճառոմ ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի կողմից ընդունվում է «Միացյալ Նահանգներն ընդդեմ Մայքրոսոֆթի» անվանումը կրող օրինագիծը։ Եթե արդյունաբերությունում հանդես եկող ձեռնարկությունները համաձայնության են գալիս սահմանափակելու արտադրություն, այդ կերպ սահմանափակելով առաջարկը, ապա այդ կերպ ապահովվում է շուկայում ապրանքի բարձր գինը և բոլոր ձեռնարկությունների որոշակի տնտեսական շահույթը։ Ստորև բերված գրաֆիկում պատկերված է արդյունաբերություն, որում սկզբնապես հանդես է գալիս մեկ ձեռնարկություն, որն այդ հատվածում գրավում է մոնոպոլ դիրք ու հետևաբար յուրացնում մենաշնորհային շահույթ։ Ավելի ուշ երկրորդ ընկերությունն է մուտք գործում նույն արդյունաբերություն՝ սպառողներ ձեռք բերելու նպատակով նվազեցնելով ապրանքի գինը։ Քանի որ առաջին մոնոպոլ ձեռնարկությունը սպառողների է կորցնում, այն շահութաբերությունը պահպանելու համար նույնպես նվազեցնում է իր ապրանքի գինը։ Մրցակցելով վաճառքի ծավալների մրցասպարեզում, ընկերությունները շարունակում են նվազեցնել իրենց արտադրանքների գները, ինչն ավելացնում է սպառողների պահանջարկը տվյալ ապրանքի հանդեպ, և այդ կերպ խթանելով ձեռնարկություններին ավելացնելու արտադրությունը, որն էլ իր հերթին ավելացնում է արդյունաբերության ընդհանուր արտադրությունը և վաճառքը։ Վերջապես, գինը և արտադրությունն արդյունաբերությունում ստաբիլիզացվում է դեպի «մրցակցային հավասարկաշռության», սպառողների կողմից վճարվող գինը բավարար է արտադրության միջին տնտեսական ծախքերն հատուցելու համար, իսկ ապրանքի հասանելի քանակությունը կրկնապատկվում է սկզնբական վաճառքի (մենաշնորհային պայմաններում)։

Եթե պետությունը զգում է, որ անհրաժեշտություն չկա մրցակցային շուկա ունենալուն, այն երբեմն փորձում է կարգավորել մենաշնորհը՝ տիրելով մենաշնորհային գնագոյացմանը։ Չնայած կարգավորվող մենաշնորհային պայմաններում ձեռնարկությունը չի կարող յուրացնել այնքան մենաշնորհային շահույթ, որքան կյուրացներ չկարգավորվող պայմաններում, այնուամենայնիվ դրա շահույթը բարձր կլինի մրցակցային շուկայում հանդես եկող ձեռնարկության շահույթից։ Պետությունն ուսումնասիրում է արտադրության մեծացմանը վերաբերող սահմանային ծախսերը և թույլ է տալիս կարգավորվող մենաշնորհին արտադրանքի համար սահմանելու սահմանային ծախսից ոչ բարձր գնամակարֆակ։ Չնայած մենաշնորհի շահույթն ավելի ցածր է, քան չկարգավորվող իրադրությունում, այնուամենայնիվ այն կարող է հանդես գալ որպես դրական տնտեսական շահույթ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bradley R. Chiller, "Essentials of Economics", New York: McGraw-Hill, Inc., 1991.
  2. 2,0 2,1 Tirole, Jean, "The Theory of Industrial Organization", Cambridge, Massachusetts: The MIT Press, 1988.
  3. Edwin Mansfield, "Micro-Economics Theory and Applications, 3rd Edition", New York and London:W.W. Norton and Company, 1979.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 457