Մեծ մարդու տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծ մարդու տեսություն կամ հերոսի և ամբոխի տեսություն, հասկացություն, որը ենթադրում է, որ պատմության զարգացումը որոշվում է առանձին «մեծ մարդկանց» մտքով և կամքով։

Աջակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնը՝ որպես «մեծ մարդու» օրինակ

19-րդ դարում այդ տեսության ամենամեծ ջատագովներից մեկը եղել է Թոմաս Քարլայլը՝ 1841 թվականին հրատարակված «Հերոսներ, հերոսապաշտություն և հերոսականը պատմության մեջ» գրքի հեղինակը։ Նա գրել է. «...Համաշխարհային պատմությունը, պատմությունը այն բանի, թե ինչ է արել մարդն այս աշխարհում, իմ ընկալմամբ, ըստ էության, մեծ մարդկանց պատմությունն է, որոնք աշխատել են այստեղ՝ Երկրի վրա․․․ Այս աշխարհում արված ամեն ինչ ներկայացնում է, ըստ էության, արտաքին նյութական արդյունքը, այս աշխարհ ուղարկված մեծերին պատկանող մտքերի գործնական իրականացումը և մարմնավորումը։ Այս վերջինների պատմությունն իսկապես կազմում է ողջ համաշխարհային պատմության հոգին»։

Գաբրիել Տարդը գրել է, որ քաղաքակրթության բոլոր նվաճումները նշանավոր անհատների գործունեության արդյունք են, քանի որ հասարակական կյանքի հիմնական օրենքը հետևորդների՝ հերոսին նմանակելն է։

Ֆրիդրիխ Նիցշեն 1874 թվականին հրատարակված իր «Կյանքի համար պատմության օգուտների և վնասների մասին» աշխատության մեջ գրել է. «Զանգվածներն ինձ ուշադրության արժանի են թվում միայն երեք առումով․ առաջին հերթին՝ որպես մեծ մարդկանց վատ պատճեններ, այնուհետև՝ որպես հակազդեցություն մեծ մարդկանց և, վերջապես, որպես մեծ մարդկանց ձեռքի գործիքներ։ Մնացած դեպքերում նրանք ուղղակի վիճակագրություն են։»

Նիկոլայ Միխայլովսկին իր «Հերոսները և ամբոխը» (1882) գրքում գրել է. «Անզոր լինելով պատմության նոր հուն փորելու համար, մարդը կարող է, սակայն, որոշակի պայմաններում ժամանակավորապես արգելափակել պատմական հոսքը կամ արագացնել դրա արագությունը․․․ Այսպիսով, այն, որ պատմության մեջ ժամանակ առ ժամանակ հայտնվում են անհատներ, որոնք թողնում են իրենց անհատական ​​դրոշմը, դա ամենևին չի հակասում պատմության օրինաչափականությանը։ Պատմական շարժման կարգը կառավարում են ընդհանուր օրենքները, իսկ անհատներն ազդում են դրա արագության վրա․․․ անհատը, պատմությանը երանգ տալու և իր անձնական կոլորիտը դարաշրջանի վրա թողնել կարողանալու համար պետք է, անշուշտ, ինքը մտնի տոնի մեջ, որպեսզի ընդհանուր բան լինի նրա առաջադրանքների և շրջակա միջավայրի միջև, որում նա պետք է գործի»։ Միխայլովսկին առանձնացրել է «հերոս» և «մեծ անհատականություն» հասկացությունները։ Ըստ նրա՝ մեծ անհատականությունները առանձնանում են՝ ելնելով հասարակության մեջ ունեցած ավանդի արժեքից, իսկ հերոսն այն մարդն է, ով առաջին քայլն է անում՝ օրինակ ծառայելով լայն զանգվածներին։

1930 թվականին հրատարակված «Զանգվածների ապստամբությունը» գրքում Խոսե Օրտեգա ի Գասետը գրել է. «Լավ կազմակերպված հասարակության մեջ զանգվածներն ինքնուրույն չեն գործում։ Այդպիսին է նրանց դերը։ Զանգվածները գոյություն ունեն նրա համար, որպեսզի նրանց առաջնորդեն, հրահանգներ տան և ներկայացուցչություն անեն նրանց համար, քանի դեռ դրանք չեն դադարում զանգված լինելուց կամ առնվազն սկսում են ձգտել դրան։ Բայց ինքնուրույն դա անել նրանք չեն կարող։ Նրանք պետք է գնան ավելի բարձր բանի հետևից, որը գալիս է ընտրված փոքրամասնություններից։ Կարող եք վիճել, որքան ուզում եք, թե ովքեր պետք է լինեն այս ընտրյալները, բայց կասկած չկա, որ առանց նրանց, ով էլ որ նրանք լինեն, մարդկությունը կկորցնի իր գոյության հիմքը, թեև Եվրոպան արդեն մեկ դար է, ինչ գլուխը ջայլամի պես թաքցնում է թևի տակ՝ ակնհայտը չտեսնելու հույսով։ Սա մի շարք դիտարկումների և գուշակությունների մասնավոր եզրակացություն չէ, այլ սոցիալական «ֆիզիկայի» օրենք, որն իր անփոփոխությամբ համեմատելի է Նյուտոնի օրենքների հետ»։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսությանը քննադատաբար են մոտեցել նրանք, ովքեր, ինչպես Հերբերտ Սփենսերը, կարծել են, որ սոցիալական փոփոխությունների գործընթացը տեղի է ունենում բնական օրենքների համաձայն՝ անկախ անհատների ցանկություններից, և պատմական գործընթացների կենտրոնում են դրել զանգվածները, սոցիալական մեծ խմբերը և դասերը[1]։

Այս դիրքորոշումը մասնավորապես ընդունել է մարքսիզմը։ Այսպիսով, մարքսիստ Գեորգի Պլեխանովը գրել է.

Ներկայումս մարդկային բնությունն այլևս չի կարող համարվել պատմական շարժման վերջին և ամենաընդհանուր պատճառը. եթե այն հաստատուն է, ապա այն չի կարող բացատրել պատմության չափազանց փոփոխական ընթացքը, իսկ եթե փոխվում է, ապա, ակնհայտորեն, դրա փոփոխություններն իրենք են որոշվում պատմական ընթացքով։ Ներկայումս մարդկության պատմական շարժման վերջին և ամենաընդհանուր պատճառը պետք է ճանաչել արտադրական ուժերի զարգացումը, որը որոշում է մարդկանց սոցիալական հարաբերությունների հետևողական փոփոխությունները։ Այս ընդհանուր պատճառին զուգահեռ գործում են հատուկ պատճառներ, այսինքն՝ պատմական իրավիճակը, որում տեղի է ունենում տվյալ ժողովրդի արտադրողական ուժերի զարգացումը, և որն ինքնին ստեղծվում է այլ ժողովուրդների մեջ նույն ուժերի զարգացման վերջին աստիճանում, այսինքն՝ նույն ընդհանուր պատճառով։ Վերջապես, հատուկ պատճառների ազդեցությունը լրացվում է անհատական ​​պատճառների գործողությամբ, այսինքն՝ հասարակական գործիչների անձնական հատկանիշներով և այլ «պատահականություներով», որոնց շնորհիվ իրադարձությունները վերջապես ստանում են իրենց անհատական ​​դիմագծերը։ Անհատական պատճառները չեն կարող հիմնարար փոփոխություններ առաջացնել ընդհանուր և հատուկ պատճառների գործողության մեջ, որոնք նաև որոշում են անհատական պատճառների ազդեցության ուղղությունն ու սահմանները։ Բայց կասկած չկա, որ պատմությունն այլ դեմք կունենար, եթե դրա վրա ազդած անհատական պատճառները փոխարինվեին նույն կարգի այլ պատճառներով[2]։

Պետք է նաև նկատի ունենալ, որ հաճախ տիտանական բնավորության անհատները ձախողվում են, իսկ պատմության վրա մեծ ազդեցություն են ունենում բոլորովին աննշան անհատները։ Կարլ Կաուցկին գրել է. «Նման ականավոր անձնավորություններ ասելով պարտադիր չէ, որ նկատի ունենանք մեծագույն հանճարներին։ Թե՛ միջակները, թե՛ նույնիսկ միջին մակարդակից ցածրերը, ինչպես նաև երեխաներն ու հիմարները կարող են պատմական դեմքեր դառնալ, եթե նրանց ձեռքն ընկնի մեծ ուժ»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Социологические взгляды Герберта Спенсера». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  2. «К вопросу о роли личности в истории». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  3. «Л. Гринин. Роль личности в истории: история и теория вопроса». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]