Մեծ Եղբայր

Մեծ Եղբայր (երբեմն թարգմանում են նաև որպես Ավագ Եղբայր) (անգլ.՝ Big Brother), Ջորջ Օրուելի «1984» վեպի հերոս, Օվկիանիա պետության և «Անգսոց» կուսակցության միանձնյա ղեկավարը։ «Մեծ եղբայր» եզրույթը կիրառվում է բնորոշելու բոլոր այն ինստիտուտների և կառույցների ամբողջությունը, որոնք ոտնձգություն են կատարում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների և նրա անձնական կյանքի նկատմամբ։
Կերպարը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մեծ եղբայր»-ը նկարագրվում է որպես սև բեղերով տղամարդ, ով մոտավորապես 45 տարեկան է. ունի կոշտ, սակայն միևնույն ժամանակ գրավիչ դեմք։ Գրքում «Մեծ եղբոր» դեմքը ցուցադրվում է Լոնդոնի ողջ տարածքում կախված բազմաթիվ ցուցապաստառներում։
Հեռուստահաղորդումներում նա հանդես է գալիս որպես ողջ Օվկիանիայի անսխալական առաջնորդ։ Արդյոք գոյություն ունի Ավագ Եղբայրը որպես անձ, թե միայն քարոզչության կողմից ստեղծված կերպար է, ոչ ոքի հայտնի չէ։ Գլխավոր հերոս Ուինսթոն Սմիթը հարցնում է իր դահիճ Օ'Բրայենին. «Արդյոք նա գոյություն ունի այն իմաստով, որով ես գոյություն ունեմ»։ Օ'Բրայենը պատասխանում է, որ Ավագ Եղբայրը անմահ է և գոյություն ունի որպես կուսակցության մարմնավորում։
Ճանապարհ դեպի իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Եղբայրը հիսունական թվականներին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հեղափոխության առաջնորդներից մեկն էր եղել։ Ավագ Եղբոր միահեծան իշխանության հաստատումը սկսվել էր 1960 թ.-ին. այդ ժամանակ էլ սկսվում է հեղափոխությանն անմիջականորեն մասնակցած կուսակցական ղեկավարների ջարդը։ Մասնավորապես, վաթսունական թվականների կեսերին կեղծ մեղադրանքներով մահապատժի են ենթարկվել կուսակցական ղեկավարներ Ջոնսը, Արոնսոնը և Ռեզերֆորդը, իսկ Էմանուել Գոլդսթեյնը փախել էր երկրից։ 1970-ական թթ.-ի սկզբին Ավագ Եղբայրը դառնում է Օվկիանիայի միանձնյա առաջնորդը։ Նրա իշխանության գալուց հետո ամբողջությամբ վերաշարադրվում է Օվկիանիայի պատմությունը, Ավագ Եղբայրը դառնում է նրա միակ գործող անձը և կուսակցական առաջնորդը դեռևս մինչհեղափոխական ժամանակաշրջանից։
Հնարավոր նախատիպերը
[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի մի քանի տարբերակ, թե ով կարող է իրականում լինել Ավագ Եղբոր նախատիպը։ Օվկիանիայի բռնապետի որպես հնարավոր նախատիպեր նշում են Իոսիֆ Ստալինին և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմական նախարար Հորացիո Հերբերտ Կիտչեներին[1]։ Այս մարդկանց արտաքինը և կառավարման ոճը համընկնում է վեպում նկարագրված Մեծ Եղբոր կերպարի հետ։
Թարգմանության խնդիրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսակցական անգլերենում «Մեծ Եղբայր»-ը նշանակում է (անգլ. «Big Brother») «ավագ եղբայր», այսինքն եղբայր, որը մեծ է ոչ թե չափսերով, այլ տարիքով։ Ռուսերեն մի շարք թարգմանություններում տարածված է «ավագ եղբայր» տարբերակը, իսկ ահա վեպի ֆրանսերեն թարգմանությունում թողնվել է հենց անգլերեն տարբերակը՝ «Big Brother»։
Զանգվածային մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի հրատարակությունից հետո «Մեծ Եղբայր» անվանումը հատուկ դարձավ այնպիսի պետությունների և կազմակերպությունների համար, որոնք փորձում են ամբողջական վերահսկողություն հաստատել իրենց ենթակաների կամ ողջ ազգաբնակչության վրա։
1998 թ.-ին սահմանվել է ամենամյա «Մեծ Եղբոր մրցանակ»-ը, որը տրվում է կազմակերպության կամ պետության կողմից սեփական քաղաքացիների իրավունքների ամենաբիրտ խախտումների համար[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Եղբայր» հոդվածին։ |
|