Մեթանթենկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լքված մեթանթենկ Կալինիգրադում

Մեթանթենկ, մեթանտենկ, մեթանթանկ (մեթան և անգլ.՝ tank - բաք), մեծ տարողության (մինչև մի քանի հզ․ մ³ ) երկաթբետոնե ռեզերվուար, նախատեսված է բակտերիաների և այլ միկրոօրգանիզմների օգնությամբ անաերոբ պայմաններում (առանց օդի մուտքի, ոչ ոդակյաց) կեղտաջրերի նստվածքի օրգանական մասի կենսաբանական վերամշակման (խմորման) համար։

Օրգանական նյութերի քայքայումն ընթանում է երկու փուլով։ Առաջինում ածխաջրերից, ճարպերից և սպիտակուցներից առաջանում են ճարպաթթուներ, ջրածին, ամինաթթուներ և այլն։ Երկրորդ փուլում տեղի է ունենում թթուների քայքայում՝ առավելապես մեթանի և ածխաթթու գազի առաջացումով։

Մեթանթենկ է լցվում սովորաբար հում (թարմ) նստվածքի խառնուրդ՝ առաջնային պարզարաններից, և ավելցուկային ակտիվացված տիղմ՝ երկրորդային պարզարաններից։ Մեթանթենկ խմորվող զանգվածը տաքացվում է և խառնվում։ Տարբերում են մեզոֆիլ (30-35 °C) և ջերմաֆիլ (50-55 °C) խմորում։ Վերջին դեպքում քայքայման պրոցեսն ավելի արագ է ընթանում, բայց խմորված նստվածքը դժվարությամբ է ջրազրկվում։ Խմորման ժամանակ անջատվող գազերի խառնուրդը բաղկացած է մեթանից (մինչև 70%) և ածխաթթու գազից (մինչև 30%)։ Մեթանը օգտագործվում է նստվածքը տաքացնող գոլորշի ստանալու նպատակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 379