Մատրյոշկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մատրյոշկա (ռուս.՝ матрёшка), ռուսական փայտե խաղալիք՝ նկարազարդ տիկնիկ, որի մեջ տեղադրված են նույն տիպի՝ ավելի փոքր տիկնիկներ։ Իրար մեջ տեղադրված խաղալիքների թիվը սովորաբար երեք և ավելի է։ Մատրյոշկաները, որպես կանոն, լինում են ձվաձև՝ հարթ հատակով, և բաղկացած են լինում երկու մասից՝ վերին ու ստորին։ Ավանդաբար նկարվում է կին՝ կարմիր զգեստով ու գլխաշորով։ Ներկայումս նկարազարդման թեմաները բազմազան են՝ հեքիաթի հերոսներ, աղջիկ, ինչպես նաև ընտանիք։ Հանդիպում են նաև քաղաքական գործիչների պատկերներով, ինչպես նաև ընդհանրապես դիմանկարային մատրյոշկաներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական փայտե տիկնիկն ի հայտ է եկել Ռուսաստանում 19-րդ դարի 90-ական թվականներին՝ երկրի տնտեսական ու մշակութային բուռն զարգացման ժամանակաշրջանում։ Դա ազգային ինքնագիտակցության վերելքի ժամանակաշրջան էր, երբ հասարակության մեջ ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն էր նկատվում ռուսական մշակույթի նկատմամբ՝ ընդհանրապես, ու արվեստի նկատմամբ՝ մասնավորապես։ Դրա հետ կապված՝ առաջացավ գեղարվեստական նոր ուղղություն, որ հայտնի է «ռուսական ոճ» (ռուս.՝ «русский стиль») անվամբ։ Հատուկ ուշադրություն էր դարձվում ավանդական գյուղական խաղալիքների պատրաստման ավանդույթի վերականգնմանն ու զարգացմանը։ Այդ նպատակով Մոսկվայում բացվեց «Մանուկների դաստիարակություն» (ռուս.՝ «Детское воспитание») խանութը։ Սկզբնապես այնտեղ պատրաստվում էին Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների ավանդական հագուստները ներկայացնող տիկնիկներ, որոնք բավականին ստույգ արտացոլում էին ռուս կանանց հագուստների առանձնահատկությունները։ Այդ արվեստանոցում էլ առաջացավ ռուսական փայտե տիկնիկ պատրաստելու գաղափարը, որի էսքիզը պատրաստվեց նկարիչ Սերգեյ Մալյուտինի (1859-1937) կողմից, որ արվեստում «ռուսական ոճի» ստեղծողներից ու ակտիվ պրոպագանդողներից մեկն էր։ Տիկնիկներն իրար մեջ տեղադրելու գաղափարն առաջացել է ճապոնական մի տիկնիկի ազդեցությամբ, որ Սավա Մամոնտովի կինը բերել էր Հոնսյու կղզուց[1]։ Ճապոնական այդ տիկնիկը բարեհոգի ճաղատ մի ծերուկի կերպար էր, որ ներկայացնում էր փիլիսոփա Ֆուկուրամային։ Տիկնիկի մեջ տեղադրված էին ևս մի քանի խաղալիքներ, որոնք գտնվում էին մեկը մյուսի ներսում։

Մալյուտինի մատրյոշկան ներկայացնում էր գյուղացի աղջկա՝ ասեղնագործված վերնաշապիկով, զգետով ու գոգնոցով, ծաղկավոր գլխաշորով։ Նա ձեռքում բռնած ուներ մի սև աքաղաղ։

Ռուսական փայտե տիկնիկն անվանեցին մատրյոշկա։ Դա արվեց ոչ պատահաբար։ Մինչհեղափոխական դարաշրջանում Ռուսաստանի գավառներում Մատրյոնա, Մատրյոշա անունները համարվում էին ամենատարածվածներից մեկը։ Դրանց հիմքում ընկած է «матерь» բառը։ Այդ անունն ասոցացվում էր բազմազավակ ընտանիքի մոր կերպարի հետ, ով օժտված է լավ առողջությամբ։ Հետագայում այդ բառը վերածվեց հասարակ անվան, որով կոչում են նկարազարդ ու մասերի բաժանվող փայտե իրը։ Մինչ օրս մատրյոշկան մնում է մայրության ու բեղմնավորության խորհրդանիշը։ Մալյուտինի նախագծով խաղալիքագործ Պոսադ Զվյոզդոչկինի կողմից պատրաստված մատրյոշկան բաղկացած էր ութ մասից. սև աքլորով աղջկանից հետո հանվում էր տղան, ապա նորից աղջիկ։ Ամենավերջին՝ ութերորդ տիկնիկը, նորածնի բարուր էր։

Մատրյոշկայի պատրաստման արվեստը մինչ օրս մնում է անփոփոխ և պահպանում է ռուսական ատաղձագործական արվեստի բոլոր հնարքները։

Մատրյոշկայի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատրյոշկայի թանգարաններ կան Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում, Նիժնի Նովգորոդում, Նոլինսկում, Կելյազինում և այլն։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատրյոշկայի պատրաստման արհեստանոց Նիժնի Նովգորոդում, 2010

Ներկայումս մատրյոշկա պատրաստում են տարբեր արհեստանոցներում։ Նախ ընտրում են անհրաժեշտ փայտատեսակը։ Փափուկ լինելու համար նախապատվությունը տրվում է լորենուն, ավելի հազվադեպ՝ կեչուն ու լաստենուն։ Ծառը սովորաբար կտրում են վաղ գարնանը, հանում են կեղևը, բայց ոչ լրիվ, որպեսզի չորացման ժամանակ փայտը չճաքի։ Ապա փայտը դասավորում են լավ օդափոխվող սենյակում ու թողնում չորանալու մի քանի տարվա ընթացքում։ Փայտի մշակումն սկսվում է այն ժամանակ, երբ այն արդեն թաց չէ, բայց դեռ լրիվ չի էլ չորացել։ Ամենասկզբում պատրաստվում է ամենափոքր տիկնիկը։ Երբ մատրյոշկան պատրաստ է, սկսում են հաջորդ տիկնիկի պատրաստումը։ Պատրաստվում է անհրաժեշտ չափի փայտակտորը, որը բաժանվում է վերին ու ներքին հատվածների։ Նախ՝ պատրաստվում է ներքին հատվածը, ապա փորում են երկու հատվածների մեջերը, որպեսզի ավելի փոքր տիկնիկը տեղավորվի նրանց մեջ։ Ապա նույն գործընթացը կրկնվում է հաջորդ տիկնիկների համար։ Տիկնիկների քանակը կարող է տարբեր լինել։ Ամենավերջում տիկնիկները նկարազարդվում են՝ օգտագործելով ինչպես գուաշ, այնպես էլ յուղաներկ։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Лекция Александра Мещерякова об истории культурных связей между Россией и Японией в XIX-XX вв» (ռուսերեն). iocs.hse.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատրյոշկա» հոդվածին։