Մասնակից:Son Melkumyan/Ավազարկղկատարիթանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Son Melkumyan/Ավազարկղկատարիթանգարան

Կատարի ազգային թանգարան, թանգարան մայրաքաղաք Դոհայում։ Թանգարանի այժմյան շենքի բացումը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 28-ին, նախորդ կառույցը թվագրվում էր 1975 թվականով։ Ճարտարապետը Ժան Նուվելն է, ով նախագծել է թանգարանի կառույցը՝ ոգեշնչվելով Կատարում հայտնաբերված «անապատի վարդ» կոչվող միներալի տեսքից[1]։ Թանգարանի տարածքում գտնվում է նաև Շեյխ Աբդուլլահ իբն Ժասիմ Ալ Թանիի դղյակը, որը համարվում է Կատարի ազգային նկարագրի մի մասնիկը[2]։ 2013 թվականից թանգարանի տնօրենն է Ամնա բինթ Աբդուլազիզ իբն Ժասիմ Ալ Թանին[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալիֆա իբն Համադ Ալ Թանին իր ղեկավարման շրջանում, ավելի կոնկրետ՝ 1972 թվականին ծրագրում է ստեղծել ազգային թանգարան՝ նպատակ ունենալով մի տեղում ամբողջացնել պետության ժառանգությունն ու ավանդույթները։ Նույն տարում համագործակցության փաստաթուղթ է ստորագրվում Michael Rice & Company կազմակերպության հետ՝ թանգարանի կառուցվածքային ու ֆունկցիոնալ ասպեկտների նախագծման նպատակով։ Որոշվում է, որ թանգարանի տարածքը պետք է ներառի իր մեջ նաև հին Ամիրյան դղյակը, որը պատկանում էր Կատարի նաախկին էմիր Աբդուլլահ իբն Ժասիմ Ալ Թանիին[4]։

Կատարի ազգային թանգարանի հին պալատը

Կատարի ազգային թանգարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1975 թվականի հունիսի 23-ին[5], սկզբնապես այն ներառում էր սրահ՝ նախատեսված 100 հոգու համար և գրադարան[4]։ 1980 թվականին թանգարանը արժանանում է Աղա Խանի մրցանակի որպես արժեքավոր ճարտարապետական կոթող[6]։ 2015 թվականին թանգարանի նոր շենքի բացմանն ընդառաջ վերականգնողական աշխատանքներ իրականացվեցին նաև թագավորական դղյակում, որի շուրջ կառուցվել էր հին շենքը[7]։

Նոր կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի նոր շենքը կառուցվում է հնի տեղում։ Այն նախագծվել է Պրիցկերի մրցանակակիր, ճարտարապետ Ժան Նուվելի կողմից, ով ոգեշնչվում է «անապատի վարդ» կոչվող միներալի տեսքից, ու ստեղծում 21-րդ դարին բնորոշ յուրօրինակ ու ժամանակակից կառույց[1]։ Դղյակի վերականգնումն իրականացվում է բեռլինյան ճարտարապետական ու ինժեներական ZRS Architekten Ingenieure ընկերության կողմից[8]։ Նոր ու հին կառույցների այսպիսի համաչափ զարգացումն ու վերակառուցումներն էլ խորհրդանշում են մշակութային անցյալի և ներկայի անքակտելի կապը։ Նոր կառույցի բացումը տեղի է ունենում 2019 թվականի մարտի 28-ին[9]։ Թայմ ամսագիրը Կատարի ազգային թանգարանը դասել է 2019 թվականին ամենաշատ այցելված վայրերի շարքը[10]։ Միայն մեկ տարվա ընթացքում թանգարանն ընդունեց ավելի քան 450,000 այցելու։ Թանգարանային նմուշներից ու ցուցադրվող կտավներից բացի, մարդկանց գրավում են 21-րդ դարին բնորոշ վիզուալ ու ձայնային էֆեկտները, որոնք թանգարանը լայնորեն կիրառում է[11]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի էքսկուրսիաներն անցկացվում են պատկերասրահների միջոցով, որոնք ներկայացնում են 3 հիմնական թեմաներ։ Պատկերասրահների հավաքածուները դասավորված են ժամանակագրական հաջորդականությամբ, ցուցադրությունները սկսվում են անապատի և Պարսից ծոցի աշխարհագրական նկարագրությունից և պատմությունից, այնուհետև ընդգրկում բեդվինների մշակույթը ներկայացնող գտածոներ, պատմական ցուցադրություններ միջցեղային պատերազմներից, Կատար պետության կազմավորումից, և վերջապես, նավթահորերի հայտնաբերման պատմությունը սկզբից մինչև ներկայիս ժամանակներ[12]։ Ներկայումս թանգարանի հավաքածուն ընդգրկում է մոտ 8000 առարկա, այդ թվում՝ հնագիտական գտածոներ, ճարտարապետական էլեմենտներ, կենցաղային իրեր, հագուստ, զարդեղեն, գրքեր և պատմական փաստաթղթեր։

Թանգարանի երկրագիտական սրահներից մեկը

Թանգարանի առաքելությունն է ներկայացնել Կատարի ժողովրդի մշակույթը, ժառանգությունն ու ապագան՝ արտացոլելով կատարցիների ավանդույթները ու օտարերկրյա այցելուների համար կազմակերպելով քննարկումներ այժմյան փոփոխությունների և մոդեռնիզացիայի վերաբերյալ[13]։ Բացվելու պահից սկսած՝ թանգարանում պահվում են առարկաներ, որոնք բնորոշում են Կատարի մշակութային ժառանգությունը, այդ թվում՝ բեդվինների էթնոգրաֆիկ նյութեր, ծովային գտածոներ ու նյութեր, որոնք կապված են շրջակա միջավայրի հետ։

Հնագիտական գտածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացի հնագետ Բեատրիս դե Քարդին և նրա խումբը 1973 թվականի նոյեմբերից մինչև 1974 թվականի հունվարը իրականացնում են պեղումներ Կատարում, որոնց ընթացքում հայտնաբերված գտածոները ցուցադրվում են թանգարանում[14]։ Հնագիտական աշխատանքներն իրականացվում էին Ալ Դաասում, արդյունքում հայտնաբերված ամենաարժեքավոր գտածոներից էին կերամիկայի մասնիկները, որոնք նեոլիթյան ժամանակաշրջանով են թվագրվում։ Ավելի վաղ պեղումներ են իրականացվել նաև դանիական հնագիտական խմբի կողմից 1950-1960-ական թվականներին, որի ժամանակ հայտնաբերված գտածոները նախ տարվում են Դոհայի ազգային գրադարան, այնուհետև տեղափոխվում թանգարան[15]։ Դե Քարդիի պեղումների ավարտից հետո թանգարանի հնությունների բաժինը մեծ դեր է խաղացել ուսումնասիրությունների ու արտեֆակտների պահպանման գործում։ Նրանք շարունակել են հնագիտական պեղումները Ալ Ուասաիլում և Զուբարահում։

Էթնոգրաֆիկ հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ներկայացված են բեդվինական մշակույթը բնորոշող բազմաթիվ էթնոգրաֆիկ նյութեր։ Ներկայացված պատմական առարկաներն օգտագործվել են բեդվինների կողմից որպես գործիքներ և զենքեր, էթնոգրաֆիկ օբյեկտներից են նաև զարդեղենը, ամանեղենն ու հագուստը։ Էթնոգրաֆիկ հավաքածուն ընդգրկում է ավանդական պոեմներ․ մեծ մասը կատարցի հեղինակ իբն Ալ-Ֆուջայի և նախկին էմիր Ժասիմ իբն Մուհամմադ Ալ Թանիի գործերն են[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «National Museum of Qatar». Ateliers Jean Nouvel (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-05-08-ին.
  2. «Spectacular Jean Nouvel Designed National Museum Qatar To Open In March». Artlyst (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-05-08-ին.
  3. «Sheikha Amna to head new museum». Gulf Times (անգլերեն). 2013-11-27. Վերցված է 2023-05-08-ին.
  4. 4,0 4,1 4,2 New aspects of the history museum. էջեր 78–87.
  5. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2015-12-22. Վերցված է 2023-05-08-ին.
  6. «National Museum - Aga Khan Award for Architecture». web.archive.org. 2016-03-04. Վերցված է 2023-05-08-ին.
  7. Walker, Lesley (2015-06-21). «Sheikh Abdullah's palace at heart of National Museum of Qatar restored». Doha News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-05-08-ին. {{cite web}}: Text "Qatar" ignored (օգնություն)
  8. «Old Palace Doha – ZRS» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-05-08-ին.
  9. Martin, Joanne (2019-02-26). «The Middle East's hottest new museum is here». CNN (անգլերեն). Վերցված է 2023-05-08-ին.
  10. «The National Museum of Qatar: The World's 100 Greatest Places of 2019». Time (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-05-08-ին.
  11. Belcher, David (2020-01-07). «Opinion» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-05-08-ին. {{cite web}}: Text "Skip the Vatican Museum. Go to the National Museum of Qatar." ignored (օգնություն)
  12. Ouroussoff, Nicolai (2010-03-22). «Celebrating the Delicate Beauty of the Desert Landscape» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-05-08-ին.
  13. «New Qatar National Museum…a journey in a world of fantasy!».
  14. Pitts, Mike (2016-07-14). «Beatrice de Cardi obituary» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023-05-08-ին.
  15. Qatar (1973). «The era of reform». Permanent Mission of the State of Qatar to the United Nations. Վերցված է 2023-05-08-ին.