Մասնակից:Revolution Saga/Ժամանակավոր իռլանդական հանրապետական բանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամանակավոր իռլանդական հանրապետական բանակ, ԺԻՀԲ (անգլ.՝ Provisional Irish Republican Army, PIRA, իռլանդերեն՝ Óglaigh na hÉireann), իռլանդական հանրապետական զինված խմբավորում, որի նպատակն էր Հյուսիսային Իռլանդիայում բրիտանական տիրապետության տապալումը, Իռլանդիայի վերամիավորումը և անկախ, սոցիալիստական հանրապետության հաստատումն Իռլանդիա կղզու ողջ տարածքում: Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության ժամանակ ամենաակտիվ հանրապետական զինված խմբավորումն էր։ Միացյալ Թագավորությունում ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։

Ժամանակավոր իռլանդական հանրապետական բանակն առաջացել է 1969 թվականի դեկտեմբերին հին Իռլանդական հանրապետական բանակի և ընդհանրապես իռլանդական հանրապետական շարժման պառակտման արդյունքում։ Սկզբնապես եղել է ավելի փոքր խումբը՝ համեմատած Պաշտոնական ԻՀԲ-ի հետ, բայց 1972 թվականին արդեն դարձել էր գերիշխող խումբը։ Հակամարտությունը Հյուսիսային Իռլանդիայում (անգլ.՝ The Troubles, բառացի՝ «խռովությունները») սկսկվել էր սրանից քիչ առաջ, երբ բռնությամբ ճնշվեց քաթոլիկների քաղաքացիական իրավունքների համար խաղաղ շարժումը։ Ժամանակավոր ԻՀԲ-ը նախապես սահմանափակվում էր կաթոլիկ թաղամասերի պաշտպանությամբ, սակայն 1970 թվականին հարձակողական գործողություններ է սկսել Բրիտանական բանակի և տեղական ոստիկանության դեմ, օգտագործելով պարտիզանական մարտավարություն:

Ժամանակավոր ԻՀԲ-ը զինադադար է հայտարարել 1997 թվականի հուլիսին, ինչից հետո իր քաղաքական թևը՝ «Շին Ֆեյն» կուսակցությունը բազմակողմանի խաղաղության բանակցությունների է մասնակցել Հյուսիսային Իռլանդիայի ապագայի շուրջ։ Այս բանակցությունների արդյունքում 1998 թվականին կնքվել է Ավագ ուրբաթի համաձայնագիրը, և 2005 թվականին Ժամանակավոր ԻՀԲ-ն ինքնակամ զինաթափ է եղել։ Կազմակերպության մեջ որոշ խմբակցություններ, չընդունելով զինված պայքարի ավարտը, անջատվեցին ԻՀԲ-ից և կազմեցին նոր խմբավորումներ (այսպես կոչված «այլախոհ» իռլանդական հանրապետականներ)։

ԻՀԲ-ի զինված գործողությունների հետևանքով սպանվել են ավելի քան 1700 մարդ, որոնց թվում են բրիտանական անվտանգության մարմինների մոտ 1000 ծառայակիցներ և 500-644 խաղաղ բնակիչներ: Հակամարտության ընթացքում սպանվել է ԻՀԲ-ի մոտ 275-300 անդամ: [[Կատեգորիա:Քաղաքական կուսակցությունների մարտական կազմակերպություններ]]