Մասնակից:O'micron/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հարավաֆրիկյան Հանրապետությունն ընդդեմ Իսրայելի»
ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան

Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում
Դատական գործ Գազայի հատվածում ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի կիրառման վերաբերյալ գործ («Հարավաֆրիյան Հանրապետությունն ընդդեմ Իսրայելի»)
Ըստ հայցի Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Պատասխանող Իսրայել Իսրայել
Հայցապահանջ կամ բողոք Ճանաչել, որ Իսրայելը Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի խախտմամբ Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ իրականացնում է ցեղասպանական գործողություն և ցեղասպանություն
Ամսաթիվ դեկտեմբերի 29, 2023
Ելքային ակտ Գործով վճիռ դեռևս առկա չէ
Դատարանի կազմ
Դատավորներ Ջոան Դոնոգյու (նախագահող)
Կիրիլ Գևորգյան (փոխնախագահ)
Պորտալ «Իրավունք»

Գազայի հատվածում ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի կիրառման վերաբերյալ գործ (անգլ.՝ Application of the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide in the Gaza Strip), հայտնի է նաև որպես «Հարավաֆրիյան Հանրապետությունն ընդդեմ Իսրայելի», Արդարադատության միջազգային դատարանում (ԱՄԴ) 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից հարուցված միջազգային դատական գործ Գազայի հատվածում Իսրայելի ենթադրյալ ցեղասպանական գործողությունների առնչությամբ։

Իր ներկայացրած դիմումում ՀԱՀ-ը պնդել է, որ Իսրայելի Պետությունը Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ իրականացրել և շարունակում է իրականացնել ցեղասպանություն՝ կոպտագույնս խախտելով Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները։ Իր դիմումում ՀԱՀ-ը, ի թիվս այլնի, Իսրայելին մեղադրել է 75-ամյա ապարտեիդի, 56-ամյա օկուպացիայի և Գազայի հատվածի 16-ամյա շրջափակման մեջ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացրել է նաև ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ դատարանից խնդրելով ապահովել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Հարավաֆրիկյան Հանրապետության իրավաբանների թիմի կազմում ընդգրկված են Ջոն Դուգարդը, Ադիլա Հասիմը, Տեմբեկա Նգչուկայտոբին, Բլին Նի Գրալայգը և Վոն Լոունը։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը ՀԱՀ-ի մեղադրանքները որակել է «անհիմն»՝ Հարավաֆրիկյան Հանրապետությանն անվանելով «Համաս խմբավորման իրավական ձեռք»։ Իսրայելի պնդմամբ երկիրը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր՝ Համասի հանկարծահաս հարձակումից հետո, իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով երաշխավորված իր ինքնապաշտպանության իրավունքը։ Պաշտպանության կողմը ներկայացնում են մի քանի իրավաբաններ, որոնց թվում են նաև Մալքոլմ Շոուն և Թալ Բեքերը։