Մասնակից:O'micron/Ավազարկղ
«Հարավաֆրիկյան Հանրապետությունն ընդդեմ Իսրայելի»
| |
Արդարադատության միջազգային դատարան | |
---|---|
Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում | |
Դատական գործ | Գազայի հատվածում ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի կիրառման վերաբերյալ գործ («Հարավաֆրիյան Հանրապետությունն ընդդեմ Իսրայելի») |
Ըստ հայցի | Հարավաֆրիկյան Հանրապետություն |
Պատասխանող | Իսրայել |
Հայցապահանջ կամ բողոք | Ճանաչել, որ Իսրայելը Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի խախտմամբ Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ իրականացնում է ցեղասպանական գործողություն և ցեղասպանություն |
Ամսաթիվ | դեկտեմբերի 29, 2023 |
Ելքային ակտ | Գործով վճիռ դեռևս առկա չէ |
Դատարանի կազմ | |
Դատավորներ | Ջոան Դոնոգյու (նախագահող) Կիրիլ Գևորգյան (փոխնախագահ) |
Պորտալ «Իրավունք» |
Գազայի հատվածում ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի կիրառման վերաբերյալ գործ (անգլ.՝ Application of the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide in the Gaza Strip), հայտնի է նաև որպես «Հարավաֆրիյան Հանրապետությունն ընդդեմ Իսրայելի», Արդարադատության միջազգային դատարանում (ԱՄԴ) 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից հարուցված միջազգային դատական գործ Գազայի հատվածում Իսրայելի ենթադրյալ ցեղասպանական գործողությունների առնչությամբ։
Իր ներկայացրած դիմումում ՀԱՀ-ը պնդել է, որ Իսրայելի Պետությունը Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ իրականացրել և շարունակում է իրականացնել ցեղասպանություն՝ կոպտագույնս խախտելով Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները։ Իր դիմումում ՀԱՀ-ը, ի թիվս այլնի, Իսրայելին մեղադրել է 75-ամյա ապարտեիդի, 56-ամյա օկուպացիայի և Գազայի հատվածի 16-ամյա շրջափակման մեջ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացրել է նաև ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ դատարանից խնդրելով ապահովել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Հարավաֆրիկյան Հանրապետության իրավաբանների թիմի կազմում ընդգրկված են Ջոն Դուգարդը, Ադիլա Հասիմը, Տեմբեկա Նգչուկայտոբին, Բլին Նի Գրալայգը և Վոն Լոունը։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը ՀԱՀ-ի մեղադրանքները որակել է «անհիմն»՝ Հարավաֆրիկյան Հանրապետությանն անվանելով «Համաս խմբավորման իրավական ձեռք»։ Իսրայելի պնդմամբ երկիրը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր՝ Համասի հանկարծահաս հարձակումից հետո, իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով երաշխավորված իր ինքնապաշտպանության իրավունքը։ Պաշտպանության կողմը ներկայացնում են մի քանի իրավաբաններ, որոնց թվում են նաև Մալքոլմ Շոուն և Թալ Բեքերը։