Մասնակից:Nerses Hayrapetyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nerses Hayrapetyan/Ավազարկղ
պատկեր
Հայկական գրադարանային միության հիմնադիր նախագահ Ներսես Հայրապետյանը ելույթի պահին
Պարբերականությունամենամյա
ԵրկիրՀայաստան
Տարիներ2002 - առայսօր
Ազգային գրադարանային առաջին շաբաթվա բացումը Հայաստանի ազգային գրադարանում

Ազգային գրադարանային շաբաթ (ԱԳՇ), Հայաստանի գրադարանների և գրադարանային ծառայություններից օգտվող հանրության միջև ակտիվ համագործակցության շաբաթ է, որի ժամանակ գրադարանները տարբեր բնույթի միջոցառումների միջոցով քաղաքացիական հանրությանը և իշխանության մարմիններին ներկայացնում են իրենց դերը որպես կրթության, մշակույթի և համայնքային կյանքի կարևոր հաստատություններ։ ԱԳՇ-ները Հայաստանում նշվում են 2002 թվականից: Առաջին ԱԳՇ-ն անցկացվել է 2002 թվականի ապրիլի 14-20-ը։ Գրադարանային շաբաթների անցկացման ավանդույթը Հայաստանի գրադարանները վերցրել են ԱՄՆ գրադարանների աշխատանքի փորձից, որտեղ գրադարանային շաբաթներն անցկացվում են 1958 թվականից: ԱԳՇ անցկացման որոշումն ընդունվել է 2001թ. մայիսի 5-8-ը Հարավ-Կովկասյան երկրների գրադարանային և տեղեկատվական մասնագետների Թբիլիսիում անցկացված եռօրյա գիտաժողովի ընթացքում: Առաջին ԱԳՇ ծրագրի հովանավորը եղել է Ամերիկյան գրադարանային միությունը:

ԱԳՇ նպատակը և ծրագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԳՇ նպատակն է հանրության ուշադրության կենտրոնում պահել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ներկայացնել գրադարանների դերը գիտելիքահենք հասարակություն ձևավորելու խնդրում և պետական ու տեղական իշխանության մարմինների ուշադրությունը հրավիրել գրադարանային խնդիրների վրա:

ԱԳՇ-ները ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ընթերցող հանրության աջակցությամբ կազմակերպում է Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ): Յուրաքանչյուր տարի ՀԳԱ վարչությունը ԱԳՇ գլխավոր թեմա և կարգախոս է ընտրում, որի գաղափարները գրադարանները տարբեր միջոցառումների միջոցով հասցնում են իրենց համայնքներին:

ԱԳՇ անցկացման ավելի քան 20 տարիների ընթացքում Հայաստանի գրադարանները բազմաթիվ նոր ծրագրեր և մտահղացումներ են կյանքի կոչել: 2016 թ-ից սկսած Հայաստանի ամերիկյան անկյունները գրադարանային շաբաթվա շրջանակում «Ընթերցանության մարաթոն» են կազմակերպում, որի մասնակիցները օրվա ընթացքում գրադարաններում մեկը մյուսին շարունակելով նույն գիրքն են կարդում սկզբից մինչև վերջ։ Նախորդ տարիներին մարաթոնների ընթացքում ընթերցված գրքերից են Ուիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն», Հարփեր Լիի «Ծաղրասարյակ սպանելը», Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայտի», Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» և այլ վեպեր:

ԱԳՇ կարգախոսները և պաստառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրքանչյուր տարի Շաբաթվա կարգախոս է ընտրվում, որի շրջանակներում անցկացվում են հանդիպումներ գիտության, մշակույթի և գրականության նշանավոր դեմքերի հետ, կազմակերպվում ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, դասախոսություններ, գրական ընթերցումներ, գրադարանային բազմապիսի միջոցառումներ, որոնց մասնակցում են Հայաստանի հանրային, համայնքային, համալսարանական, գիտական և դպրոցական գրադարանները: Նախորդ տարիներին շաբաթներն անցկացվել են «Մեր ապագան կարդացող երեխան է» (2005), «Գրադարան՝ քաղաքակրթությունների խաչմերուկ» (2006), «Հայացք գյուղի գրադարանին» (2010), «Գրադարան՝ այժմ նաև թվային» (2013), «Ես կարդում եմ , իսկ դու...» (2014), «Պահպանիր և հիշիր» (2015) և այլ խորագրերով։ 2023 թվականի ԱԳՇ կարգախոսն է՝ «Գրադարանը կրթության բաց հարթակ»[1]։ Առաջին շաբաթվա առիթով Հայկական գրադարանային միությունը երկու քարոզչական պաստառ հրատարակեց։ Դրանցից մեկի վրա պատկերված էին գրադարակ և սեղանի վրա դրված հնատիպ գրքեր։ Այն ներկայացնում էր ԱԳՇ անցկացման ժամկետները և նախաձեռնության կազմակերպիչներին, իսկ երկրորդը նվիրված էր շաբաթվա կարևոր միջոցառումներից մեկին՝ «Ընտանեկան ընթերցանության երեկո» նախաձեռնությանը։ Այս պաստառի լուսանկարն արվել է հայ մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի տանը։ Լուսանկարում բանաստեղծուհին գիրք է ընթերցում երեխաների համար։ Հետագայում յուրաքանչյուր տարի ԱԳՇ հիմնական թեմայի մոտիվներով գրադարանային պաստառներ են շրջանառվել։ Գրադարանային գործի բնույթի ժամանակի միտումներին հարիր 2003 թվականի պաստառում տպագիր գրքին միացված համակարգչի մկնիկ է պատկերված։

Ազգային գրադարանային շաբաթն իր ուրույն դերն ունի ՀՀ գրադարանային համակարգի զարգացման, արդիականացման, նորարարական լուծումների տարածման, գրադարանների միջև փորձի փոխանակման ու գրադարանավարների կարողությունների ավելացման մեջ:

  1. «Ազգային գրադարանային շաբաթ 2023». Վերցված է 22/11/2023-ին.