Մասնակից:Meri Stepanyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի օրավար հող
Ժանրպատմվածք
ՀեղինակՐաֆֆի
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1873
Առաջին ներկայացում1873
Առաջին
ներկայացման վայր
Թիֆլիս
ԿերպարներՍոնա, Մարտիրոս, Րիզա-բեկ
ՀրատարակչությունՍովետական գրող

Մի օրավար հող, պատմվածք, Րաֆֆու՝ պարսկահայության կյանքը ներկայացնող հայտնի գործերից մեկը, որը գրել է 1873 թվականին, փետրվար-մարտ ամիսներին[1]։

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը հեղինակը գրել է 1873 թվականին Թիֆլիսում։ Մելիքզադե ստորագրությամբ Րաֆֆին պատմվածքը առաջին անգամ հրապարակում է նույն թվականին լույս տեսնող «Մշակի» մարտի 22-ի համարում։ Հետագայում պատմվածքը ներառել է «Վեպիկներ և պատկերներ» ժողովածուի առաջին հատորում, որը լույս է տեսել 1892 թվականին։ Ավելի ուշ պատմվածքը ներառվել է «Պարսկական պատկերներ» ժողովածուում (1913, Վիեննա)։ Պատմվածքի հաջորդ տպագիր օրինակը լույս է տեսել 1927 թվականին Երևանում, «Ոսկի աքաղաղ» վեպին կից և «Լուսարձակ» դասագրքում (1927)։ 1873 թվականին պատմվածքը արտատպվում է «Մշակի» 11-րդ համարում, 1933 թվականին արտատպվում է նաև Կահիրեի «Փունջ» շաբաթաթերթում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնան և Մարտիրոսը աղքատ գյուղացիներ էին։ Նրանց ողջ հարստությունը միայն մի այծ էր, մի ճախարակ, որից Սոնան բամբակի թելեր էր մանում վաճառելու համար, և մի բահից, որն ամեն օր Մարտիրոսը, ուսին դրած, իջնում էր գյուղամեջ։ Նա այնքան էր սպասում, մինչև դրացիներից մեկը վարձում էր նրան և ամբողջ օրն աշխատեցնում իր դաշտերում։ Գյուղի հայ կանայք, որոնց մեջ էր նաև Սոնան, վաղ առավոտից աշխատում էին գյուղատեր խանի որդու՝ Րիզա-բեկի ամրոցի պարտեզներում։ Րիզա-բեկը տեսնում է Սոնային, առաջարկում ոսկի և արծաթ՝ նոր հագուստ գնելու։ Սոնան հրաժարվում է, պատճառաբանելով, որ մշակության մեջ ապրող կնոջը նոր հագուստներ անհրաժեշտ չեն։ Բեկը առաջարկում է նրան այլևս չաշխատել և ապրել որպես մի տիկին։ Սոնան այս առաջարկն էլ է մերժում՝ իր ամուսնուն օգնելու ցանկությամբ համակված։ Րիզա-բեկը, կանչելով Մարտիրոսին, նրան է տալիս հող, սերմ և այն ամենը, ինչն անհրաժեշտ է վարուցանքի համար։ Աշնանը Մարտիրոսը մեծ ուրախությամբ հնձում է արտը, կալսում կալը, սակայն մտքով անգամ չի անցնում, որ այդ ամենն իրեն չի պատկանում։ Գալիս է կալվածատիրոջ գործակալը և հավաքում ամբողջ կալը, թողնում միայն այնքան ցորեն, որ բավական չէր նույնիսկ ողջ ձմեռվա համար։ Մարտիրոսը ճարահատյալ բռնում է պանդխտության ուղին՝ հեռանալով օտար աշխարհ։ Մի մութ գիշեր, երբ Սոնան սպասում էր իր եղբորը՝ Ղազարին, ներս է մտնում Րիզա-բեկը խոստովանելով, որ սերն է իրեն բերել Սոնայի դուռը։ Հենց այդ նույն սերն էլ դրդել էր նրան հեռացնել Մարտիրոսին իր ճանապարհից։ Րիզա-բեկը մոտենում է, որպեսզի գրկի Սոնային, սակայն Սոնան, խլելով պարսկի դաշույնը, սպանում է բեկին և երեխայի հետ փախչում հոր խրճիթը[2]։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև պատմվածքը գրված է Թիֆլիսում, սակայն նկարագրված են պարսկահայության կյանքին առնչվող խնդիրները։ Իր մտապատկերում պահելով խանական և ավատական Արևելքից ստացած տպվարությունները՝ հեղինակը տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ էլ չի լռել իր գրիչը։ Հայ շինականի ծանր ապրուստը, տառապանքներն ու տքնաջան աշխատանքը մշտապես մտահոգել են Րաֆֆուն, և «Գեղեցիկ Վարդիկը», «Սով», «Կուսագրություն», «Անբախտ Հռիփսիմե» և «Մի օրավար հող» պատմվածքներից առաջ այս թեմային անդրադարձել է նաև «Սալբի» (1855) վեպի առաջաբանում։ Պատմվածքի թեմա է դարձրել հողազուրկ գյուղացու և հարուստ կալվածատիրոջ փոխհարաբերությունները։ Պարսկահայ ժողովրդի գլխին կախված էր մի մեծ դատավճիռ՝ անընդհատ աշխատել, քրտինք թափել և այդ աշխատանքը՝ իբրև տուրք, հանձնել կալվածատիրոջը[3]։ Այս թեմատիկայով գրված պատմվածքներում հատկանշական է դառնում գերության մեջ բնակվող անհատի ճակատագիրը։ Եվ այս գերության մեջ անխուսափելի է դառնում բռնությունը՝ ավարտված ողբերգական հետևանքներով։ Հեղինակը, նկարագրելով բազմաթիվ դրվագներ, ընդգծում է մի հիմնական գաղափար՝ ընդվզման, բողոքի, անձնազոհության հայտնաբերումը հայ մարդու հոգեբանության մեջ։ Ահա Սոնան ևս ընդվզում և սպանում է իր պատիվն արատավորել ցանկացող պարսիկ խանի որդուն՝ Րիզա-բեկին։ Չնայած ողբերգական ավարտին՝ էական է դառնում այն, որ գիտակցվում է անհատական կամքի, վրեժի, արժանապատվությանը պաշտպան կանգնելու մղումը[4]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը ունեցել է բազմաթիվ թարգմանություններ․

  • Գ․Մնացականյանովի ստորագրությամբ՝ «Новое обозрение» պարբերականում (1897, 6 հուլիս),
  • М․Т․ Д․-ի ստորագրությամբ՝ «Кавказский вестник» պարբերականում (Թիֆլիս, 1900, №3, էջ 67),
  • Յա․Խաչատրյանցի թարգմանությամբ «Недел» վերնագրով՝ «Армянские рассказы» երկհատոր ժողովածուում,
  • Ս․Խիտարովայի թարգմանությամբ՝ «Клочок земли» վերնագրով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր առաջին (1983). Բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, երգիծական էջեր. Երևան: Սովետական գրող. էջեր 546-547։.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր առաջին (1983). Բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, երգիծական էջեր. Երևան: Սովետական գրող. էջեր 352-357։.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Խ․Ե․Սամվելյան, Րաֆֆի (1987). Կյանքի Ստեղծագործական ուղին. Երևան: Արևիկ. էջեր 154-155։.
  4. Սերգեյ Սարինյան, Րաֆֆի (1985). Գաղափարի և կերպարների համակարգը. Երևան: Սովետական գրող. էջեր 38-39։.