Մասնակից:Kanachapat/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնապահպանական իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Խոսրովի անտառ» պետական արգելոց


Մարդու իրավունքները և բնական միջավայրը սերտ փոխկապակցված են և առանց մաքուր, անվտանգ ու առողջ միջավայրի անհնար է պաշտպանել մարդու որևէ իրավունք: Միևնույն ժամանակ բնությունն իր հերթին ունի իրավունք ապրելու առանց վնասակար միջամտությունների: Անգամ որոշ լատինամերիկյան պետություններ սահմանադրորեն են ճանաչում Մայր Բնության իրավունքները:

Բնապահպանական իրավունքը մարդկային տեսանկյունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 150 երկրների սահմանադրություններում առողջ միջավայրի իրավունքն ամրագրված է սահմանադրորեն: [1] Բացի այդ, մարդու մի շարք իրավունքներ փոխկապակցված են բնական միջավայրի հետ: Այդ իրավունքները երկու տեսակի են՝ բովանդակային, այսինքն իրավունքներ, որոնք անմիջական կախված են մաքուր միջավայրից, ինչպես օրինակ կյանքի իրավունքը, առողջության իրավունքը, մաքուր սննդի և ջրի իրավունքը և այլն: Մյուս տեսակն ընթացակարգային իրավունքներն են, այսինքն իրավունքներ, որոնք թույլ են տալիս իրագործել վերը նշված իրավունքները. դրանք են՝ տեղեկատվության հասանելիության, հանրային մասնակցության և արդարադատության հասանելիության իրավունք: [2]

Բնական միջավայրի պահպանության և մարդու իրավունքները փոխկապակցվածությունն ամրագրված է նաև ՄԱԿ-ի միջազգային դաշնագրերով: Մասնավորապես ‌կյանքի‌ ‌իրավունքը,‌ ‌որն‌ ‌ամրագրված‌ ‌է‌ ‌ՄԱԿ-ի‌ ‌Քաղաքացիական‌ ‌և‌ ‌քաղաքական‌ ‌իրավունքների‌ ‌մասին‌ ‌միջազգային‌ ‌դաշնագրով‌ ‌(‌հոդված‌ ‌6‌)‌, ‌ինքնին‌ ‌ենթադրում‌ ‌է,‌ ‌որ‌ ‌կյանքի‌ ‌իրավունքն‌ ‌իրագործելու‌ ‌համար‌ ‌անհրաժեշտ‌ ‌են‌ ‌կենսական‌ ‌այնպիսի‌ ‌բաղադրիչների‌ ‌առկայություն,‌ ‌ինչպիսիք‌ ‌են‌ ‌մաքուր‌ ‌օդն‌ ‌ու‌ ‌ջուրը,‌ ‌մաքուր‌ ‌սնունդը,‌ ‌սանիտացիան,‌ ‌բավարար‌ ‌կենսամակարդակը‌ ‌և‌ ‌համանման‌ ‌այլ‌ ‌իրավունքներ:‌ ‌

Իսկ‌ ‌ավելի‌ ‌կոնկրետ‌ ‌ՄԱԿ-ի‌ ‌Տնտեսական,‌ ‌սոցիալական‌ ‌և‌ ‌մշակութային‌ ‌իրավունքների‌ ‌մասին‌ ‌միջազգային‌ ‌դաշնագիրը‌ ‌(‌հոդված‌ ‌12‌)‌ ‌սահմանում‌ ‌է‌‌ ‌յուրաքանչյուրի`‌ ‌ֆիզիկական‌ ‌և‌ ‌հոգեկան‌ ‌առողջության‌ ‌իրավունքը,‌ ‌որի‌ ‌կարևոր‌ ‌նախապայման‌ ‌է‌ ‌համարվում‌ ‌բնական‌ ‌միջավայրի‌ ‌բարելավումը:‌ [3] ‌Իսկ‌ ‌նույն‌ ‌դաշնագրի‌ ‌հոդված‌ ‌11-ն‌ ‌էլ‌ ‌նախատեսում‌ ‌է‌ ‌‌յուրաքանչյուրի‌ ‌համար‌ ‌բավարար‌ ‌կենսամակարդակի,‌ ‌այդ‌ ‌թվում`‌ ‌բավարար‌ ‌սննդի,‌ ‌հագուստի‌ ‌ու‌ ‌բնակարանի,‌ ‌և‌ ‌կենսապայմանների‌ ‌շարունակական‌ ‌բարելավման‌ ‌իրավունքը:‌‌ [3] Ընդ‌ ‌որում‌ ‌այս‌ ‌իրավունքն‌ ‌իր‌ ‌մեջ‌ ‌‌ներառում‌ ‌է‌‌ ‌նաև‌ ‌ջրի‌ ‌իրավունքը: [4] ‌Բոլոր‌ ‌այս‌ ‌հոդվածներով‌ ‌պետության‌ ‌համար‌ ‌սահմավում‌ ‌է պարտավորություն‌ ‌պահպանելու‌ ‌բնապահպանական‌ ‌հիգիենան‌ ‌և‌ ‌կանխելու‌ ‌միջավայրի‌ ‌աղտոտումը:‌

‌Բնապահպանական‌ ‌իրավունքն‌ ‌ունի‌ ‌շատ‌ ‌այլ‌ ‌կոմպոնենտներ,‌ ‌օրինակ բնապահպանական‌ ‌տեղեկատվության‌ ‌իրավունք,‌ ‌որն‌ ‌ամրագրված‌ ‌է‌ ‌‌Օրհուսի‌ ‌կոնվենցիայով‌‌ ‌և‌ ‌որով‌ ‌մաքուր‌ ‌միջավայրում‌ ‌առողջ‌ ‌ապրելու‌ ‌իրավունքն‌ ‌իրագործելու‌ ‌համար‌ ‌‌սահմանվում‌ ‌է‌‌ ‌բնապահպանական‌ ‌տեղեկատվության‌ ‌հասանելիության‌ ‌և‌ ‌որոշումների‌ ‌կայացումներում‌ ‌հանրային‌ ‌մասնակցության‌ ‌իրավունք‌ ‌և‌ ‌բնապահպանական‌ ‌արդարադատության‌ ‌մատչելիություն:‌ [5]

Բնապահպանական իրավունքի նոր կոմպոնենտներից է կլիմայական միգրանտների իրավունքները, հաշվի առնելով, որ վերջին տասնամյակների տնտեսական զարգացման քաղաքականությունները գրեթե ամենուր հանգեցրել են այնպիսի բնակլիմայական պայմանների, որոնց հետևանքով մարդիկ ստիպված են լքել իրենց բնակության վայրերը և փնտրել առավել անվտանգ և ապահով վայրեր: [6]

Բնապահպանական նոր տիպի իրավունքներից է նաև էկոլոգիական պարտքի հատուցման իրավունքը, որով զարգացող երկրները զարգացած երկրներից (կամ հարավային երկրները հյուսիսային երկրներից) կարող են պահանջել իրենց բնական ռեսուրսներն սպառելու, բնությունն ավիրելու ճանաչում և համարժեք փոխհատուցում: [6] Այս կապակցությամբ կիրառվում է նաև բնապահպանական ռասիզմ հասկացությունը, երբ զարգացած (արևմտյան) երկները զարգացող երկրներում ֆինանսավորում են այնպիսի ծրագրեր (աղբավայրի կառուցում, հանքերի շահագործում), որոնք երբեք չէին իրագործի իրենց երկրներում՝ հասկանալով դրանց հակաբնապահպանական հետևանքները: [7]

Բնապահպանական իրավունքը՝ որպես առանձին կետ ՄԱԿ-ի դաշնագրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի դաշնագրերում դեռևս առանձին բնապահպանական իրավունք չկա. այն փոխկապակցված է այլ իրավունքների հետ, ինչպես վերը քննարկված իրավունքների պարագայում: Սակայն մաքուր,‌ ‌անվտանգ,‌ ‌առողջ‌ ‌և‌ ‌կենսակայուն‌ ‌միջավայրի‌ ‌իրավունքի‌ ‌ոլորտում պետությունների‌ ‌պատասխանատվության‌ ‌վերաբերյալ‌ ‌ՄԱԿ-ի Հատուկ‌ ‌զեկուցող‌ ‌Դեվիդ‌ ‌Բոյդը,‌ ‌երկու տարի ուսումնասիրելով այս իրավունքի կիրառման աշխարհի լավագույն օրինակները, 2020թ-ին‌ Մարդու իրավունքների խորհրդին ներկայացրեց իր զեկույցը առաջարկելով խորհրդին մինչ 2021 թիվը որպես առանձին իրավունք ճանաչել բնապահպանական իրավունքը: [8]

Զեկույցում ներառվել է պետությունների ցանկ, որոնք օրենքով ճանաչում են անվտանգ, մաքուր, առողջ և կենսակայուն միջավայրի իրավունքը: Այս իրավունքն, օրինակ, ամրագրված է 111 պետությունների սահմանադրության մեջ, ինչն, ըստ զեկուցողի, կարևոր է, քանի որ սահմանադրությունը պետության իրավական համակարգի ամենահիմնարար օրենքն է, մյուս կողմից էլ սահմանադրությունն արտացոլում է հանրության արժեքներն ու ձգտումները: [8]

Ընդհանուր առմամբ այս զեկույցն հավաքագրել է առողջ, անվտանգ, մաքուր և կենսակայուն միջավայրի իրավունքի վերաբերյալ աշխարհում լավագույն փորձի հարյուրավոր օրինակներ: Զեկույցը ցույց է տալիս, որ բազմաթիվ գործողություններ կան, որոնց ձեռնարկման շնորհիվ հնարավոր է ապահովել մաքուր օդ, ջուր, սնունդ, միջավայր և անվտանգ կլիմա: Զեկույցը նաև հիշեցնում է, որ միջավայրի պաշտպանությունը ապահովում է մարդու իրավունքների իրագործումը, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունն էլ փոխադարձաբար աջակցում է բնական միջավայրի պահպանությանը: Ուստի բոլոր պետությունները պետք է ձեռնարկեն քայլեր և տրամադրեն ամեն հնարավոր ռեսուրսները՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում իրենց ստանձնած պարտավորություններն իրագործելու և կլիմայական մարտահրավերները հաղթահարելու համար: [8]

Բնապահպանական իրավունքը բնության տեսանկյունից[խմբագրել | խմբագրել կոդը]

‌Բնապահպանական իրավունքները նաև զուտ էկոլոգիական իրավունքների համախումբն է, ինչպես, օրինակ, կոնկրետ որևէ կենսաբանական տեսակի գոյատևման իրավունքը: [6] Բազմաթիվ կոնվենցիաներ կան, որոնցով սահմանվում է նաև պետությունների՝ կենսաբազմազանության պահպանման պարտավորությունները ՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիան, Կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիան, Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի, պահպանության մասին (Ռամսարի) համաձայնագիր, Համաշխարհային բնական և մշակութային ժառանգության պահպանության մասին համաձայնագիր և այլն:

Բացի այդ աճում է երկրների թիվը, որոնց սահմանադրությամբ սահմանվում է կենսաբազմազանության և բնության հանդեպ պարտավորվածությունների ամրագրումը: Բութանի սահմանադրությունն անգամ սահմանում է, որ պետության հողատարածքի 60 տոկոսը պետք է մշտապես անտառածածկ լինի: Կան երկրներ էլ, որոնց սահմանադրությունները նախատեսում են նաև բնության և կենդանիների իրավունքը, ինչպես Բոլիվիայի և Էկվադորի դեպքում: [9] Մասնավորապես Էկվադորը սահմանում է Պաչամամայի՝ Մայր Երկրի իրավունքը, քանի որ նման քայլով ոչ միայն պաշտպանվում է բնության, ալև բնությունից կախում ունեցող յուրաքանչյուրի իրավունքը: [10]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Environmental Rule of Law» (PDF). UN Environment.
  2. «What are Environmental Rights». UN Environment.
  3. 3,0 3,1 «ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիր». 1966.
  4. «CESCR General Comment No. 15: The Right to Water». Global Health and Human Rights. 2002.
  5. «Կոնվենցիան հայերենով» (PDF).
  6. 6,0 6,1 6,2 «Environmental rights are human rights». Friends of the Earth International.
  7. «Ինչու «կանաչ» քաղաքականությունը կանաչ չէ բոլոր համար». EVN Report. 2018.
  8. 8,0 8,1 8,2 «Good Practices in Implementing the Right to a Healthy Environment - 2020». 2020.
  9. «The Constitution of the Republic of Ecuador: Pachamama Has Rights». Environment & Society Portal.
  10. «Environmental Rights». Pachamama Alliance.