Մասնակից:Anna Watson Holmes/Ավազարկղ11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուսի Փևենսի
Նարնիայի ժամանակագրությունների հերոս
ՍտեղծողՔ.Ս. Լյուիս
Տեղեկություններ
Սեռիգական
ԿոչումԹագուհի Լյուսի Քաջարի
Ազգությունանգլիացի

Լյուսի Փևենսին Ք.Ս. Լյուիսի «Նարնիայի ժամանակագրություններ» վիպաշարի գեղարվեստական կերպար է: Նա չորս Փևենսի երեխաներից ամենակրտսերն է և առաջինն է, ով գտնում է պահարանի միջով մուտքը դեպի Նարնիա «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքում: Բոլոր Փևենսի երեխաներից Լյուսին է ամենասերտ շփումն ունենում Ասլանի հետ: Բացի այդ, բոլոր մարդկանցից, ովքեր երբևէ այցելել են Նարնիան, Լյուսիի հավատը Նարնիայի վերաբերյալ հավանաբար ամենամեծն է: Նա թագադրվում է որպես թագուհի Լյուսի Քաջարի և իշխանակցում է Նարնիայում իր երկու եղբայրների և քրոջ հետ: Վեպերում Փևենսիներից Լյուսին է կենտրոնական կերպարը: Լյուսին գլխավոր կերպարն է յոթ գրքերից երեքում («Առյուծը, կախարդը և զգեստապահարանը», «Արքայազն Կասպիանը» և «Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը»), ինչպես նաև երկրորդական կերպար է երկու այլ գրքերում («Ձին և իր տղան» և «Վերջին ճակատամարտը»):

2005 թվականի «Նարնիայի ժամանակագրություններ: Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ֆիլմում Լյուսիի կերպարը մարմնավորում է Ջորջի Հենլին, նա նորից է կատարում այդ դերը նաև «Նարնիայի ժամանակագրություններ: Արքայազն Կասպիանը» 2008 թվականի ֆիլմում [1]: Ջորջիի ավագ քույր Ռեյչել Հենլին մարմնավորում է ավելի մեծ տարիքով Լյուսիի կերպարը առաջին ֆիլմի վերջում: Ջորջի Հենլին Լյուսիի դերը խաղում է նաև ֆիլմաշարի երրորդ ֆիլմում՝ 2010 թվականի «Նարնիայի ժամանակագրություններ: Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը»:

Լյուսի Փևենսիի կերպարը ոգեշնչված էր Ջուն Ֆլյուեթթով [2]: Նա լոնդոնցի բարեպաշտ մի աղջիկ էր, որը 1942 թվականին իր մենաստանի կողմից տարհանվել էր Քիլնս՝ Լյուիսի առանձնատուն [3]: Լյուիսը Լյուսիին անվանել է Լյուսի Բարֆիլդի պատվին, ում կնքահայրն էր Լյուիսը և ում նվիրված է «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գիրքը: Լյուսին գրքերում նկարագրվում է շիկահեր. «Ինչ վերաբերում է Լյուսիին, նա միշտ զվարթ էր ու ոսկեմազիկ էր, և տարածաշրջանի բոլոր արքայազները ցանկանում էին, որ նա իրենց թագուհին լինի, իսկ իր ժողովուրդը կոչում էր նրան թագուհի Լյուսի Քաջարի»[4]:

Լյուսին չորսից ամենահավատարիմն էր և ամենամոտն էր Ասլանին: Նա երբեք չէր դադարում հավատալ Նարնիային: Անգլիայում գնացքի վթարի արդյունքում մահանալուց հետո Լյուսին իր եղբայրների՝ Փիթերի և Էդմունդի, ինչպես նաև Նարնիայի այլ բնակիչների հետ տեղափոխվում է Ասլանի երկիր:

Կերպարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսին Փևենսիներից ամենազգայունն է ու անձնվերը: Հենց այդ պատճառով է նա տեսնում Ասլանին կիրճից այն կողմ «Արքայազն Կասպիան» գրքում, մինչդեռ իր եղբայրներն ու քույրը ավելի թերահավատ են և պակաս հակված կույր հավատքի: «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքում Լյուսին փոքր երեխա էր և գտնվում էր անծանոթ տանը առանց իր մորը: Նա նաև չափազանց խոցելի էր ու զգում էր անվտանգության, հրաշքի և որևէ բանի կարիք, ինչին կարելի էր հավատալ: Իր եղբայր Էդմունդը անգթորեն ծաղրում էր նրան Նարնիային հավատալու և «մանկական խաղեր» խաղալու պատճառով: Երբ Լյուսին բացահայտում է, որ Էդմունդը ևս այցելել է պահարանում գտնվող աշխարհը, սակայն միևնույն է շարունակում է պնդել, որ նրանք խաղում էին, նա անչափ վիրավորվում է, քանի որ նրա հավատը մարդկայնության և իր եղբայրների ու քրոջ նկատմամբ սեփական համոզմունքների հանդեպ տատանվում է:

Լյուսին սիրում է կենդանիներին և ընկերանում է բազմաթիվ արարածների հետ: Նա շատ է հուզվում «Արքայազն Կասպիանում», երբ բացահայտում է, որ թելմարինները ոչ միայն ներխուժել են Նարնիա, այլ նաև ճնշել են այնտեղի արարածներին, աստվածային և կիսաստվածային էակներին, որոնց շնորհիվ Նարնիան այդպիսի յուրահատուկ վայր էր: Նրա գիշերային թափառումը անտառի միջով, նրա փափագը տեսնելու, թե ինչպես են պարում անտառային ոգիների և նորից մաս կազմում բնության և կյանքի հետ նրանց շփմանը, սիրո, հույսի ու հիասթափության այն խորը պահերից մեկն է, որին մենք մասնակից ենք լինում Լյուսիի հետ միասին իր հոգևոր ճանապարհորդության ընթացքում: Լյուսին երբեք չի դադարում հավատալ Նարնիային, և այդ հավատը նրան քաջություն է փոխանցում: Այդ իսկ պատճառով նա ավելի արկածախնդիր է, քան իր քույր Սյուզընը: Լյուսին ունի մեծ ցանկություն օգնելու մյուսներին, ինչը խորհրդանշում է այն բուժիչ խմիչքը, որը նրան նվիրել էր Ձմեռ պապը և որը նախատեսված էր դրա կարիքն ունեցողների համար: Այդ խմիչքը սակայն հարկավոր էր օգտագործել խնայողաբար: «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքում ռազմի դաշտում Ասլանի դասն էր օգտագործել այդ ուժը առանց կողմնակալության և չկառչել իր կողմից ամենաշատը սիրվածների կարիքներից:

«Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսիի եղբայրներ Փիթերը ու Էդմունդը և քույր Սյուզընը սկզբում չեն հավատում նրան Նարնիայի վերաբերյալ, սակայն ավելի ուշ բոլորը գտնում են դեպի Նարնիա իրենց ճանապարհը:

Լյուսին Փևենսիներից առաջինն է հայտնվում Նարնիայում՝ անցնելով պրոֆեսորի հին առանձնատանը գտնվող կախարդական զգեստապահարանի միջով: Լյուսիի գտած Նարնիայում հարյուրամյա ձմեռ է, և այնտեղ իշխում է Սպիտակ կախարդը՝ Նարնիայի չար ու ինքնահռչակ թագուհին: Այնտեղ նա հանդիպում է պարոն Թումնուսին, իսկ ավելի ուշ կուղբերին: Սակայն Նարնիա Լյուսիի երկրորդ այցելության ժամանակ, երբ նա հյուրընկալվում էր պարոն Թումնուսի տանը, այնտեղ է սողոսկում նաև իր եղբայր Էդմունդը, ում պատահաբար հանդիպում է Սպիտակ կախարդը: Էդմունդը, ով մինչ այդ արդեն ծաղրում էր Լյուսիին «կախարդական» երկրի գոյությանը հավատալու պատճառով, շարունակեց նույն չարությամբ վերաբերվել Լյուսիին՝ ժխտելով այն փաստը, որ իրենցից որևէ մեկը եղել է Նարնիայում: Երբ բոլոր երեխաները մտնում են Նարնիա, Էդմունդը ճողոպրում է կուղբերի տնից և գնում Սպիտակ կախարդի մոտ:

Փիթերի, Սյուզանի, պարոն և տիկին Կուղբերի հետ դեպի Քարե սեղանը ճանապարհորդության ժամանակ, նրանք հանդիպում են Ձմեռ Պապին, ով նրանց նվերներ է բաժանում: Լյուսին ստանում է մի սրվակ լցված կախարդական հեղուկով, որը կարող է բուժել գրեթե ցանկացած վնասվածք, և փոքր դաշույն, որի օգնությամբ նա կարող է պաշտպանվել «ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»: Իսկ այդ ժամանակ Էդմունդը դավաճանեց կուղբերին և միացավ սպիտակ կախարդին: Իրենց առաջին հանդիպման ժամանակ, երբ Էդմունդը մտավ զգեստապահարան հետևելով Լյուսիին, նա գայթակղվեց կախարդի տված իշխանության խոստումներով:

Լյուսին իր ուղեկիցների հետ ժամանում է Ասլանի ճամբար, իսկ ավելի ուշ՝ նույն գիշերը, նա Սյուզանի հետ մխիթարում է Ասլանին դեպի մահը տանող նրա ճանապարհին, թեև ողջ ընթացքում նրանք չգիտեին Ասլանիմ սպասվող ճակատագրի մասին: Երկու աղջիկները նաև ականատես են լիոնւմ նրա զոհաբերության տեսարանին: Քանի դեռ իրենց եղբայրները գնում են պատերազմի, Լյուսին և իր քույրը տեսնում են, թե ինչպես Ասլանը կյանքի է վերադառնում, և օգնում են նրան արթնացնել Սպիտակ կախարդի դղյակում քարի վերածված արարածներին: Նրանք հանդիպում են եղբայրներին ճակատամարտի վերջում:

Քեր Փարավելում նա թագադրվում է Ասլանի կողմից որպես Նորին Մեծություն Թագուհի Լյուսի և այսպիսով դառնում Նարնիայի իշխանակիցը: Դրանով իսկ նշանավորվում է հնադարյան մարգարեության իրականացումը և Սպիտակ կախարդի թագավորության ավարտը: Լյուսիին կոչում են թագուհի Լյուսի Քաջարի, և Փևենսիների թագավորության ժամանակը դառնում է Նարնիայի ոսկե դարի ժամանակաշրջան:

Տարիներ անց սպիտակ եղնիկի որսի ժամանակ Լապտերային հովտում Փևենսիները նկատում են այն ճրագասյունը, որտեղ Լյուսին հանդիպել էր պարոն Թումնուսին: Նրանք զգեստապահարանի միջով վերադառնում են Անգլիա, որտեղ գեթ մեկ րոպե չի անցել և նրանք նորից երեխաներ են:

«Ձին և իր տղան» գրքում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ձին և իր տղան» գրքի իրադարձությունները զարգանում են Փևենսիների թագադրությունից հետո և «Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» գրքում Անգլիա իրենց վերադարձից առաջ: Լյուսին այստեղ երիտասարդ կին է, որն օգնության է հասնում Արչենլենդին: Արքայազն Քորինը նրան նկարագրում է որպես չարաճճի և ոչ նույնքան կանացի օրիորդի, որքան իր քույրն է՝ թագուհի Սյուզընը, որն «իսկական լեդի» է: Նա օգնում է թագավոր Լյունին ողջունել Արավիսին Անվարդ և օգնում է պատրաստել Արավիսի սենյակը և հագուստները:

«Արքայազն Կասպիանը» գրքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսին (որն ասյտեղ 9 տարեկան է) «Արքայազն Կասպիանը» գրքում կրկին ճանապարհորդում է Նարնիա Փիթերի, Սյուզընի և Էդմունդի հետ: Այս գրքում Լյուսին սկզբում միակն է, ով տեսնում է Ասլանին և նա դժվարությամբ փորձում է համոզել եղբայրներին և քրոջը, ինչպես նաև թզուկ Թրամփկինին, որ Ասլանը վերադարձել է` այսպիսով կրկնելով առաջին գրքում իր անցած փորձությունը: Սակայն Էդմունդը հավատում է Լյուսիին և սատարում նրան, քանի որ Լյուսին ճիշտ էր նաև Նարնիայի գոյության մասին: Ասլանը ասում է Լյուսիին, որ նա նորից փորձի և հետևի նրան միայնակ, եթե մնացածը հրաժարվեն գալ իր հետ: Լյուսին նշում է, որ Ասլանը մեծացել է, չնայած իրականում մեծացել է ինքը:

«Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը» գրքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Սյուզընը ճանապարհ է ընկնում դեպի Ամերիկա պարոն և տիկին Փևենսիների հետ, իսկ Փիթերը պարապում է պրոֆեսոր Քիրքի հետ, Լյուսին (11 տարեկան), Էդմունդը և նրանց զարմիկ Յուսթըսը հայտնվում են Նարնիայում կախարդական նկարի միջոցով: Այս գիրքը գլխավորապես գրված է Լյուսիի տեսանկյունից: Գրքի վերջում Ասլանը պնդում է, որ նա և Էդմունդը Սյուզընի և Փիթերի նման մեծացել են Նարնիայի հրաշքների համար:

«Վերջին ճակատամարտը» գրքում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերջին ճակատամարտը» գրքում Լյուսին երկրորդական դեր է խաղում և կրկին վերադառնում է Նարնիա իր եղբայրներ՝ գերագույն թագավոր Փիթերի և թագավոր Էդմունդի, ինչպես նաև Յուսթըս Սքրաբի, Ջիլլ Փոլլի, Փոլլի Փլամերի և Դիգորի Քիրքի հետ: Այստեղ նա դառնում է Նարնիայի ոչնչացման ականատեսը և շարունակում է ապրել Ասլանի կողմից ստեղծված նոր Նարնիայում: Նոր Նարնիայում վերամիավորվում են բոլոր մարդիկ և կենդանիները, որոնք ապրել էին Նարնիայում իր գոյության ժամանակ: Լյուսին նորից հանդիպում է իր հին ընկեր ֆավն Թումնուսին, և Ասլանը պատմում է նրան Անգլիայում տեղի ունեցած երկաթուղային վթարի մասին, որի արդյունքում զոհվել են Լյուսին, իր եղբայրները, ծնողները, Փոլլին, Դիգորին, Յուսթըսը և Ջիլլը: Լյուսին, Դիգորին, Փոլլին, Փիթերը, Էդմունդը, Յուսթասը և Ջիլլը հավերժ մնում են Ասլանի հայրենիքում, իսկ Սյուզընը մնում է Երկրի վրա. նրա վերջնական ճակատագիրըն անորոշ է:

Կերպարի մարմնավորումը ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 թվականի հեռուստասերիալում Լյուսիին մարմանվորում է Լիզ Քրաութերը:
  • 1980 թվականի BBC հեռուստասերիալում Լյուսիին մարմնավորում է անգլիացի դերասանուհի Սոֆի Ուիլքոքսը:
  • Walden Media «Նարնիայի ժամանակագրություններ» ֆիլմաշարում փոքր տարիքում Լյուսիին մարմնավորում է անգլիացի դերասանուհի Ջորջի Հենլին, իսկ մեծ տարիքում՝ իր քույր Ռեյչել Հենլին:

Այլ հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն փաստին, որ «Օզ/ Հրաշքների աշխարհի ժամանակագրությունների» (անգլ.՝ The Oz/Wonderland Chronicles) 0 հրապարակման մեջ ենթադրվում է, որ Ալիսայի, Ուենդի Դարլինգը և Դորոթի Գեյլի հետ մեկ սենյակում ապրում էր նաև Սյուզըն Փևենսին, նոր հրապարակված 1 ակնարկից հետո շատ երկրպագուների կարծիքով՝ այնտեղ պետք է լիներ Լյուսին:

Նա հայտնվում է նաև 2007 թվականի «Էպիկական ֆիլմում»: Նրան մարմնավորել է Ջեյմա Մեյսը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Caspian to be second Narnia movie». BBC. 2006-01-18. Վերցված է 2006-12-01-ին.
  2. The Daily Telegraph, 11 December 2005.
  3. Wilson, A.N. (2002). C.S.Lewis: A Biography. London: W. W. Norton & Company. ISBN 978-0-393-32340-5.
  4. Lewis, C.S. "The Lion, the Witch, and the Wardrobe", p. 201

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ford, Paul (2005), Lucy Pevensie (in The Companion to Narnia: A Complete Guide to the Magical World of C.S. Lewis' The Chronicles of Narnia), HarperSanFrancisco, ISBN 0-06-079127-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]