Մասնակից:Մարիամ Էվոյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դոմենիկո Դոլչե (իտալ.՝ Domenico Dolce, ), իտալացի մոդելագործ, Ստեֆանո Գաբանայի հետ «Dolce & Gabbana» նորաձևության տան հիմնադիրներից և համասեփականատերերից մեկն է։ Իտալիայի ամենահարուստ մարդկանցից է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմենիկոյի հայրն արհեստանոցի սեփականատեր է, իսկ մայրը՝ ներքնազգեստի խանութի կառավարիչը։ Դոմենիկոն ավարտել է Պալերմոյի քոլեջը և Միլանի Մարանհոնի ինստիտուտը։ 1980-ական թվականների սկզբին աշխատանքի է ընդունվել Ստեֆանո Գաբանայի արվեստանոցում, որտեղ ուսումնասիրել է նորաձևության ոլորտի աշխատանքի հիմունքները: 1982 թվականին՝ Գաբանայի՝ պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո, նրա հետ բացել է ատելյե, որը խորհրդատվական ծառայություններ էր մատուցում նորաձևության ոլորտի վերաբերյալ։ Սկբնական շրջանում նրանցից յուրաքանչյուրն աշխատում էր իր անունով: Ավելի ուշ մոդելավորողները խնայողության նպատակով միավորեցին իրենց ուժերը «Դոլչե և Գաբանա» միասնական ապրանքանիշի ներքո:

1985 թվականին՝ Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակներում, ներկայացրին կանացի հագուստի առաջին հավաքածուն, որը չունեցավ սպասված առևտրային հաջողությունը։ Գործընկերները մտադիր էին դադարեցնել բիզնեսը: Գաբանան չեղարկեց հաջորդ հավաքածուի համար գործվածքի պատվերը, սակայն Դոլչեի ընտանիքը կարողացավ նրանց գումար տրամադրել աշխատանքը շարունակելու համար։ Հաջորդ տարի՝ երկրորդ հավաքածուն ցուցադրելուց հետո, Դոլչեն և Գաբանան Միլանում բացեցին իրենց սեփական բուտիկը։ 1987 թվականին նրանք ցուցադրեցին իրենց տրիկոտաժի ճյուղը, իսկ 1989 թվականին՝ ծովափնյա հագուստը և ներքնազգեստը։ 1990 թվականին ստեղծեցին տղամարդկանց նորաձև հագուստի առաջին հավաքածուն: 2006 թվականից D & G-ն տրամադրում է հագուստ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համար:

2000 թվականին՝ համատեղ կյանքից և կարիերայից 15 տարի անց, Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան հրապարակավ մեկնաբանեցին իրենց անձնական հարաբերությունների բնույթը. նրանք արդեն երկար ժամանակ սիրեցյալներ էին[1]: 2004 թվականին նրանց անձնական հարաբերությունները խզվել են, և պահպանում են միայն գործնական հարաբերություններ:

2013 թվականի մարտին Դոմինիկո Դոլչեն «Ֆորբս» ամսագրի կողմից հռչակվել է իբրև աշխարհի ամենահարուստ 1000 մարդկանցից մեկը (736-րդ տեղում՝ 2 միլիարդ դոլար կարողությամբ) և 11-րդը Իտալիայի ունևորների ցանկում[2]:

Խուսափում հարկերից[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսին Իտալիայի կառավարությունը եկամուտները թաքցնելու մեջ մեղադրեց «Dolce & Gabbana» կազմակերպության սեփականատերերին։ 2004-2006 թվականներին նրանք իրենց՝ շուրջ 249 միլիոն եվրո արժողությամբ ակտիվները փոխանցել էին Լյուքսեմբուրգ՝ Gado հոլդինգային կազմակերպությանը։ 2013 թվականի հունիսի 19-ին Դոմինիկո Դոլչեն, Ստեֆանո Գաբանան և նրանց գործընկերները մեղավոր ճանաչվեցին 1 միլիարդ եվրո (1,3 միլիարդ դոլար) շահույթի հայտարարագրումից խուսափելու մեջ: Դատարանը ոճաբաններին դատապարտեց մեկ տարի ութ ամիս ազատազրկման և 500 հազար եվրո անձնական տուգանքի: Դոմենիկոյի եղբայր Ալֆոնսո Դոլչեի դատավճիռը մեկ տարի չորս ամիս ժամկետով ազատազրկումն էր: Իտալական օրենքի համաձայն՝ ոճաբանները բանտում չհայտնվեցին, քանի որ մինչև 3 տարի դատապարտվածների պատիժը փոխարինվում է տնային կալանքով կամ հասարակական աշխատանքով[3]: Ոճաբանները որոշեցին բողոքարկել պատիժը, բայց 2014 թվականի ապրիլի 30-ին վերաքննիչ դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ստորին ատյանի դատարանի որոշումը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]