Jump to content

Մասնակից:Կամո Աղավելյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Աղավելյան
մարտի 2, 1914-նոյեմբերի 23, 1958
ԾննդավայրԲաքու,
Մահվան վայրԵրևան
Զորատեսակ390 –րդ Հրաձգային դիվիզիա, 89-րդ Հրաձգային դիվիզիա
ԿոչումԽՍՀՄ Գնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Ղրիմի ճակատամարտ, Կերչի պաշտպանություն
Պարգևներ«Կարմիր աստղ» շքանշան, «Սովետական բանակի և նավատորմի 30-ամյակի համար» կրծքանշան, «Մարտական ծառայության համար»,

Ալեքսանդր Իվանի Աղավելյանը ծնվել է 1914 թվականի մարտի 2-ին՝ Բաքու քաղաքում, արհեստավորի ընտանիքում: Հայրը՝ Իվան Արտեմի Աղավելյանը, ով ծագումով Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի Տաթև գյուղից էր, երիտասարդ տարիքում նախ տեղափոխվել էր Շուշի, այնտեղ ամուսնացել, իսկ հետո կնոջ՝ Աննա Լազարի Խալաֆյանի հետ բնակություն հաստատել Բաքվում: Անցյալ դարասկզբին Բաքվում տեղի ունեցած հայկական կոտորածներից մի կերպ խուսափելով` 1920 թվականին Իվան Աղավելյանը ստիպված է լինում ընտանիքի հետ տեղափոխվել Թբիլիսի, որտեղ էլ Ալեքսանդրը դպրոց է ընդունվում և գերազանց գնահատականներով ավարտում: Ուսումնառությունը Ալեքսանդր Աղավելյանը շարունակում է Թբիլիսիի Անդրկովկասյան հաղորդակցական ուղիների ինստիտուտում և 1933 թվականին ավարտում այդ բուհի աշխատանքային ֆակուլտետը։ Իսկ 1935 թվականին Թբիլիսիի էլեկտրոկապի ինստիտուտի մեկամյա դասընթացին մասնակցելուց հետո զորակոչվում է խորհրդային բանակ։ Բանակ զորակոչվելուց հետո զինվորական կյանքը նրա համար ճակատագիր է դառնում։ Խորհրդային բանակում 1937 թվականին ավարտելով Անդրկովկասյան հետևակային դպրոցը և ստանալով լեյտենանտի կոչում` 1937 թվականի նոյեմբերին նշանակվում է Լենինականում տեղակայված 59-րդ լեռնահրաձգային գնդի դասակի հրամանատար։ Իսկ 1938 թվականին օգոստոսից մինչև 1940 թվականի ավարտը զբաղեցնում է Ալավերդու զինկոմիսարիատի 1-ին բաժնի պետի պաշտոնը։ 1940 թվականի հունվարին նրան գործուղում են Մոսկվա` մասնակցելու շտաբային սպաների բարձրագույն ռազմական դպրոցի դասընթացներին: Ութ ամիս այդ դպրոցում ուսանելուց հետո վերադառնում է Հայաստան և մինչև Հայրենական մեծ պատերազմի սկսվելը` շարունակում իր ծառայությունը Ախտայի շրջանի զինկոմիսարիատի 1-ին բաժնի պետի պաշտոնում։ Հայրենական մեծ պատերազմի սկսվելու հենց առաջին օրը ստանալով ավագ լեյտենանտի կոչում` նա մեկնում է Ղրիմի ռազմաճակատ և ստանձնում 185-րդ հրաձգային գնդի վաշտի հրամանատարի պարտականությունները։ Խորհրդային բանակի շարքերում Հայրենական մեծ պատերազմի առաջին օրվանից մինչև նրա հաղթական ավարտը Ալեքսանդր Աղավելյանը մասնակցել է տարբեր մարտական գործողությունների` զբաղեցնելով բավականին պատասխանատու պաշտոններ։ Չորս ամիս վաշտի հրամանատարի գործառույթներն իրականացնելուց հետո 1941թվականի հոկտեմբերին նրան նշանակում են Ղրիմի ռազմաճակատում գործող 224-րդ հրաձգային դիվիզիայի 1-ին բաժնի պետի տեղակալ։ 1942 թվականի ապրիլի վերջին Ալեքսանդր Աղավելյանին շնորհվում է կապիտանի կոչում, իսկ երեք շաբաթ անց նշանակվում է Ղրիմի ռազմաճակատում գործող 390-րդ հրաձգային դիվիզիայի առաջին բաժնի պետի պաշտոնում։ Այդ պաշտոնը ստանձնելուց մեկուկես ամիս հետո, որի ընթացքում նա Կերչի պաշտպանության ժամանակ վիրավորվել և հասցրել էր ապաքինվել, նշանակվում է Անդրկովկասյան ռազմաճակատի 45-րդ բանակի օպերատիվ շտաբի պետի ավագ օգնական։ Այդ պաշտոնում մեկ տարուն մոտ ժամանակահատված աշխատելուց հետո՝ 1943 թվականի հունվարին, Ալեքսանդր Աղավելյանին շնորհվում է մայորի կոչում։ Պատերազմական տարիներին զինվորական գործին Ալեքսանդր Աղավելյանի մատուցած ծառայությունները զինվորական վերադաս մարմինների կողմից գնահատվել են` նրան արժանացնելով պետական պարգևների. 1944 թվականի փետրվարի 3-ին պարգևատրել են «Մարտական ծառայության համար», 1944 թվականի մասյիսի 1-ին.՝ «Կովկասի պաշտպանության համար», 1945 թվականի մայիսի 9-ին՝ «Գերմանիայի դեմ հաղթանակի համար» կրծքանշաններով։ Պատերազմի ավարտից հետո 1946 թվականի ապրիլին Ալեքսանդր Աղավելյանը նշանակվում է Անդրկովկասյան զինվորական շրջանի 89-րդ հրաձգային դիվիզիայի օպերատիվ շտաբի պետ։ 1947 թվականի մայիսին տեղափոխվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որտեղ իր ծառայությունը շարունակում է ԼՂԻՄ-ի զինկոմիսարիատի երկրորդ բաժնի պետի պաշտոնում։ 1947 թվականի դեկտեմբերին Ալեքսանդր Աղավելյանին շնորհվում է փոխգնդապետի կոչում։ Լեռնային Ղարաբաղում զինկոմիսարիատի բաժնի պետի պաշտոնում աշխատում է մինչև 1949 թվականի տարեվերջ։ ԼՂԻՄ-ում աշխատելու ժամանակ` 1948 թվականի փետրվարին Ալեքսանդր Աղավելյանը պարգևատրվում է նաև «Սովետական բանակի և նավատորմի 30-ամյակի համար» կրծքանշանով: Ստեփանակերտում գտնվելու տարիներին զուգահեռաբար սովորում է Կոմունիստական կուսակցության Մարքսիզմ- լենինիզմի բարձրագույն դպրոցում և 1949 թվականին ավարտում։ 1949 թվականի դեկտեմբերից մինչև 1956 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում ն րան են վստահում Անդրկովկասյան զինվորական օկրուգում տեղակայված 7-րդ գվարդիական բանակի 400-րդ հրաձգային գնդի նախ` շտաբի պետի, այնուհետև` գնդի հրամանատարի պաշտոնները։ Զինվորական ծառայության այդ ժամանակահատվածում` 1951 թվականին Ալեքսանդր Աղավելյանն արժանանում է ԽՍՀՄ բարձրագույն պարգևներից մեկին՝ «Կարմիր աստղ» շքանշանի, իսկ 1952 թվականի փետրվարին` գնդապետի կոչման։ Նա հեռակա ուսուցմամբ 1952 թվականին ավարտում է նաև Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ ԽՄԿԿ 20-րդ համագումարից հետո ազգային դիվիզիաների լուծարման և բանակի զորաքանակի կտրուկ կրճատման պատճառով, 1956 թվականին նա զորացրվում է և ՀԽՍՀ Աշտարակի շրջանում նշանակվում Արտաշավանի անասնաբուծական սովխոզի տնօրեն: Սովխոզի տնօրեն նշանակվելուց հետո, մասնագիտության կտրուկ փոփոխության պատճառով, իր համար բոլորովին նոր այդ բնագավառի նրբություններին խորապես տեղեկացված լինելու միտումով, 1957 թվականին բավականաչափ առաջացած տարիքում ընդունվում է Երևանի անասնաբուծականանասնաբուժական ինստիտուտի հեռակա բաժինը, սակայն երկրորդ կուրս փոխադրվելուց որոշ ժամանակ անց` 1958 թվականին Ալեքսանդր Աղավելյանը հանկարծամահ է լինում` կնքելով բավականին կարճ, սակայն բովանդակային առումով անչափ հագեցած իր կյանքի մահկանացուն։ Ալեքսանդր Իվանի Աղավելյանը վախճանվել է 1958 թվականի նոյեմբերի 23-ին Երևան քաղաքում Ուներ չորս երեխա` Իգորը, Էդուարդը, Սերգեյը և Ելենան[1]։

  1. https://syuniacyerkir.am/uploads/files/%E2%84%96_596_(08).pdf