Մակուի իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մակուի հայկական իշխանություն, Արտազի հայկական իշխանություն, ստեղծվել է XIII դ. կեսին, Վասպուրականի Արտազ գավառում։ Իշխանանիստն էր Մակու քաղաքը։ Օգտվելով Կիլիկյան Հայաստանի և մոնղական պետության միջև կնքված դաշնագրով (1254) քրիստոնյաներին ընձեռած հնարավորություններից, Արտազի Սուրբ Թադեոսի վանքում նստող եպիսկոպոսների տոհմն իր ձեռքում կենտրոնացրել է նաև գավառի աշխարհիկ իշխանությունը։ Արտազի կիսանկախ իշխանության տերերը (պարոնտեր, եպիսկոպոս Զաքարիան, նրա եղբայր Պետրոսը) XIII դ. 2-րդ կեսին ամրացրել են Մակուի բերդը, կառուցել կամուրջներ, կարգի բերել ճանապարհները, հիմնել վանքեր (այդ թվում՝ Ծործորի Սուրբ Աստվածածին վանքը՝ Մակուից 20 կմ հարավային)։ Արտազի հայ ավատատերերը, քաղաքային բնակչության որոշ խավեր, հավատալով Եվրոպայից օգնություն ստանալու սին խոստումներին, ընդունել են կաթոլիկություն։ Մակուի հայկական իշխանության մշակութային կենտրոն Ծործորի վանքում Հովհաննես Ծործորեցի րաբունապետի ու նրա հետևորդների ջանքերով հիմք է դրվել հայ ունիթոռական գրականությանը, թարգմանվել են կաթոլիկ հեղինակների գործեր և այլն։ Օտար նվաճողների դեմ անհավասար կռիվներում Մակուի հայկական իշխանությունը թուլացել է։ XIV դ. վերջին այն հաջող դիմադրություն է ցույց տվել Լենկթեմուրին, սակայն Մակուի հայկական իշխանության տեր Նուր ադ Դին իշխանը ստիպված ընդունել է նրա գերիշխանությունը։ Մակուի հայկական իշխանությանը վերջ է տվել կարակոյանլու Իսքանդարը՝ 1426 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 182 CC-BY-SA-icon-80x15.png