Մաթեմատիկական պապիրուսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մաթեմատիկական պապիրուսներ, Հին Եգիպտոսի մաթեմատիկական գիտության հուշարձաններ, վերաբերում են Միջին թագավորության շրջանին (մոտ 21-րդ դար-մոտ 18-րդ դար մ. թ. ա.)։ Առավել հայտնի են Ռինդի և Մոսկովյան պապիրուսները։

Ռինդի պապիրուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռինդի պապիրուսը [տիրոջ՝ եգիպտագետ Գ.Ռինդի (Rhind) անունով, գտնվում է Բրիտանական թանգարանում (Լոնդոն)] առաջին անգամ ուսումնասիրել և գերմաներեն հրատարակել է Ա.Այզենլորը 1877 թվականին (այս պապիրուսը հայտնի է նաև Ահմեսի պապիրուս անունով՝ կազմող և գրիչ Ահմեսի անունով)։ Ռինդի պապիրուսն ընդգրկում է կիրառական բնույթի 84 խնդիրների լուծումներ, որոնք վերաբերում են կոտորակների նկատմամբ գործողություններին, ուղղանկյան, եռանկյան, սեղանի և շրջանի մակերեսների հաշվարկներին (որպես վերջինիս մակերես ընդունվում է տրամագծի 8/9-ին հավասար կողմով քառակուսու մակերեսը), ուղղանկյուն զուգահեռանիստի և գլանի ծավալների հաշվարկներին, պարունակում է նաև համեմատական բաժանման, հացահատիկի և նրանից ստացվող հացի կամ գարեջրի քանակական հարաբերության վերաբերյալ խնդիրներ։ 79-րդ խնդրի լուծումը հանգում է երկրաչափական պրոգրեսիայի գումարի հաշվարկի։ Սակայն այս բոլոր խնդիրների լուծման համար չի տրվում որեէ ընդհանուր կանոն և չի արվում որևէ տեսական ընդհանրացում։

Մոսկովյան պապիրուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկովյան պապիրուսը [գտնվում է Ա.Ս.Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում ] ուսումնասիրել են ռուս եգիպտագետներ Բ.Ա.Տուրաևը (1917) և Վ.Վ.Ստրուվեն (1927), ամբողջությամբ հրատարակվել է գերմաներեն (1930)։ Պարունակում է 25 խնդիր՝ նույն տիպի, ինչ Ռինդի պապիրուսի խնդիրներն են։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում 10 և 14-րդ խնդիրները։

  • 10-րդ խնդրում հաշվվում է կիսագլանի (կամ, հնարավոր է, կիսագնդի) կողմնային մակերևույթը։ Սա մաթեմատիկական գրականության մեջ կոր մակերևույթի մակերես հաշվելու առաջին օրինակն է։
  • 10-րդ խնդրի լուծումը հիմնված է քառակուսի հիմքով հատած բուրգի ծավալի ճշգրիտ բանաձևի վրա։

Մաթեմատիկական պապիրուսների ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմելու Հին Եգիպտոսի մաթեմատիկական գիտելիքների մակարդակի մասին։ Տես նաև Եգիպտոս Հին, Տեխնիկան և գիտությունը բաժինը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 141 CC-BY-SA-icon-80x15.png