Հրեշտակ քրոջ համար
Հրեշտակ քրոջ համար My Sister’s Keeper | |
---|---|
Հեղինակ | Jodi Picoult? |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | Անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Simon & Schuster |
Հրատարակման տարեթիվ | ապրիլի 6, 2004 |
«Հրեշտակ քրոջ համար» (անգլ.՝ My Sister’s Keeper), ամերիկուհի գրող Ջոդի Փիքոլթի վեպը, որը հրատարակվել է 2004 թվականին։ Ստեղծագործությունը պատմում է 13 տարեկան Աննայի մասին, որը դատի է տվել իր ծնողներին, որպեսզի ստանա բժշկական էմանսիպացիա[1]։
Ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ վեպի գաղափարը Փիքոլթի մոտ հայտնվել է իր նախորդ՝ «Երկրորդ հայացք» ստեղծագործությունը գրելու ժամանակ։ Նա լսել էր մի ամուսնական զույգի մասին, որը որդի էր ունեցել, որպեսզի ծանր լեյկեմիայով տառապող իրենց դստերը եղբոր պորտալարային արյան բջիջների փոխներարկում կատարի[2]։
Փիքոլթն իր պաշտոնական կայքում ասում է, որ գրել է վեպը այդ պատմության ազդեցության տակ։ Նրան տանջում էր այն հարցը, թե ինչ է զգում այն երեխան, որը ծնվել է իր ազգականին փրկելու համար։ Հաջորդ խնդիրը, որի մասին խոսվում է գրքում, բժշկական նպատակներով մարդու ցողունային բջիջների օգտագործման և ուսումնասիրման բարոյագիտական կողմն է[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի գործողությունները տեղի են ունենում 2004 թվականին, ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգում, հորինված քաղաքում։ Աննա Ֆիցջերալդը ծնվել է այն նպատակով, որ դոնոր դառնա իր ավագ քույր Քեյթի համար, որը տառապում է լեյկեմիայով։ Աննան արդեն շատ վիրահատություններ է տարել, բայց երբ նա դառնում է տասներեք տարեկան, Քեյթին անհրաժեշտ է լինում դոնորային երիկամ։ Վիրահատությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ Աննայի առողջության համար հետագայում, ինչպես նաև օգուտ չտալ Քեյթին, և Աննան դիմում է դատարան, որ ստանա բժշկական էմանսիպացիա։
Աղջկա իրավունքները պաշտպանում է փաստաբան Քեմփբել Ալեքսանդրը։ Աննայի մայրը, ով նախկինում որպես փաստաբան է աշխատել, որոշում է ինքնուրույն պաշտպանել իր և ամուսնու շահերը։ Նա մի քանի անգամ խնդրում է աղջկան հրաժարվել հայցից, բայց Աննան չի համաձայնվում անել դա։ Շուտով ժամանակավոր խնամակալ Ջուլիա Ռոմանոյի խորհրդով աղջիկը տեղափոխվում է հրշեջային կայան, որտեղ աշխատում է իր հայրը՝ Բրայանը։ Այդ ժամանակ Աննայի և Քեյթի եղբայր Ջեսսին, ով զրկված է ծնողների ուշադրությունից, ամբողջ ժամանակն անցկացնում է տնային պայթուցիչի պատրաստման և թմրանյութեր օգտագործելու վրա։
Արդյունքում պարզվում է, որ Քեյթն էր խնդրել կրտսեր քրոջը դիմել դատարան, քանի որ չէր ցանկանում այլևս նրան տառապանք պատճառել և կարծում էր, որ մեռնելու է ամեն դեպքում։ Դատավորը որոշումը կայացնում է հօգուտ Աննայի։ Երբ Ալեքսանդրը և Աննան գնում են տուն, իրենց մեքենան մխրճվում է բեռնատարի մեջ։ Հիվանդանացում բժիշկները Սառային և Բրայանին ասում են, որ հույս չկա, որ իրենց աղջիկը կարող է կենդանի մնալ։ Այդ ժամանակ Ալեքսանդրը տալիս է իր համաձայնությունը երիկամի փոխպատվաստման համար։
Անցնում է վեց տարի։ Քեյթը գտնվում է ռեմիսիայի (հիվանդության ախտանիշների թուլացում) փուլում և պարի դասընթացներ է անցնում։ Նա ասում է, որ ամեն անգամ քույրերի տեսնելիս հիշում է Աննային։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վաշինգտոն Փոստ»-ի գրախոս Քեթրին Էրային (անգլ.՝ Katherine Arie) գրել էր, որ գրքում որոշ պահեր, օրինակ՝ Ջեսսիի և Բրայանի պահվածքի հետ կապված, վստահեցնող չեն, սակայն ընդհանուր առմամբ գիրքը անվանել է «կարդալու համար կլանող» (անգլ.՝ a thrill to read)[3]։
Publishers Weekly[en] թերթի գրախոսության մեջ գիրքը հիմնականում դրական է գնահատվել։ Քննադատի կարծիքով՝ Փիքոլթը վարպետորեն ուսումնասիրում է բարդ թեմա քաջությամբ և պարզությամբ (անգլ.՝ Picoult ably explores a complex subject with bravado and clarity)[4]։
Ամերիկայի գրադարանային ասոցացիայի կողմից հրապարակվող Booklist[en] թերթի գրախոս Կրիստինա Հանթլին (անգլ.՝ Kristine Huntley) վեպը նկարագրում է այսպես՝ գեղեցիկ, սրտաճմլիկ, վիճաբանական և անկեղծ (անգլ.՝ a beautiful, heartbreaking, controversial, and honest book)[5]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին ԱՄՆ-ում գիրքը էկրանավորվեց «Իմ պահապան հրեշտակը» անունով։ Ֆիլմի ռեժիսորը Նիկ Քասսավետիսն է, Աննայի դերակատարը՝ Էբիգեյլ Բրեսլինը, Սառայինը՝ Քեմերոն Դիասը, Քեյթինը՝ Սոֆյա Վասիլևան, իսկ Քեմփբելինը՝ Ալեք Բոլդուինը[6]։
Ֆիլմում փոխվել է վերջաբանը (Աննան հաղթում է դատը, իսկ Քեյթը մահանում է), ինչը հիասթափեցնում է Փիքոլթի արվեստի երկրպագուներից շատերին։ Իսկ ինքը՝ գրողը, ասել է, որ ավելի լավ կլիներ, եթե ֆիլմում թողեին բնագրի վերջաբանը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Palagano T. Must Read // Working Mother. — N. Y.: Working Mother Media, 2004. — В. 4. — Т. 27. — ISSN 0278-193X.
- ↑ 2,0 2,1 My Sister’s Keeper. A Short Synopsis
- ↑ Arie K. (2004 թ․ ապրիլի 4). «Spare Parts». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «MY SISTER'S KEEPER». Publishers Weekly. 2004 թ․ փետրվարի 16. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Huntley K. My Sister’s Keeper // Booklist. — American Library Association, 2004.
- ↑ Fleming M. (2008 թ․ փետրվարի 12). «Breslin, Vassilieva to star in 'Keeper'. Duo replaces Fanning sisters in New Line film». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Donahue D (2009 թ․ փետրվարի 3). «Ending for 'My Sister's Keeper' film veers from Picoult's book». USA Today. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «My Sister's Keeper. A Short Synopsis». Jodi Picoult — Краткое содержание романа на официальном сайте Джоди Пиколт. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.