Ցողունային բջիջներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Human embryonic stem cells.png

Ցողունային բջիջներ, քիչ դիֆերենցված կամ չդիֆերենցված բջիջներ։ Դեռևս 10-րդ դարի սկզբներին Ավիցեննան նշում էր, որ բժշկի գործիքներն են խոսքը, բույսը և դանակը։ Այդպես դարեր ի վեր ձևավորվել են բուժման հիմնական մոտեցումները՝ բուսաբուժություն (բույս), հոգեբուժություն (խոսք) և վիրաբուժություն (դանակ)։ Բժշկագիտության վերջին ձեռքբերումների շնորհիվ բուժման մոտեցումների շարքը համալրվել է ևս մեկով՝ բջջային տեխնոլոգիաներով, մասնավորապես ցողունային բջիջների միջոցով տարբեր հիվանդությունների բուժման նոր եղանակներով։ Ցողունային բջիջների կիրառման շնորհիվ ստեղծվել է բժշկության նոր բնագավառ՝ ռեգեներատիվ (վերականգնողական) բժշկություն։ Եթե վիրաբուժության հիմքում ընկած է «ավելորդի հեռացումը», ապա դրան հակառակ վերականգնողական բժկությունը գործում է «բացակայող բաղադրամասերի լրացման» սկզբունքով։ Վերջինս ներառում է էնդոգեն ցողունային բջիջների ակտիվացման կամ բջջային բուժման (բջիջների փոխպատվաստման) եղանակով վնասված հյուսվածքի վերականգնումը, երիտասարդության երկարաձգումը և հիվանդների կյանքի որակի բարելավումը[1]։

Հայտնաբերման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի 60-ականներին մի խումբ հետազոտողներ եկան այն եզրահանգմանը, որ ճառագայթվածին առողջ սինգեն մկից ստացված ողնուղեղային բջիջների մահացու չափաբաժնի ներերակային ներմուծումը բերում է փայծաղում արյունաստեղծ դիֆերենցված բջիջների գաղութների զարգացման։ Հետագայում Ա. Ֆրիդենշտեյնը աշխատակիցների հետ ապացուցեց, որ ողնուղեղում բացի արյունաստեղծ բնային բջիջներից կան նաև ստրոմալ բնային բջիջներ, որոնք կուլտիվացման ժամանակ ձևավորում են ֆիբրոբլաստանման բջիջների գաղութներ[2]։ Նմանատիպ գաղութների պատվաստումը հանգեցնում է ոսկրային կամ ճարպային հյուսվածքի ձևավորմանը։ Բնային բջիջների անվանումն առաջարկել է ռուս հյուսվածաբան Ա.Մաքսիմովը 1908 թվականին, նա նաև առաջարկել է «stammzelle» հասկացությունը, որը բնորոշվում է որպես լիմֆոցիտ բջիջ։ 1981 թվականին ամերիկացի կենսաբան Մարտին Էվանսը մկնիկի բլաստոցիստերից առաջին անգամ չդիֆերենցված Ցողունային բջիջների հոսքագծեր անջատեց։ 1988 թվականին Դ. Թոմսոնը և Դ. Գերհարդն անջատեցին սաղմնային ցողունային բջիջների «անմահ» հոսքագծեր։ Այդ հայտարարությունը «Գիտություն» («Science») ամսագիրը ներկայացրեց որպես մի իրադարձություն, որը հավասարազոր է մարդկության մեջ նվաճումների՝ երկշղթա ԴՆԹ-ի կամ մարդու գենոմի ծածկույթի հայտնաբերմանը և 1999 թվականն անվանեց «ցողունային բջիջների տարի»։

Ռեգեներատիվ բժշկությունը միտված է բարելավելու հիվանդների կյանքի որակը։ Չնայած սաղմնային բնային բջիջների առավելությանը, մի շարք հանգամանքներ սահմանափակում են բուժման նպատակով վերջիններիս թերապևտիկ կիրառումը մոտ ապագայում, մինչդեռ արյունաստեղծ կամ մեզենխիմային բնային բջիջների աուտոփոխպատվաստման եղանակները արդեն հաջողությամբ կիրառվում են վերջանյութերի իշեմիայի և սրտամկանի ինֆարկտի բուժման նպատակով[3]։ Արյունաստեղծ կամ մեզենխիմային բնային բջիջները տեղակայված են հիմնականում ոսկրածուծում և ճարպային հյուսվածքում, որտեղ և վերածվում են արյան ձևավոր տարրերի։ Ի հաշիվ վերջիններիս ճկունության և բազմապոտոնտության (մուլտիպոտենտության), վնասված օրգանի և հյուսվածքի միկրոշրջապատում նրանք ունակ են վերածվելու օրգաններին հատուկ բջիջների[4]։ Օրինակ՝ կարդիոմիոցիտների, ԿՆՀ-ի (կենտրոնական նյարդային համակարգ) բջիջների, հեպատոցիտների, անոթային էնդոթելիումի բջիջների և այլն։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ծագման, ցողունային բջիջները լինում են սաղմնային և սոմատիկ։ Առաջիններն ունակ են անսահմանափակ ժամանակով պահպանվել կուլտուրայում և անհրաժեշտության դեպքում դիֆերենցվել՝ վերածվելով հասուն օրգանիզմի բոլոր տեսակի բջիջների։ Սոմատիկ ցողունային բջիջներն օժտված են դիֆերենցման սահմանափակ հնարավորություններով և հետևաբար սահմանափակ պրոլիֆերատիվ ներուժով։ Բուժման նպատակով վերջիններիս օգտագործման համար կարևորվում է սոմատիկ ցողունային բջիջների ճկունությունը՝ տարատեսակ բջիջների վերածվելու համատեքստ կախյալ դիֆերենցման հատկությունները։ Ենթադրվում է, որ արյունաստեղծ ու մեզենխիմային ցողունային բջիջների դիֆերենցումը ընթանում է հիերարխիվ փուլային հասունացման սկզբունքով՝ միջանկյալ ինտենսիվ պրոլիֆերացիայի հատկությամբ օժտված նախաբջիջների օգնությամբ ցողունային բջիջների կիրառումը բժշկության մեջ առայժմ հիմնականում գտնվում է նախակլինիկական հետազոտությունների փուլում։

Ըստ դիֆերենցման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունային բջիջները դասակարգվում են՝

  • Տոտիպոտենտ բջիջներ, որոնք կարող են ձևափոխվել սաղմնային և արտասաղմնային բջիջների։
  • Պլյուրիպոտենտ բջիջներ որոնք ունակ են վերածվելու սաղմի բջիջների։ Դրանց շարքին են դասվում սաղմնային ցողունային բջիջները, սեռական առաջնային և սաղմնային կարցինոմաների բջիջները։
  • Այլ տեսակի ցողունային բջիջներ, որոնք տեղակայված են հասուն օրգանիզմի հյուսվածքներում և կոչվում են հասուն կամ հյուսվածքային ցողունային բջիջներ (adult stem cells)։ Դրանք տարբերվում են դիֆերենցման հնարավորություններով՝ մուլտիպոնտենտից մինչև ունիպոնտենտ

Վերջին տարիներին ցողունային բջիջներն առավել հաճախ դասակարգվում են ըստ ստացման աղբյուրների՝ սաղմնային, ֆետալ (հղիության արհեստական ընդհատման փորձանմուշներից անջատված) և հասուն օրգանիզմի ցողունային բջիջներ։ Մի շարք երկրներում էթիկական և ազգային առանձնահատկություններից ելնելով արգելված է ֆետալ (պտղային) ցողունային բջիջների ստացումը և կիրառումը։ Ներկայումս ցողունային բջիջներն առավել հաճախ ստացվում են պորտալարից։ Նման ցողունային բջիջները, որպես ողնուղեղի փոխպատվաստման այլընտրանք, կիրառվել են 1988 թվականին Փարիզում։ Ֆանկոնիի սակավարյունությամբ տառապող երեխային փոխպատվաստել էին քրոջ պորտալարից անջատված ցողունային բջիջներ։ Վիրահատությունը հաջող ավարտ ունեցավ, որը հիմք դարձավ ողջ աշխարհում կատարելու 100-ավոր հետազոտություններ, ստեղծվեցին պորտալարային արյան բանկեր՝ նախ ԱՄՆ-ում և Եվրոպայում, ապա Ռուսաստանում և այլ երկրներում։ Երկար ժամանակ բժշկության մեջ դաշտանի արյունը դիտարկվում էր որպես անպետք նյութ։ Սակայն այժմ գիտնականներն առաջարկում են այդ արյունից բնային բջիջներ առանձնացնել և պահել բանկերում։ Արդեն 1000 կին իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցել այդ նախագծին, որը սկսվել է Հնդկաստանում։ Նախագիծը կոչվում է Life Cell Femme։ Գիտնականների խոսքերով՝ նման ձևով ստացված բնային բջիջները շատ նման են ողնուղեղի բջիջներին[5]։ Բնային բջիջները սովորաբար բաժանվում են ու փոպակերպվում են այլ բջիջների՝ դառնալով նյարդային, սրտային, ոսկրային և ճարպային հյուսվածքի բջիջներ, ինչը թույլ է տալիս ակնկալել, որ այսպիսով հնարավոր է գտնել բազմապիսի հիվանդությունների բուժում։ Նախնական ուսումնասիրոիթյունները վկայում են, որ այս բջիջները կարող են օգտագործվել ոչ միայն դոնորի այլև նրա ընտանիքի անդամների կողմից։ Դրանք կարող են բուժել օստեոարթրիտ, ցրված սկլերոզ, սրտային հիվանդություններ, 1 տիպի շաքարախտ, ողնուղեղի վնասվածքներ, երիկամային ու թոքային անբավարարություն և այլն։ Ինչպես հայտարարում է Life Cell International ընկերության տնօրեն Մայուր Աբայան, դաշտանի արյան հավաքումը գրավում է շատ կանանց, քանզի դա անցավ է ու կարելի է կատարել տնային պայմաններում։ Մասնագետները խորհուրդ են տալիս հավաքել արյունը երիտասարդ տարիքում։

Ցողունային բջիջների օգտագործումը արդյունավետ է ավելի քան 50 ծանրագույն հիվանդությունների բուժման համար, այդ թվում՝ քրոնիկ լեյկեմիան, լիմֆատիկ և իմունային համակարգերի խանգարումները, ուղեղի և սրտի ծանր հիվանդությունները։ Բացի այդ ցողունային բջիջները լավ արդյունք են տալիս նաև պրոթեզավորման, արյունատար անոթների և այլ օրգանների աճեցման, ինչպես նաև օրգանիզմի երիտասարդացման գործընթացում։ Աճող օրգանիզմի միլիոնավոր բջիջներ առաջանում են սոսկ մեկ բջջից, որը կազմավորվում է տղամարդկանց և կանանց սեռական բջիջների միաձուլման արդյունքում։ Այդ բջիջը ոչ միայն պարունակում է օրգանիզմի մասին ամբողջ տեղեկատվությունը, այլև նրա հաջորդական զարգացման համակարգը։ Ցողունային բջիջները մարդու բոլոր օրգանների և հյուսվածքների բջիջների նախատիպերն են, որոնցից կազմվում են մնացած բոլոր տեսակի բջիջները՝ անոթային համակարգի, էնդոկրին օրգանների, ոսկրային, կռճիկային և մկանային հյուսվածքների։

Այդ բջջի կիսման առաջին մի քանի օրվա ընթացքում ստեղծվում է միանգամայն նույնանման չտեղակայված բջիջների գունդ։ Մոտավորապես 6-7 օր հետո այդ գնդիկը կազմավորում է բլաստացիստ, որը բաղկացած է բջիջների արտաքին շերտից։ Սա շրջապատում է հեղուկով և ցողունային բջիջներով լցված խոռոչը, որում և դրվում է օրգանիզմի մնացած բոլոր բջիջների սկիզբը։ Այդ պատճառով էլ ցողունային բջիջներն անվանվում են տոտիպոտենտ կամ ամենազոր։ Օրգանիզմի կարգավորիչ համակարգերից որևէ «անսարքության» մասին ազդանշան ստանալով՝ ցողունային բջիջները արյան միջոցով շտապում են դեպի վնասված օրգանը՝ վերականգնելով ցանկացած տիպի խնդիր՝ տեղում վերափոխվելով օրգանիզմին անհրաժեշտ բջիջի (ոսկորներում՝ օստեոբլաստներ, մկաններում՝ միոբլաստներ, երիկամներում՝ մեզենհիմալական, սրտամկանում՝ կարդիոմիոբլաստներ և նույնիսկ ուղեղի բջիջներ՝ նեյրոններ)։ Ցողունային բջիջներն ապահովում են վնասված օրգանների և հյուսվածքների վերականգնման գործընթացը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]