Հրամետալուրգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրամետալուրգիա, բարձր ջերմաստիճաններում ընթացող մետալուրգիական պրոցեսների համախումբ։ Համարվում է մետալուրգիայի հիմնական և հնագույն ճյուղերից։

Վաղ ժամանակներից մինչև 19-րդ դարի վերջը մետաղների ստացումը հիմնված էր հրամետալուրգիական պրոցեսների վրա։ 19-20-րդ դարերի սահմանաեզրին արդյունաբերական մեծ նշանակություն ստացավ մետալուրգիայի մեկ այլ ճյուղը՝ հիդրոմետալուրգիան։ Այնուամենայնիվ, հրամետալուրգիան, ինչպես իր կիրառման ծավալներով, այնպես էլ նշանակության կարևորությամբ, շարունակում է մնալ որպես մետալուրգիայի գլխավոր բնագավառ[փա՞ստ]։

20-րդ դարի սկզբից տաքացման բոցային եղանակներին զուգահեռ սկսեցին կիրառել նաև էլեկտրական տաքացման տարբեր ձևեր՝ աղեղային, ինդուկցիոն և այլն։ Արդյունաբերության մեջ համարյա միաժամանակ ներդրվեց քիմիական միացությունների հալույթների Էլեկտրոլիզը։ 20-րդ դարի 2-րդ կեսին տարածում գտան մետաղների պլազմային հալումը, զոնային հալումն ու էլեկտրոնաճառագայթային հալումը։

Ըստ տեխնոլոգիական հատկանիշների՝ հրամետալուրգիական պրոցեսները բաժանվում են թրծման, հալման, կոնվերտացման, զտման, թորման։ Թրծումն իրագործվում է եռացող շերտով վառարաններում։ Թրծման նպատակն է փոխել ելանյութի կազմում գտնվող միներալների քիմիական բաղադրությունը՝ նախապատրաստելով հետագա մշակման՝ հալման։ Պրոցեսն ընթանում է պինդ, գազային և հեղուկ ֆազերի փոխներգործությամբ։ Արդյունքում ստացվում է հալույթ, որը բաժանվում է երկու շերտի՝ մետաղ և խարամ կամ մետաղ և շտեյն։ Կատարվում է հորանաձև (դոմնային արտադրություն), անդրադարձիդ (մարտենյան արտադրություն) վառարաններում, էլեկտրավառարաններում ու այլ ագրեգատներում։ Հատուկ խումբ են կազմում հալման մետաղաջերմային պրոցեսները։ Կոնվերտացումը կարելի է դիտել որպես հալման տեսակ, որը հիմնված է էկզոթերմիկ ռեակցիաների ջերմության օգտագործման վրա և իրականացվում է կոնվերտերներում։ Զտող հալման նպատակն է մաքրել մետաղը խառնուկներից։ Թորումն իրականացվում է ռետորտային (ցինկի արտադրություն), հորանաձև (կապարի, ցինկի, անագի արտադրություն) և եռացող շերտով (տիտանի արտադրություն) վառարաններում։

Անդրկովկասը համարվել է մետալուրգիայի ստեղծման ու զարգացման կենտրոններից մեկը և այժմ էլ ունի հրամետալուրգիական զարգացած արդյունաբերություն։ Հատկապես աչքի է ընկնում Մեծամորի մետալուրգիական համալիրը, որը վկայում է, որ մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում Հայաստանում զարգացած էր հրամետալուրգիան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 619