Հունական կինեմատոգրաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունական կինեմատոգրաֆն ունի երկար ու հարուստ պատմություն։ Ընդհանուր առմամբ, հունական արտադրության ֆիլմերը գերակշռում են ներքին շուկայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական կինեմատոգրաֆի ծննդյան նախապատմությունը գալիս է 19-րդ դարից։ 1897 թվականի գարնանը Աթենքի բնակիչները դիտել են կարճամետրաժ ֆիլմեր։ 1906 թվականին առաջին սեփական ձայնագրություններն են ստեղծել Մանակի եղբայրները, Յոհանն ու Միտիադը, դեռևս օսմանյան տիրապետության տակ գտնվող Մակեդոնիայում, նույն թվականին ֆրանսիացի ռեժիսոր Լեոնսը թողարկել է 1906 թվականի Աթենքի արտահերթ օլիմպիական խաղերի նորությունների առաջին հավաքածուն։ Հունական առաջին լիամետրաժ ֆիլմը` «Գոլֆոն», ստեղծվել է 1914 թվականին, Asty Film ստուդիայի կողմից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կինոարտադրությունը սահմանափակվում էր վավերագրական ֆիլմերով և նորությունների թողարկումով։ Հատկապես նշանակալի են Գեորգիս Պրոկոպիուի և Դիմիտրիոս Գազիադիսի ժապավենները, որոնք ֆիքսում էին իրադարձությունները հենց կռվի դաշտում։ Այս տարիներից հայտնի է «Սմիրնայի այրումը» (1922)։ Առաջին կոմերցիոն հաջողությունը գրանցվել է 1920 թվականին, «Ο Βιλλάρ στα γυναικεία λουτρά του Φαλήρου» ֆիլմով, որի ռեժիսորը, սցենարի հեղինակն ու միաժամանակ գլխավոր դերակատարը Նիկոլաոս Սֆակիանակիսն էր։ 1928-1931 թվականներն մեծ հաջողություն ունեին Dag-Film ստուդիայի աշխատանքները, հիմնականում` պատմական ֆիլմեր, ինչպես նաև` վեպերի կինոմշակումներ։ Առավել հայտնի ֆիլմերից են «Էրոս և ալիքներ» («Έρως και κύματα», 1928), Դափնե և Քլոե («Δάφνις και Χλόη»1931): Վերջին ֆիլմում հույն կինեմատոգրաֆիստները եվրոպական կինոյում առաջին անգամ նկարահանել են «մերկ» տեսարան։ 1932 թվականին Olympic film կինոստուդիան ստեղծել է առաջին ձայնային «Αγαπητικός της Βοσκοπούλας» ֆիլմը, որի ռեժիսորն էր Դ. Ցակիրիսը։ «Οι Απάχηδες τХων Αθηνών» ֆիլմում ձայնը հնչյունավորում է էկրանի հետևում գտնվող գրամոֆոնը։ 1939 թվականին Philopemen Finos ստուդիան դառնում է Greek Cinematic Studios-ի համահիմնադիրը (1939): Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, 1943 թվականին հիմնվում է երկրի գլխավոր կինոստուդիան` Finos Film-ը, որը որոշում է հունական կոմերցիոն կինոյի ճակատագիրը։ 1940-1941 թվականներին առավել հայտնի ֆիլմերն էին «Սրտի ձայնը» (Η φωνή της καρδιάς) (1943, ռեժիսոր` Դ. Իոանոպուլոս) և «Ծափահարություններ» (Χειροκροτήματα) (1944, ռեժիսոր` Գեորգիս Ձավելլաս)։ 1944 թվականին դերասանուհի Կատինա Պակսինոն արժանացել է Օսկարի` «Ում մահն է գուժում զանգը» ֆիլմում խաղացած դերի համար։ 1950-ական թվականներին հույն ռեժիսորներն աշխարհի համար բացահայտեցին նուար ժանրի ռոմանտիկ դրաման։ 1960 թվականին Մելինա Մերկուրին (ավելի ուշ` հույն քաղաքական գործիչ, Հունաստանի մշակույթի նախարար) հայտնի է դառնում միջազգային հանրությանը, երբ նկարահանվում է ռեժիսոր Ժյուլ Դասենի «Կիրակի օրերը` երբեք» ֆիլմում։ Ֆիլմը Մելինա Մերկուրիին բերում է Օսկար մրցականի առաջադրում, իսկ 1967 թվականին Մերկուրի և Դասեն զույգն ստեղծում են «Իլյա Դարլինգ» ֆիլմի մյուզիքլ-մշակումը, որում խաղացած դերի համար Մերկուրին ստանում է բրոդվեյան «Թոնի մրցանակ» Արդյունքում հունական կինոարտադրությունը թողարկում է ֆիլմեր, որոնք գրավում են մեծ թվով հանդիսատես, չնայած խիստ գրաքննությանը, Հունաստանում քաղաքացիական պատերազմին ու հետպատերազմական տարիների սուր աղքատությանը։ Առաջին երկու ֆիլմերը, որոնք միջազգային ուշադրություն են գրավել, եղել են «Ստելլան» (1955, ռեժիսոր` Միխալիս Կակոյանիս) և «Վիշապը» (1956, ռեժիսոր` Նիկոս Կունտուրոս)։ 1955-1970 թվականները ոսկե շրջան էին հունական կինեմատոգրաֆի համար. Հունաստանը թողարկել է բնակչության մեկ շնչով առավելագույն թվով ֆիլմեր, իսկ մի քանի տարի անընդմեջ երկրում թողարկվել է տարեկան մոտ 100 գեղարվեստական ֆիլմ, 1966 թվականին նկարահանվել է 117 ֆիլմ։ 17 տարի Finos Film ստուդիայի հետ համագործակցել է ռեժիսոր Յանիս Դալիանիդիսը։ Շատ արդյունավետ աշխատելով` նա նկարահանել է տարեկան մի քանի ֆիլմ, որոնցից շատերը եղել են իր սեփական սցենարով։ Բոլոր այդ ֆիլմերը չափազանց հայտնի են դարձել, դրանց տոմսերը միանգամից վաճառվել են[1]։

Հունական նոր կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին սև գեներալների ռազմական խունտայի կողմից երկրում իշխանությունը զավթելուց հետո սկսվում է հունական նոր կինոյի ձևավորման ժամանակաշրջանը, որի թեմատիկան ուղղված էր հունական հասարակության խնդիրներին։ Այդ ժամանակահատվածի առավել հայտնի ռեժիսորներից է Թեո Անգելուպոսը։ 1998 թվականին նրա «Հավերժություն և օր» կինոժապավենն արժանացել է Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենի մրցանակի, իսկ «Ոդիսևսի հայացք» ֆիլմն ըստ Time ամսագրի դարձել է 1995 թվականի լավագույն ֆիլմերից մեկը։ Նրա երկրորդ աշխատանքը` «Ճանապարհորդ խաղացողները» (1975), համարվում է հունական լավագույն ֆիլմերից մեկը, այն նաև մրցանակներ է ստացել երեք միջազգային կարևորագույն կինոփառատոններում (1971 և 1973, Բեռլինում, 1975, 1984 և 1995 Կաննում, 1980 և 1988 Վենետիկում)։ Անգելոպուլոսը շարունակել է ոչ վաղ անցյալի նշանակալի ռեժիսոների ավանդույթը. Միխալիս Կակոյանիսը կրկնակի օսկարակիր էր, Ալեքսիս Դամիանոսը «Նավի վրա» ֆիլմի համար արժանացել էր տարբեր մրցանակների։ Ռազմական դիկտատուրայի տարիներին գործունեություն ծավալած այլ հայտնի ռեժիսորներից էին Կոստաս Ֆերիսը, Տոնյա Մարկետակին և Նիկոս Պանայոտոպուլոսը։

Ժամանակակից ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիոն կինոթատրոնը, որտեղ ամեն տարի անց է կացվում Սալոնիկի միջազգային կինոփառատոնը

Վերջին տարիներին հունական կինեմատոգրաֆում գերակշռում է արագ փոփոխվող, սրամիտ սյուժեով ֆիլմերի ոճը, որը բավարարում է ժամանակակից պահանջներին։ Այդ ժանրին են պատկանում ռեժիսորներ Նիկոս Պերակիսի, Պերիկլիս Խուրսոգլուի, Ս. Ղորիտսասի, Ա. Կոկինոսի, Օլգա Մալևայի, Կոնստանտինոս Յաննարիսի աշխատանքները։ 1970 թվականին հիմնադրվել է Հունական կինոկենտրոնը (Ελληνικό Κέντρο Κινηματογράφου), որը մինչև 1988 թվականը եղել է երկրի միակ կինոարտադրողը։ Ժամանակակից փուլում Հունական կինոկենտրոնը մնում է հունական ֆիլմերի հիմնական պրոդյուսերը։ Կենտրոնի ֆինանսական ֆոնդերը ղեկավարվում են Հունաստանի մշակույթի նախարարության աշխատակազմի կողմից` ֆիլմերի եկամուտից տոկոսներ տրամադրելու միջոցով։ 1986 թվականին հիմնադրվել է Ellas film կազմակերպությունը, որի նպատակն էր հանրայնացնել ու տարածել հունական ֆիլմերն արտերկրում։ Կինոարտադրությանը պետական միջամտության մեկ այլ միջոց է երկրի գլխավոր ամենամյա կինոիրադարձությանը` Սալոնիկում միջազգային կինոփառատոնի կազմակերպմանն աջակցելը։ Սալոնիկում է գործում նաև Հունաստանում միակ Կինեմատոգրաֆի թանգարանը։ 2009 թվականին էկրաններին է հայտնվում ռեժիսոր Յորղոս Լանտիմոսի «Ժանիք» ֆիլմը։ Նույն թվականին այն արժանանում է Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» մրցանակին[2] և առաջադրվում է Օսկար մրցանակի` Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում[3]։ 2010 թվականին 67-րդ Վենետիկի կինոփառատոնում գլխավոր մրցանակի է ներկայացվել Աֆինա Ռախել Ցանգարիի «Ատտենբերգ» ֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Жизненный и творческий путь Я. Далианидиса — ana-mpa Արխիվացված 2018-12-16 Wayback Machine(անգլ.)
  2. «Фильм "Собачий зуб" - победитель Каннского фестиваля, 24 мая, tsn.ua». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  3. «Названы номинанты на премию «Оскар», 26 января 2011, luchesk.com.ua». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունական կինեմատոգրաֆ» հոդվածին։