Հովնաթան որդի Երեմիայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովնաթան որդի Երեմիայի
ԺանրՎիպակ
ՀեղինակՎահան Թոթովենց
ԵրկիրԽՍՀՄ, Հայաստան
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1934 թվական
ՎիքիդարանՀովնաթան որդի Երեմիայի

«Հովնաթան որդի Երեմիայի»[1], Վահան Թոթովենցի վիպակներից՝ գրված 1934 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունն առաջին անգամ լույս է տեսել 1934 թվականին. առանձին գրքով, այնուհետև տեղ է գտել 1957 թվականի երկերի հրատարակության մեջ[2]։ Այս շրջանում ստեղծված գործերի գերակշիռ մասը գրողի փոթորկված ներաշխարհի, կործանվող հայրենիքի, ժողովրդի կյանքի ու ազատության ուղիների որոնման, հակասությունների ու հուսախաբությունների արտահայտությունն են, որ ծնունդ են առել ցեղասպանություն տեսած ժողովրդի անվերջանալի տառապանքներից։ Վիպակը նվիրված է Միքայել Նալբանդյանի հիշատակին, ում համար ազատությունն անփոխարկինելի արժեք էր։ Նալբանդյանը մարտնչել է խավարի ու բռնության դեմ՝ հանուն ժողովրդի քաղաքական, տնտեսական և հոգևոր ազատության համար։ Նա ձգտում էր համամարդկային ազատության և եղբայրության վեհ գաղափարին։ Եվ Նալբանդյանի «Ուր չկա մտքի ու բանականության ազատություն, այնտեղ կա հոգու ստրկություն» միտքը կարծես ուղղված է հենց այս ստեղծագործությանը[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակն սկսվում է սպիտակ քարից կառուցված մի քաղաքի նկարագրությամբ, որ լեռան կատարին էր դարեր ի վեր։ Այն անմատչելի էր հին ժամանակներում. երբ իշխողներն այն օգտագործում էին ռազմական նպատակներով, քաղաքի արևելյան կողմը վիթխարի ամրոց կառուցեցին, որի շինության համար ձվի միջուկը, կաթ և մարդկային ստրուկների քրտինքն ու արյունը։ Իսկ լեռան ստորոտում այգիներ են, որ գոյություն են ունեցել դեռ բիբլիական ժամանակներից։ Այգիների խաղողի ողկույզը շողշողում է որպես աստղաբույլ։ Այգիներից այն կողմ դաշտն է, դաշտից անցնում է աշխարհի ամենահին գետերից մեկը, որ կարծես երկնքի մի երակը լիներ՝ մխրճված հողի մեջ։

Քաղաքի բնակիչները, աշխատելով դաշտում և այգիներում, գիշերը բարձրանում էին քաղաքը, որովհետև գիշերը դաշտը լցվում էր արյունարբու ավազակներով, որ կողոպտում ու սպանում էին մարդկանց։ Ժամանակի ընթացքում, ռազմական նպատակների համար կառուցված ամրոցը, որի պատերի մի մասը քայքայվել էր ժամանակի ծեծից և բնական երկրաշարժերից, վերածվել էր շուկայի և ընդարձակ պահեստների։ Հին զենքերի՝ տեգերի, նետերի, աղեղների և զրահների տեղ զինապահեստներում շողշողում էին ծիրանը, դեղձը, նուռը և խաղողը։ Եվ գնալով նվազեցին ավազակներն ու մարդիկ էլ ցած իջան լեռան բարձունքից, պոկելով լեռան սպիտակ քարը՝ դաշտում կառուցեցին իրենց տները։

Գարնանը, երբ ջրերը վարարում էին, ձյան հալոցքից կամ անձրևից տեղ-տեղ բնական ավազաններ էին գոյանում, որ արագորեն շոգիանում էին՝ հատակում թողնելով ազնվագույն տեսակի կավ։ Քաղաքի երիտասարդ բնակիչներից մեկը՝ Անդրեասը՝ որդին քարտաշ Դավթի, որոշեց օգտագործել այդ կավն ու աղյուսներ շինել։ Հայրը չէր համաձայնում, բայց չէր կարող ստիպել որդուն ձեռ քաշել իր նպատակից, որովհետև «որդու վերին շրթունքի վրա ոլորվում էին սև բեղեր իսկ նրա կնոջ կրծքից արդեն երկրորդ մանուկն էր կախվում»։ Եվ Անդրեասը կառուցեց մի հնոց աղյուս թրծելու համար։ Նա սկզբում գործն անում էր միայն կնոջ օգնությամբ, քանի որ տները դեռ քիչ էին, իսկ երբ սկսեցին շատանալ, իսկ աղյուսը էժան միջոց էր, նրանով հեշտ էր պատ շարել, Անդրեասն ստիպված եղավ մարդիկ բերել և օրավարձով աշխատեցնել։ Դաշտում տները շատացան, Անդրեասի գործը մեծացավ, բազմացան դաշտեցիների պահանջները, և նա հիմք դրեց առաջին բրուտանոցի։ Երկու տեսակի աղյուսից բացի սկսեց շինել նաև կանոնավոր խողովակներ, որոնք գործածվում էին լեռան ստորոտից ջուր բերելու համար, շինեց կժեր, փարչեր, ամաններ, գինու և ջրի կարասներ, թասեր և սրվակներ։ Անդրեասի հետ չարխերի վրա աշխատում էին իր չորս որդիներից երկուսը՝ Երեմիան և Գրիգորը։

Անդրեասը տեսնում էր քաղաքը, որ աճում էր իր աղյուսով և տեսնում էր սերունդը, որ աճում էր իր արյունով։

Բայց նրա հոգին մի ցավ էր տանջում. անդրանիկ որդին՝ Երեմիան, զավակ չունեցավ։ Նա արդեն արդեն հիսունն անց էր, երբ կորցրեց անպտուղ կնոջը։ Եվ հայրը մի օր որդուն խորհուրդ է տալիս ամուսնանալ։ Ծաղկում է Երեմիայի ծառն ու տալիս գույնզգույն պտուղներ։ Անդրեասն ամենից շատ սիրում էր Երեմիայի անդրանիկ որդուն՝ Հովնաթանին, որովհետև նրա մեջ էր տեսնում պատկերը իր հոգու և մարմնի։

Բայց մահը եկավ, որովհետև հոգնած մարմինը կարոտում է հողը, կարոտում է իր նախնական ձևը

:

Մահվան մահճում էր Անդրեասը, հավաքվել էին բոլորը, ովքեր իրենից էին սերել։ Եվ ծերունին պատվիրում է իր զավակներին.

Ասում եմ՝ ինձ թաղեցեք վերի ավազանի հատակում, որպեսզի իմ կավն էլ խառնվի հեղեղների բերած կավին, այդ կավից գավ շինեք, գինի խմեք նրանով և ձեր շրթունքները հպեն ինձ..

.

Ծերունին պատվիրում է իր զավակներին չհեռանալ կավից, քաnզի կավն աշխարհի հիմքն է, ամեն բան կավից է և կավ պիտի դառնա։ Կեսօրից հետո փայտե դագաղի մեջ դրած պապին իջեցրին բրուտանոցը՝ թաղելով այն չարխի վրա, որ պտտեցրել էր ավելի քան կես դար։ Երեմիան շատ զարմացավ՝ տեսնելով, որ որդին ինչ-որ բան է շինում կավով. դա սարկոֆագ էր պապի համար։ Իսկ որոշ ժամանակ անց Երեմիան տեսավ, թե ինչպես է Հովնաթանը կավից կերտել պապի արձանը՝ նրան անմահություն տալու համար։ Ոչ ոք չէր հասկանում, թե Հովնաթանը երբ և որտեղ է սովորել քանդակել, բայց Հովնաթանն աշխատել էր երկար ու անիմանալի հափշտակությամբ։ Նա տեսել էր Քրիստոսի խաչելության արձանը, հրեշտակների արձաններ, բայց կարծում էր, թե այդ բավական չէ, պետք է կենդանի մարմին քանդակել։ Նա խնդրում է եղբորը՝ Դավթին, օգնել իրեն և փոխարենը ձի է նստեցնում նրան։ Իսկ ահա մի օր Հովնաթանը տեսնում է ավազանում լողացող իր քրոջ՝ Մարիամի մարմինը, որ շողում էր, ինչպես լուսնի ցոլքը։ Հովնաթանը խնդրում է քրոջը իր բնորդը լինել, և Մարգարիտը չի մերժում եղբոր խնդրանքը։ Բայց երբ մի օր Երեմիան, մտնելով բրուտանոց, տեսնում է աղջկա արձանը, զայրույթից ոչնչացնում է այն, ապա անպատվում որդուն։ Հովնաթանը որոշում է հեռանալ տնից, գնալ օտար աշխարհ։ Եվ հեռանում է...

Անցնում են տարիներ։ Հովնաթանը շրջել էր աշխարհով, տեսել արվեստի վեհագույն գործեր, սովորել նրանց արվեստը, տեսել էր կյանքի մաղձն ու ատելությունը, ապա վերադարձել իր երկիրը՝ սպիտակ քարից և կավից քանդակելու աշխարհի ըմբոստությունն ու թշվառությունը։ Վերադառնալով հայրական տուն՝ նա օտար մարդկանց տեսավ այնտեղ, որովհետև ընտանիքի բոլոր անդամները մահացել էին, քույրն ամուսնացել էր, իսկ եղբայրը, պահ տաով քրոջը ծնողների գերեզմանները, գնացել էր հարավի երկիր՝ առևտրով զբաղվելու։ Հովնաթանին իր տան նկուղում տեղ է տալիս քրոջ՝ Մարգարիտի ամուսինը, և նա ուժերի մեծ լարումով սկսում է աշխատել. նկուղը դառնում է արվեստանոց՝ օծված արևի լույսով։ Հովնաթանը քարեր և կավ է բերում լեռան կողից ու նրա մատների տակ մարմին էին ստանում իր տեսլիքները։ Մարդիկ, որ չարախոսում էին նրան, թե Հովնաթանը անբարո կանանց է տանում արվեստանոց, մերկացնում ու ժամերով պահում, այժմ հիացան, երբ դահլիճում ցուցադրված տեսան նրա գործերը։ Հովնաթանը հույս ուներ վաճառել դրանք՝ հակառակ իր հոգևոր տանջանքի, և դրանով հոգալ իր ապրուսը, որպեսզի այդպիսով վերջ տա իր մասին անվերջանալի բամբասանքներին, թե ուտում է քրոջ ամուսնու հացը։ Բայց ոչ մի աշխատանք չվաճառվեց, իսկ թեմի առաջնորդի առաջարկին, թե ինքը կգնի Քրիստոսի և սրբերի արձաններ, Հովնաթանը կոշտությամբ պատասխան տվեց՝ նրան որպես նվեր ուղարկելով մի արձան. Հովնաթանն էր՝ մատը տնկած սրբազանի ճակատին։ Այս դեպքից հետո թեմի առաջնորդը Մարգարիտի ամուսնուն սպառնում է՝ պահանջելով չկերակրել Հովնաթանին։ Բայց քանդակագործն զգում էր մահը՝ արդեն իրեն մոտ, ու սկսում է ստեղծել իր վերջին գործը՝ ջահակիր մի մարդ, նրա շուրջը՝ մարդկային թշվառությունը, իսկ ոտքերի տակ գրված. «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»։ Իսկ հաջորդ առավոտյան Մարգարիտը, աշխատանոց իջնելով գտնում է եղբոր անշնչացած մարմինը։ Թազումից հետո քույրը թակում է աշխատանոցի դուռը՝ բանալին միշտ սրտի մոտ կրելով։

Երկիրն ավերվեց և նորից շինվեց։ Նոր մարդկությունը հիշեց եծ արվեստագետին, որ կավից ու քարից կերտում էր մարդկության թշվառությունը, զրկանքն ու հալածանքը։ Բացվեց աշխատանոցի դուռը, մաքրվեց փոշին սպիտակ մարմարի վրայից։ Եվ հիմա նրա գործերը պահվում են թանգարանի մեծ դահլիճում, եվ սերունդները շարունակում են նրա գործը։

Քաղաքի մեծ հրապարակում սպիտակ մարմարե արձանի տակ հանգչում են Հովնաթանի ոսկորները, և բլրի ստորոտում գրված է.

Հովնաթան

որդի Երեմիայի

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոթովենցի ստեղծագործությունների հիմնական առանցքը մարդն է ու մարդկայինը։ «Աստվածայինը չէ, որ մեզ առավելապես կը շահագրգռե, այլ մարդկայինը։ Մարդը...իմ նպատակն է»։ Իսկ 30-ական թվականներին ճգնաժամ էին ապրում և՛ մարդը, և՛ մարդկայինը։ Իր ժամանակաշրջանում վիպակը տալիս էր մի շարք հարցերի պատասխաններ և միևնույն ժամանակ շատ հարցեր առաջադրում։ Վիպակի գլխավոր գաղափարը արարելու արվեստն է՝ պարզագույնից մինչև կատարելություն, հում աղյուսից մինչև սպիատակ մարմարե հուշարձաններ։ Արվեստը առաջին հերթին ազատություն է. այն մարդուն դարձնում է ավելի բարեկիրթ, դաստիարակված, բարոյական[4]։ Հենց սկզբից ընթերողին գրավում է Անդրեասի կերպարը, որ մարմնացումն է աշխատասիրության ու հնարամտության։ Նա անփորձ էր ու չգիտեր՝ ինչ է կավը, բայց հանձն առավ նրանից աղյուսներ շինել, ապա խողովակներ, կարասներ, փարչեր։ Մեծագույն հաճույք էր ապրում Անդրեասը՝ տեսնելով, թե ինչպես է իր կավից շինվում քաղաքը, մարդիկ գինի են խմում իր կավե գավաթներով։ Անդրեասի բարությամբ ու աշխատասիրությամբ լեռան կատարից ցած իջած քաղաքից վերացան ավազակները՝ գալով աշխատավոր մարդկանց շարքերը։ Ստեղծագործությունն ուսումնասիրելով՝ գալիս ենք այն համոզման, որ հայ ոգու, հայ մտքի ազատագման հարցը գրողին ուղեկցել է ողջ կյանքում[4]։ Հիշենք, որ Թոթովենցը ևս զոհ դարձավ ստալինյան բռնաճնշումներին. այս առումով գլխավոր հերոսի ճակատագիրը նմանվում է հեղինակի ճակատագրին, որ հետմահու միայն արդարացվեց, այնպես, ինչպես հետագայում մարդիկ, բացելով Հովնաթանի արվեստանոցը, մաքրեցին փոշին հրաշակերտ մարմարից և ցուցադրեցին թանգարանի մեծ դահլիճում։

Գաղափարական հաջորդ մյուս ողղվածությունը ընտանիքն է ու ժառանգականության հարցը, որ նախ և առաջ կարևորվում է Անդրեասի կողմից։ Հիշենք հետևյալ դրվագը, երբ Անդրեասը, կանչելով իր թոռանը՝ 16-ամյա Հովնաթանին, պատվիրում է գրի առնել. «— Հայրապետ ծնավ Առաքել, Առաքել ծնավ Դավիթ, Դավիթ ծնավ Անդրեաս, Անդրեաս ծնավ Երեմիա, Գրիգոր, Պետրոս, Պողոս, Սառա, Յուղաբեր, Հռիփսիմե, Երեմիա ծնավ Հովնաթան, Մարգարիտ և Դավիթ։

Հովնաթանը գրի առավ ծերունու ասածները արագորեն և նայեց պապին խոհականորեն։

Ծերունի Անդրեասը շարունակեց թույլ ձայնով. — Հովնաթան ծնավ…

Եվ ծերուհին կանգ առավ, կարոտագին նայեց Հովնաթանի կապույտ և շողշողուն աչքերին։

Հովնաթանը շարունակեց գրել։

— Հովնաթան ծնավ Անդրեաս։

Ծերունի Անդրեասի հոգու մեջ թրթռաց անմահությունը»։ Հենց ժառանգականության կապի շնորհիվ են ստեղծվում Հովնաթանի ստեղծագործություննները, բայց նա չէր ուզում աղյուս ու գավ շինել, ստեղծագործ ոգին կարծես վանդակի մեջ էր, և նա հեռանում է տնից, բայց մինչև կյանքի վերջ էլ նրան հետապնդում են խավարն ու բռնությունը։

Վեպում մեկ դրվագով կածես ամբողջանում է հոգևորականության պատկերը, երբ թեմի առաջնորդը, Հովնաթանին պատվիրելով Քրիստոս քանդակել, անցնում է իր ննջարանը, ուր նրան սպասում էր իր տասնյակ պառնիկներից մեկը։

Իսկ հասարակության, ազգի բնավորության մի գիծ, ինչպիսին անտարբերությունն է, երևում է, երբ ոչ ոք ոչ մի գործ չի գնում Հովնաթանից, չնայած ընդհանուր հիացմունքին։ Այդ անտարբերության ու ըմբոստ ատելության զոհն է դառնում և Հովնաթանը։

Մեջբերումներ վիպակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունին զգաց, որ այլևս չի կարող խիստ լինել, օրենք է, որ ինքը պիտի մեռնի և օրենք է, որ մնացողները պիտի հեկեկան, նրանց աչքերի պայծառության վրա էլ պիտի իջնի երբեմն մռայլության քողը, որպեսզի նրանք ևս դառնան իմաստուն և խոհական։
Ես երկար ապրեցի, խմեցի հողի արյունը, այժմ էլ գնում եմ հողի գիրկը, բայց լուսինը մնում է, արևը մնում է, խաղողը կաճի ու կշողա, խաղողի թուփն էլ կչորանա, բայց տակից նորն է ծլում, ահա ես չորանում եմ, բայց իմ կավից կծլի նորը, Հովնաթանն իմ ծիլն է, իմ դալար ճյուղը։
Հալածում է ինձ խավարը։ Խավարը նույնպես մարդկային թշվառությունն է։ Երբ կոտրատում են լուսատու լապտերը, չոքում է խավարը։
Պա՛պ, ես կուրծք տվի աշխարհի երկաթյա հողմերին, ապրեցի կյանքի բոլոր հուզումները, իջա կյանքի հատակը, լսեցի ամենից աղեխարշ կանչը կյանքի, ապրեցի և վերապրեցի մարդկության ողբերգությունն ու կատակերգությունը։ Պա՛պ, մարդկության ազնվագույն մեծամասնությունը տառապում է թշվառությունից։ Աշխարհի խորագույն ողբերգությունը ոչ թե մահն է, այլ կյանքի թշվառությունը։ Եվ թշվառությունը ծնեցնում է ազնվագույն ատելությունը, զրահապատում է հոգին, դարձնում է մարդուն ըմբոստ և դյուցազն։ Ես լսեցի, որ թշվառությունը բարձրացել է և այս հին երկրում։
— Երկու օր էլ, ու կվերջացնեմ քո արձանը, Մարգարիտ,— ասաց Հովնաթանը և շորը քաշեց կավի վրա։ Նրան թվաց, որ լուսինը փաթաթեց ցեխոտ փալասի մեջ։
Տղամարդու խոսքն օրենք էր, և օրենքը հաստատել էր ինքը՝ աստված։
— Պա՜պ, դու պատվիրեցիր, որ ոչ ոք չհեռանա այս ազնվագույն կավից, բայց ես հեռանում եմ, կավը բարի է և ստեղծարար, բայց մարդիկ չար են և խավար։ Ների՛ր ինձ, պա՜պ, ես վերցնում եմ մի ափ կավ և դնում եմ կրծքիս վրա. թող դա լինի կապը իմ հոգու և այս հողի ու լուսավորի իմ ճանապարհը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հովնաթան որդի Երեմիայի». Վիքիդարան. Վերցված է 23.02.2024-ին.
  2. Թոթովենց, Վահան. https://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1951-1980/totovenc_erker_1957.pdf (PDF). Երկեր. էջեր 174–228. {{cite book}}: |chapter-url= missing title (օգնություն)
  3. Շիրինյան Ա., «Վահան Թոթովենցի «Հովնաթան որդի Երեմիայի» երկը», Ученые записки, Ստեփանակերտ, 2016, էջ 2։
  4. 4,0 4,1 Շիրինյան Ա., «Վահան Թոթովենցի «Հովնաթան որդի Երեմիայի» երկը», Ученые записки, Ստեփանակերտ, 2016, էջ 4։