Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հուշարձան (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հուշարձան
Գորկու անվան զբոսայգին Պուշկինի փողոցի կողմից։ Կենտրոնում Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հուշարձանն է
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԴոնի Ռոստով
Շինության ձևՀուշարձան
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն

Հոկտեմբերյան մեծ հեղափոխության հուշարձան (ռուս.՝ Памятник Великой Октябрьской революции), կոթող Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում։ Կանգնեցված է Մաքսիմ Գորկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգում Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության և քաղաքում խորհրդային իշխանության հաստատման պատվին։ Քանդակագործ Վ. Պ. Դուբովիկի և ճարտարապետ Ե. Ա. Պոլյանսկու ստեղծագործությունը բացվել է 1979 թվականին։ 4,5 մ բարձրությամբ գրանիտե կարմիր պատվանդանի վրա կանգնած է երեք տղամարդու՝ զինվորի, բանվորի և նավաստու պատկերաքանդակ։ Գյուղացու ձեռքին դրոշ է, իսկ նավաստու ձեռքին՝ կոթը գետնին հենած հրացան։ Ըստ հեղինակների մտահղացման՝ հուշարձանի ընդհանուր տեսքը խորհրդանշում է հեղափոխության հաղթանակի ամրությունն ու անսասանությունը[1]։

Քանդակագործական հորինվածքը գտնվում է այն տեղում, որտեղ 1917 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել հանրահավաք ի պաշտպանություն Դոնի Ռոստովում խորհրդային իշխանության հաստատման, ինչի մասին վկայում է պատվանդանի դիմերեսին փակցված հուշատախտակի արձանագրությունը[2].

Այս վայրում 1917 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ բազմամարդ հանրահավաք հաջակցություն Պետրոգրադում սոցիալիստական հեղափոխության հաղթանակի և Դոնի Ռոստովում խորհրդային իշխանության հաստատման։

Պատմական իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարյան հեղափոխության հաղթանակից հետո Դոնում ծավալվեց բոլշևիկների բաց քաղաքական գործունեությունը։ Բոլշևիկների քաղաքականությունը և նպատակները բացատրելուն, կուսակցական կազմակերպությունները ամրապնդելուն և ընդլայնելուն, Դոնի բանվորական զանգվածները սոցիալիստական հեղափոխությանը պատրաստելուն կոչված էր «Նաշե զնամյա» (ռուս.՝ «Наше знамя», «Մեր դրոշը») թերթը։ Բոլշևիկների ռոստովնախիջևանյան կոմիտեն թերթի օգնությամբ կապեր էր հաստատում Դոնի բոլշևիկյան խմբերի հետ, նրանց օգնում էր ստեղծելու նոր և ուժեղացնելու արդեն գործող կուսակցական կազմակերպությունները, ամրապնդելու զանգվածներին ներգրավելու քաղաքական գործը։

Օրեցօր մեծանում էին բանվորական զինված ջոկատները, որոնք գյուղացիների, հեղափոխական տրամադրություններ ունեցող զինվորների և կազակների աջակցությամբ պատրաստ էին տապալելու ժամանակավոր կառավարության իշխանությունը։ Այն բանից հետո, երբ «Կոլխիդա» առագաստային զբոսանավն ընդունեց ռադիոհաղորդագրություն, որ Պետրոգրադում տեղի է ունեցել սոցիալիստական հեղափոխություն, և Վլադիմիր Լենինը հռչակել է բանվորների և գյուղացիների իշխանության հաստատում, բոլշևիկների առաջարկով հոկտեմբերի 26-ին շտապ հրավիրվեց ռոստովնախիջևանյան բանվորական և զինվորների խորհրդի նիստ, որը, չնայած մենշևիկների և սոցիալիստ-հեղափոխականների կատաղի դիմադրությանը, որոշեց ողջ իշխանությունը վերցնել իր ձեռքը և ստեղծեց ռազմահեղափոխական կոմիտե՝ Սերգեյ Սիրցովի ղեկավարությամբ։ Այդ նիստից անմիջապես հետո քաղաքային զբոսայգում, Ռոտոնդայի շենքի մոտ, հրավիրվեց բանվորների և զինվորների հանրահավաք։ Նրա բազմաթիվ մասնակիցները որոշեցին միանալ Բանվորական և զինվորական խորհրդի ընդունած բանաձևին և ցուցաբերել օժանդակություն և աջակցություն Խորհրդին ու նրան կից ստեղծված Ռազմահեղափոխական կոմիտեին։ Այս իրադարձության հիշատակին էլ կանգնեցվել է հուշարձանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Памятник Великой Октябрьской революции в Ростове-на-Дону» (ռուսերեն). Памятники всего мира. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  2. «Памятники Ростова-на-Дону» (ռուսերեն). Достопримечательности мира. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  3. «Газета «Наше знамя»». Rostov region. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.