Հոգեդիագնոստիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոգեդիագնոստիկա (հին հուն․՝ ψυχή - «հոգի» և διάγνωσις - «դիագնոսիս»՝ «ինչ-որ բանի էություն կամ պատճառների բացահայտում»), հոգեբանության ճյուղ։ Դիագնոստիկան կիրառվում է տարբեր բնագավառներում և իրականացվում է տվյալ բնագավառին բնորոշ տրամաբանությամբ և մեթոդաբանությամբ։ Ավելի հաճախ դիագնոստիկա եզրույթն օգտագործվում է անսարքությունների, թերությունների, խանգարումների, հիվանդությունների բացահայտման համար, ինչի հետևանքով հայերենում որպես «դիագնոստիկա» բառի թարգմանություն արմատավորվել է «ախտորոշում» եզրույթը, որը բացի այդ նաև նշանակում է «հիվանդության որոշում»։

«Հոգեդիագնոստիկա դիագնոզ» հասկացությունը ախտորոշում է անձի հոգեբանական առանձնահատկությունները՝ հնարավորինս մոտենալով դրանց դրսևորումների պատճառահետևանքային կապերին, և տիպաբանական ախտորոշման ճանապարհով փորձում է ճանաչել և գնահատել հոգեբանական տվյալների տեղն ու դերը անձի դինամիկ կառույցում։ Ուստի նպատակահարմար է օգտագործել ոչ թե «հոգեախտորոշում» եզրույթը, այլ հենց «հոգեդիագնոստիկա»։

Անձի հետազոտման ենթատեքստում արտասահմանյան գրականության մեջ «հոգեդիագնոստիկա» եզրույթը հիմնականում օգտագործվում է բժշկական հոգեբանության մեջ՝ արտահայտելով հենց հոգեկան խանգարումների և սահմանային վիճակների բացահայտումը, իսկ հոգեբանական առանձնահատկությունների չափման ու գնահատման գործընթացի համար օգտագործվում է «հոգեբանական թեստավորում» արտահայտությունը։ Ժամանակակից մասնագիտական գրականության մեջ հաճախ հանդիպում է նաև «հոգեբանական գնահատում» (psychological assessment) արտահայտությունը, որն ունի ավելի լայն մեկնաբանում, քան հոգեբանական թեստավորումը, քանի որ արտացոլում է ոչ միայն գործընթացը, այլ նաև դրա վերջնական արդյունքը։

Հոգեդիագնոստիկան, որպես գիտակարգ, ուղղված է անձի անհատական-հոգեբանական առանձնահատկությունների բացահայտմանը և հետազոտմանը, որն իրականացնելու համար արդյունավետ հոգեբանական մեթոդների և մեթոդիկաների մշակման, տեղայնացման և ժամանակի ընթացքում դրանց կատարելագործման անհրաժեշտություն է առաջանում։

Հոգեդիագնոստիկան միավորում է հոգեբանության տեսական, հետազոտական և գործնական ուղղությունները՝ դառնալով հիմք հոգեբանության տարբեր բնագավառների համար։ Այն գործնական կիրառություն ունի դիֆերենցիալ, տարիքային, մանկավարժական, սոցիալական, բժշկական, իրավաբանական, կառավարման և այլ հոգեբանական գիտակարգերի համար։

Որպես կիրառական ուղղություն՝ հոգեդիագնոստիկան իր կարևոր նշանակությունն ունի հոգեբանական հետազոտությունների իրականացման, արդյունքների հաշվարկման, նորմատիվային ցուցանիշներ կազմելու և գծային և ոչ գծային փոխկապակցվածությունների գտնելու համար։ Այն կիրառելի է հոգեբանական գործնական աշխատանքում՝ անհատական, խմբային, խորհրդատվական, հոգեթերապևտիկ և այլն։ Հոգեդիագնոստիկական մեթոդներն արդյունավետ կիրառվում են մասնագիտական կողմնորոշման, ընտրության և պիտանելության որոշման խնդիրների լուծման համար։ Տարբեր հաստատություններում, կրթօջախներում, կազմակերպություններում այսօր իրականացվող հոգեբանական մասնագիտական խորհրդատվությունը նպաստում է առավել արդյունավետ անցկացնել կադրերի ընտրություն և մասնագիտական հոգեբանական դիմանկարները կազմելու արդյունքում բարձրացնել ուսումնական և աշխատանքային գործունեության արդյունավետությունը։

Հոգեդիգնոստիկան կիրառական նշանակություն ունի նաև դատավարական պրակտիկայում, հատկապես դատական փորձաքննությունների իրականացման գործընթացում։ Հոգեդիագնոստիկ գիտելիքների և հմտություններին տիրապետող հոգեբան մասնագետը կարող է իրականացնել հանդիպումներ և ախտորոշիչ աշխատանքներ ինչպես տուժածների, կասկածյալների, այնպես էլ վկաների հետ, բացահայել նրանց անձնային որակները, ինտելեկտուալ զարգացման մակարդակը, հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունները և հանգել դատական գործընթացի համար արժեքավոր եզրակացությունների։ Հոգեբանության զարգացմանը զուգընթաց, չկորցնելով իր արդիականությունն այսօր՝ հոգեդիագնոստիկան շարունակում է մնալ հոգեբան մասնագետների ուշադրության կենտրոնում՝ որպես տեսական և կիրառական գիատակարգ։

Հոգեդիագնոստիկայի զարգացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանուիլ Կանտ

Ինչպես ցանկացած գիտություն, հոգեդիագնոստիկան նույնպես ունեցել է զարգացման նախապայմաններ և որոշակի հիմք։ Հոգեդիագնոստիկայի նախապատմությունն ի սկզբանե ձևավորվել է գաղափարների, պատկերացումների և դատումների ամբողջության վրա, որոնց հիմքում ընկած է սեփական անձի և իրեն շրջապատող աշխարհի ուսումնասիրման դարավոր փորձը։ Հոգեդիագնոստիկայում ներառված գիտելիքների համախումբը ծավալվել է մարդկային կենսագործունեության մի շարք բնագավառներում։ Իբրև գիտություն հոգեդիագնոստիկայի նախադրությունները դրված են մարդկանց միջև օբեկտիվ գոյություն ունեցող անհատական տարբերություններում, որոնք չեն անտեսվել ոչ մի ժամանակներում։ Ինչպես նշում է Լ. Ֆ. Բուրլաչուկն իր ձեռնարկում, հոգեդիագնոստիկայի նախապատմությանը կարելի է վերագրել դեռ հնադարում առանձին մարդկանց դրսևորումներ բնութագրելը մարդկային որոշ տիպերով, օրինակ՝ «ժլատ», «ստախոս», «պարծենկոտ» և այլն։ Նման տիպաբանության գործառույթն ախտորոշիչ է, քանի որ այն հնարավորություն է տալիս վերաբերել մարդուն այս կամ այն կերպ՝ ելնելով նրա բնավորության գծերից, և իհարկե, ինչն առավել կարևոր է, դրանք ծառայեցնել նրա վարքի կանխատեսմանը։ Որպես հոգեբանության գիտության բնագավառ, հոգեդիագնոստիկայում տիպաբանության զարգացումն ունի երկար ուղի. Հիպոկրատի կողմից խառնվածքի տիպերի բացահայտում, Հալենի կողմից դրանց բարոյական բնութագրումների շնորհում, Կանտի կողմից խառնվածքի հատկանիշների զատումը հոգեկան անձնահատկություններից և վերջապես, Պավլովի, Կրեչմերի և Շելդոնի կողմից ժամանակակից տիպաբանությունների մշակումն ու հետազոտումը։ Հին Չինաստանում, մ.թ.ա. աստիճանավորների ընտրության համար մշակվել է ընդունակությունների գնահատման համակարգ, որն ուղղված է եղել բացահայտելու կարդալու, գրելու ունակություններն ու կենցաղային վարքի առանձնահատկությունները։ Հին հունական հայտնի փիլիսոփա Պյութագորեսի կարծիքով մարդու բնավորության համար մեծ նշանակություն ունեն հումորը և քայլվածքը։ Նա իր դպրոց ընդունվողների համար մեծ փորձություններ է կազմակերպել և առաջնորդվել դրանց արդյունքներով։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հոգեբանության մեջ սկսեցին զարգանալ դիագնոստիկական նշանակություն ունեցող այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են ֆրենոլոգիան, ֆիզիոգնոմիկան և գրաֆոլոգիան։ Կատարված հետազոտությունները շատ արագ կորցրին իրենց գիտական կարգավիճակը, սակայն մեծ հետք թողեցին այլ ուղղությունների զարգացման վրա։

Էդուարդ Սեգեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես վկայում է Աննա Անաստազին, 19-րդ դարի վերջերին կատարված հետազոտությունները, որոնք ուղղված էին մտավոր հետամնացությանը և այն առանձնացնում էին հոգեկան հիվանդությունից, նպաստեցին հոգեբանական թեստավորման կայացմանը։ Այս խնդիրը հետաքրքրական եղավ շատ հետազոտողների համար, և նրանցից ֆրանսիացի բժիշկ Էդուարդ Սեգենը, փորձ ձեռք բերելով մտավոր խնդիրներով երեխաների հետ աշխատանքում և յուրացնելով Էսկորիլի աշխատությունները, որը որպես մտավոր զարգացման չափանիշ ընդունում էր խոսքի զարգացումը, հանգեց այն եզրակացության, որ մտավոր հետամնացները իրենց զարգացման մեջ հնարավորություն ունեն հասնել որոշակի արդյունքների։ Նա մշակեց շատ ուսումնական հնարքներ և մեթոդներ, որոնցից ամենատարածվածներից է «Սեգենի վանդակները» մեթոդական, ինչը պահանջում է հնարավորինս արագ ձևաչափերը տեղադրել համապատասխան փորվածքներում։

Ֆրենսիս Գալտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Պիրսոն

Մարդու ընդունակությունների ուսումնասիրման հոգեմետիկական հիմքը դրել է անգլիացի գիտնական Ֆրենսիս Գալտոնը։ Նա կարևորում էր հոգեմետիկայի նշանակությունը և գտնում, որ գիտության համար ամենաարժեքավոր չափումներն ու թվային հաշվարկներն են։ Գալտոնը, հիմնվելով Ջոն Լոքի փիլիսոփայական ուսմունքների վրա և հիմք ընդունելով փորձարարությունը, ենթադրում էր, որ սենսորային առանձնահատկությունների տարբերակումների օգնությամբ կարելի է գնահատել մարդու ինտելեկտը։ Նա համարում էր, որ որքան նուրբ տարբերակումներ է կարողանում ընկալել մարդը, այնքանով մեծանում են նրա դատողությունների ձևավորման և ինտելեկտուալ գործունեություն իրականացնելու հնարավորությունները։ Գալտոնի կատարած չափումներում հետազոտողների թիվը գերազանցել է տասնյակ հազարը։ Նա վիճակագրական ընթացակարգի, կոռելյացիոն գործակցի կիրառման նորարարն էր, առանց որոնց դժվար է պատկերացնել անհատական առանձնահատկությունների տվյալների գիտական հավաստի վերլուծությունները։ 1857-1936 թվականներին Գալտոնը սերտ համագործակցել է մաթեմատիկոս Կարլ Պիրսոնի հետ։ Մաթեմատիկական ապարատի և կոռելյացիոն գործակիցների մշակման և կատարելության արդյունքում Պիրսոնի հայտնի գծային կոռելացիայի գործակցի հաշվարկման հասել են մեր օրերը, որը կիրառվում է ուսանողների և գիտնականների հետազոտություններում։ Ստեղծելով ինտելեկտի ուսումնասիրական առաջին թեստերը՝ Գալտոնը մոտեցել է անձնային առանձնահատկությունների չափմանը։ Նրա կողմից կատարվել են նաև ասոցիացիաների բազմաթիվ հետազոտություններ։ Նա կատարել է մի շարք եզրակացություններ, որոնցից հիմնականները վերաբերում են ասոցիացիաների խիստ անհատական բնույթին և կայունությանը։ Նա փորձարարական ճանապարհով եզրահանգել է, որ առավել կայուն են այն ասոցիացիաները, որոնք կապված են մանկության հետ։ Կասկած չի հարցում այն միտքը, որ Ֆրենսիս Գալտոնը մեծ ժառանգություն է թողել ոչ միայն ինտելեկտի ուսումնասիրման անգլիական դպրոցի, այլև հոգեբանության բնագավառում հոգեմետրիկական չափումների համընդհանուր զարգացման և կատարելության համար։

Ջեյմս Մաքքին Քետտել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Քետտել

Գալտոնի գաղափարների և մեթոդների շարունակողներից է եղել ամերիկյան գիտնական, փիլիսոփա, աշխարհում հոգեբանության առաջին դոկտոր Ջեյմս Քետտելը։ Շնորհիվ Ջեյմս Քետտելի՝ «մտավոր թեստ» հասկացությունը մեծ տարածում գտավ անհատական առանձնահատկությունների ուսումնասիրական բնագավառում։ Ջ. Քետտելը գտնում էր, որ հոգեբանությունը չի կարող հիմնավորվել և ճշգրտվել առանց փորձարարության և չափումների, որոնք պետք է ընդգրկեն անհատների մեծ քանակներ։ Միայն այդպիսի արդյունքները կարող են հիմք ծառայել հոգեկան գործընթացների փոխկապվածության, կայունության և տարբեր իրադրություններում դրանց փոփոխության ուսումնասիրման համար։ Հոգեկան տարրական գործառույթների թեստեր էին համարվում «Զգայունակության շեմեր», «Քաշի փոփոխության ամենափոքր զգայությունը», «Ռեակցիայի ժամանակը ձայնին», «Գույնի ճանաչման ժամանակը», «50 սմ գծի կրկնապատկումը», «Ժամանակի 10 վայրկյան հատվածի տարբերակումը», «Տառերի շարքի վերարտադրման հաջորդականությունը» և այլն։ Այս չափումները լավագույն միջոցներ էին համարվում ինտելեկտի գնահատման համար։ Սակայն դրանք քննադատվեցին Հատլոնի կողմից։ Գիտնականը բարձրացրեց շատ նուրբ հարց, որը մոտ էր թեստի վալիդության խնդրին. թեստային չափումները չեն համեմատվում անկախ չափումների հետ և հետևաբար, կասկածի տակ է դրվում դրանց հավաստիությունը։ Այսպիսով, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ինտելեկտի գործառույթների մասին տեսական մոտեցումները դեռ չէին բավարարում կատարյալ թեստերի մշակման և ստեղծման համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ. Ստեփանյան, Ա. Գալստյան, Հոգեդիագնոստիկա, ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2012