Հիդրոերկրաբանական քարտեզներ
Հիդրոերկրաբանական քարտեզներ, ստորերկրյա ջրերի տեղադրման և տեղաբաշխման պայմաններն արտացոլող քարտեզներ։ Հիդրոերկրբանական քարտեզները տվյալներ են պարունակում ջրաբեր հորիզոնների որակի և արտադրողականության, ջրաճնշումային համակարգերի հին հիմքի չափերի, ձևի, դիրքի, ինչպես նաև երկրաբանական ստրուկտուրայի, ռելիեֆի և ստորերկրյա ջրերի փոխհարաբերության մասին։ Կազմվում են ըստ հիդրոերկրաբանական հանույթի արդյունքների՝ հաշվի առնելով երկրաբանական և տեկտոնական քարտեզները։ Հիդրոերկրաբանական քարտեզների վրա ցույց են տրվում տարբեր ջրաբեր հորիզոնների և նրանց համալիրների տեղաբաշխումը, աղբյուրները և նրանց դեբիտը, ջրհորները, հորատանցքերը, ջրաբեր հաստվածքի առաստաղը կամ հատակը, ստորերկրյա ջրերի տեղադրման խորությունը և քիմիական բաղադրությունը։ Հիդրոերկրաբանական քարտեզներն ուղեկցվում են կտրվածքներով, որոնց վրա տրվում է շրջանի երկրաբանական կառուցվածքը (ջրաբեր հորիզոնների լիթոլոգիական բաղադրությունը, ֆացիալ փոփոխությունները, ջրակայուն հաստվածքները, ջրաբեր հորիզոնների տեղադրման խորությունը և ճնշման մեծությունը, ստորերկրյա ջրերի հանքայնացումը և դեբիտը)։ Փոքր մասշտաբի հիդրոերկրաբանական քարտեզների վրա (1։ 500000-ից փոքր) տրվում են տարածքի հիդրոերկրաբանական կառուցվածքի առավել կարևոր առանձնահատկությունները, հիդրոերկրաբանական ավազանների սահմանները, ստորերկրյա ջրերի սնման, ճնշման և բեռնաթափման մարզերը։ Փոքր մասշտաբի հիդրոերկրաբանակն քարտեզները երբեմն կազմվում են գրականության և արխիվային տվյալներով, առանց հիդրոերկրաբանական հանույթի։ Միջին մասշտաբի հիդրոերկրաբանական քարտեզները լրացուցիչ պարունակում են քանակական ցուցանիշներ, որոնք բնութագրում են ստորերկրյա ջրերի վիճակը որոշակի ժամանակահատվածում։ Խոշոր մասշտաբի հիդրոերկրաբանական քարտեզները (1։ 50000-ից խոշոր) կիրառվում են տեխնիկական և բանվորական նախագծման փուլերում հատուկ խնդիրների լուծման (ջրաբաշխման տեղամասերի ընտրման, ստորերկրյա ջրերի պաշարների բացահայտման, հանքավայրի ջրառատության ուսումնասիրման, տեղամասի չորացման կամ ոռոգման պայմանների որոշման) համար։
Հիդրոերկրաբանական քարտեզները լինում են՝
- ընդհանուր,
- հիմնական ջրաբեր հորիզոնների,
- հատուկ նպատակային նշանակության։
Առանձին տիպ են կազմում հիդրոերկրաբանական շրջանացման, հիդրոքիմիական, ստորերկրյա ջրերի ռեսուրսների քարտեզները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 393)։ |