Հիդրոերկրաբանական հանույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդրոերկրաբանական հանույթ, դաշտային հետազոտությունների համալիր, որ կատարվում է հիդրոերկրաբանական քարտեզների կազմման և տարածքի ընդհանուր հիդրոերկրաբանական պայմանների գնահատման նպատակով։ Հիդրոերկրաբանական հանույթի ընթացքում ուսումնասիրվում են ջրաբեր հորիզոնները կազմող ապարները, համալիրները և զոնաները, նրանց ծծանցման հատկանիշները, ստորերկրյա ջրերի ճնշման մեծությունը, տիպերը, որակը և ռեժիմը։ Բնութագրվում են հիմնական հիդրոերկրաբանական պարամետրերի արժեքները, գնահատվում երկրաբանական, գեոմորֆոլոգիական, հիդրոլոգիական, կլիմայական և այլ գործոններ, որոնք ազդում են ստորերկրյա ջրերի սնման և ձևավորման վրա։ Հիդրոերկրաբանական հանույթի խնդիրները փոխվում են՝ կախված նրա մասշտաբից և նպատակներից։ Փոքր մասշտաբի հիդրոերկրաբանական հանույթ (1։1000000—1։500000) կատարվում է հիդրոերկրաբանական տեսակետից թույլ ուսումնասիրված շրջաններում ակնարկային հիդրոերկրաբանական քարտեզներ կազմելու համար, ապարների ջրատարության և ստորերկրյա ջրերի որակի ընդհանուր գնահատման նպատակով։ Միջին մասշտաբի հիդրոերկրաբանական հանույթի (1։200000—1։100000) դեպքում կազմվում են պետական (ընդհանուր) հիդրոերկրաբանական քարտեզներ, ուսումնասիրվում ապարների ջրաբերությունը, ստորերկրյա ջրերի որակը և ռեժիմը, ստորերկրյա և մակերեսային ջրերի գործունեության հետ կապված երկրաբանական երևույթները։ Խոշոր մասշտաբի հիդրոերկրաբանական հանույթ (1։50000 և ավելի խոշոր) կատարվում է տեխնիկական և բանվորական նախագծման փուլերում հատուկ խնդիրների լուծման համար։ Խոշոր մասշտաբի ընթացքում հիդրոերկրաբանական հանույթում քարտեզագրվում են ջրատար հորիզոնները, զոնաները, շերտերը, ոսպնյակները։ Միջին և խոշոր մասշտաբի հանույթը զուգակցվում է հորատման աշխատանքներով, աղբյուրների դեբիտի չափումներով, ստորերկրյա ջրերի մակարդակի և քիմիական բաղադրության դիտարկումներով։ Կիրառվում են նաև երկրաֆիզիկական և աերոմեթոդներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 392