Հերիզաու (գերմ.՝ Herisau)[2], քաղաք և համայնք Շվեյցարիայում, Ապենցել Աուսերռոդեն կանտոնի վարչական կենտրոնը, որտեղ գտնվում են կանտոնի կառավարության ու խորհրդարանի նստավայրերը (դատական իշխանության կենտրոնական ղեկավար մարմինների նստավայրը Տրոգեն քաղաքում է): Հերիզաուի հետ միավորվել են մերձակա մի շարք բնակավայրեր: Կենտրոնական բնակավայրն ու գլխավոր հրապարակի շուրջը գտնվող շինությունները, 1580 թվականին կառուցված բողոքական եկեղեցին, Wetter և zur Rose շենքերը (երկուսն էլ կառուցվել են 1737 թվականին), Schwänberg ավանը, վարչական շենքը՝ պետական արխիվով հանդերձ, ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում[3]:
Պատմական փաստաթղթերում Հերիզաուն առաջին անգամ հիշատակվել է 837 թվականին՝ որպես Herinisauva,[4], իսկ նրա եկեղեցին՝ 907 թվականին: 1084 թվականին Հերիզաուն ավերվել է Սանկտ Գալլ վանքի շուրջ ծավալված մարտերի հետևանքով: 1248 և 1249 թվականներին քաղաքն ավերել են վանքին աջակցող ռազմական ուժերը՝ հավատարմություն պարտադրելու նպատակով:
1517-1518 թվականների միջակայքում քաղաքը կարողացել է վանքին որոշակի գումար վճարելով՝ ձեռք բերել իր ազատությունը: 1601-ին կառուցվել է քաղաքպետարանը: Դրանից հինգ տարի անց քաղաքը մեծապես վնասվել է հրդեհից: 1798-1803 թթ. Հերիզաուն եղել է Säntis կանտոնի մայրաքաղաքը: Քսաներորդ դարի վերջերին անդամագրվել է «Տարվա ալպիական քաղաք» ընկերակցությանը, որի նպատակն է ապահովել ալպիական գոտու բնակավայրերի նշանակալի զարգացումը: 2003 թվականին Հերիզաուն արժանացել է «Տարվա ալպիական քաղաք» մրցանակին:
Քաղաքն զբաղեցնում է 25.2 քառակուսի կիլոմետր տարածք, որի 56.8%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, 27.1%-ն անտառապատ է: Գտնվում է տարածաշրջանի երկու խոշոր ավտոմայրուղիների՝ Սանկտ Գալլեն-Տոգենբուրգ և Գոսաու-Ապենցել ճանապարհների խաչմերուկում: