Հատույթավորում (լեզվաբանություն)
Հատույթավորում, լեզվաբանական վերլուծության եղանակ, խոսքի՝ խոսքաշարի գծային մասնատումը, տրոհումը լեզվական միավորների առանձնացման, բացահայտման նպատակով։
Յուրաքանչյուր առանձնացված տարր կոչվում է հատույթ կամ հատույթային միավոր։
Հատույթավորման տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ կառուցվածքային մակարդակի անդամահատման զանազանվում են.
- հնչյունաբանական հատույթավորում, որի խնդիրն է հնչյունաբանական միավորների (հնչյուն, վանկ, հնչաբառ, հնչատակտ, հնչադասույթ) բացահայտումը,
- ձևաբանական հատույթավորում, որի խնդիրն է ձևաբանական միավորների (ձևույթներ, ձևույթային տարբերակներ, բառաձևեր, հիմք, վերջավորություն և այլն) բացահայտումը,
- շարահյուսական հատույթավորում, որի խնդիրն է շարահյուսական միավորների (նախադասություն, բառակապակցություն, շարույթ և այլն) բացահայտումը։
Հատույթավորումը կատարվում է տարբեր սկզբունքներով, օրինակ՝ հնչյունաբանական հատույթավորումը կարող է կատարվել այս կամ այն տևողությամբ դադարի հաշվառումով՝ բացառելով իմաստային կողմը։ Ձևաբանականում հաշվի է առնվում նաև բովանդակային կողմը, շարահյուսականում՝ մտքի կամ սրա բաղադրիչների արտահայտումը։
Լեզվաբանական որոշ տարրեր չեն բացահայտվում հատույթավորմամբ, ինչպիսին, օրինակ՝ տարբերակիչ հատկանիշներն են ու առոգանույթները։ Առոգանական միավորները (շեշտ, հնչերանգ, կցույթ) այդ պատճառով կոչվում են վերգծային կամ վերհատույթային միավորներ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 366-367։