Հառիճի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հառիճի դպրոց, գործել է Հառիճ գյուղի (այժմ՝ Հայաստանի Շիրակի մարզում) համանուն վանքում VII դարից։ XI դ. Ալփասլանի արշավանքի ժամանակ Հառիճի վանքը կործանվել է, բայց կրկին վերականգնվել է 1185–1236-ին։ Հետագա դարերում Հառիճի դպրոցի գործունեության մասին հավաստի տվյալներ չկան։ Հայտնի է միայն, որ 1850-ական թթ. սկզբին մի խումբ հայրենասեր երիտասարդների ջանքերով վանքը վերականգնվել է, և 1856–57-ին այնտեղ բացվել է կիսագիշերօթիկ դպրոց։ 1872 թվականին ունեցել է 63 աշակերտ, 32-ը՝ գիշերօթիկ, 31-ը՝ երթևեկ։ 1888 թվականին եղել է երկդասյան դպրոց՝ 5 բաժանմունքով։ 1896 թվականին ցարական կառավարությունը փակել է, 1907 թվականին վերաբացվել է Հառիճ գյուղում՝ որպես երկսեռ ծխական դպրոց, 1913-1914 ուսումնական տարում դարձել է 6-ամյա, ապա՝ միջնակարգ։ 1887-1889 թվականներին Հառիճի դպրոցում սովորել է Ավետիք Իսահակյանը։ Հառիճի վանքը եղել է նաև գրչության կենտրոն։ Հայտնի է հնագույն մի ձեռագիր Ավետարան՝ լրացված, ծաղկած և կազմված Հառիճավանքում, 1209-ին, Մարգարեի ձեռքով, որից միայն մի թերթ է հասել մեզ՝ հիշատակարանի մասից։ Հաջորդ ձեռագիրը 1219-ից է, գրված Աբասի որդի Գրիգորի առաջնորդության ժամանակ, երբ գրչության արվեստը ծաղկում էր Հառիճի դպրոցում։ Նկարները կապվում են հնագույն ավետարանների հետ (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. №1382): Հետագա դարերից հազվադեպ հիշվում են միայն այստեղ նորոգված ձեռագրեր։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 244