Հանքային պարարտանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանքային պարարտանյութեր, անօրգանական նյութեր, առավելապես աղեր, պարունակում են բույսերին անհրաժեշտ սննդատարրեր։ Հանքային պարարտանյութերը հողի ֆիզիկական, քիմական և կենսաբանական հատկությունների և բույսերի սննդառության վրա ներգործող հզոր միջոցներ են։ Հողում ենթարկվում են զանազան փոխարկումների և դառնում բույսերին մատչելի։ Այս փոխարկումների բնույթը և ինտենսիվությունը կախված են հողի հատկություններից և հանքային պարարտանյութերի տեսակից։ Հանքային պարարտանյութերը, հողը հարստացնում են սննդատարրերով, փոխում հոդային լուծույթի ռեակցիան, ազդում հողի միկրոկենսաբանական պրոցեսների վրա և այլն։ Քանի որ բույսերի սննդառությունն իրագործվում է հիմնականում արմատներով, ապա հանքային պարարտանյութերն ակտիվորեն ազդում են բույսերի աճի և զարգացման, հետկապես դաշտի, մարգագետնի և այլ ընդհանուր կենսաբանական բերքատվության վրա։ Գրեթե բոլոր հանքային պարարտանյութերը թողարկում է քիմիական արդյունաբերությունը, սահմանափակ քանակությամբ գյուղատնտեսության մեջ օգտագործվում են բնական աղերը, օրինակ՝ կալիումական, նատրիումական (չիլիական) բորակները, ինչպես նաև արդյունաբերական թափոնները։ Ըստ ագրոնոմիական նշանակության լինում են ուղղակի և անուղղակի հանքային պարարտանյութեր։

Ուղղակի հանքային պարարտանյութերը (պարունակում են բույսերի բնական սննդառության տարրերը՝ N, P, K, Mg, B, Cu, Mn և այլն) բաժանվում են միակողմանի և կոմպլեքսային ազդեցության։ Առաջինները (ազոտական, ֆոսֆորական, կալիումական, միկրոպարարտանյութերը) պարունակում են մեկ, իսկ կոմպլեքսայինը (նիտրաֆոս, ամոֆոս, նիտրոֆոսկա և այլն)՝ երկու և ավելի սննդատարր։

Անուղղակի հանքային պարարտանյութերը կիրառվում են հողի ագրոքիմիական և ֆիզիկա-քիմիական հատկությունները բարելավելու և սննդատարրերն ակտիվացնելու նպատակով (կրային պարարտանյութեր, գիպս

Հանքային պարարտանյութերը լինում են կոշտ (փոշենման ու հատիկավորված) և հեղուկ (ամոնիակաջուր, հեղուկ ամոնիակ, ամինիակատներ)։ Հողի լուծույթի ռեակցիայի վրա ունեցած ազդեցությանը համապատասխան, տարբերում են ֆիզիոլոգիապես թթու, հիմնային և չեզոք հանքային պարարտանյութեր։ Արդ. հանքային պարարտանյութերի կիրառումն սկսվել է 19-րդ դարից։ Մինչ այդ օգտագործում էին հիմնականում գոմաղբ, մոխիր, ֆեկալներ, բնական տուկեր։ 19-րդ դարի առաջին կեսին որպես պարարտանյութ գործածվել է ոսկրալյուրը։ 1840 թվականին գերմանացի քիմիկոս Յու. Լիբիխն առաջարկեց ոսկորները մշակել ծծմբական թթվով։ Այդ պարարտանյութը սուպերֆոսֆատ անվանումով մեծ տարածում ստացավ տարբեր երկրներում։ 19-րդ դարի 30-ական թվականներին սկսեցին օգտագործել բնական նատրիումական բորակը (մեծ պաշարներ գտնվեցին ՉիլիումՋրածնից և մթնոլորտի ազոտից ամոնիակի սինթեզի արդյունաբերական յուրացումից հետո (1914-1918) զարգացավ ազոտական պարարտանյութերի, 19-րդ դարի 60-ական թվականներ՝ կալիումական պարարտանյութերի արտադրությունը։ ԽՍՀՄ-ում հանքային պարարտանյութերի արտադրությունն սկսվեց առաջին հնգամյակում։ 1978 թվականին արտադրվել է 98 միլիոն տ հանքային պարարտանյութեր։ ՀԽՍՀ-ում հանքային պարարտանյութերի արտադրությունն սկսվել է 1934 թվականից (Կիրովական1978 թվականին արտադրվել է 403 հազար տ հանքային պարարտանյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 233 CC-BY-SA-icon-80x15.png