Հայ ժողովրդական ստվերների թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ ժողովրդական ստվերների թատրոն,

Հայ ժողովրդական թատերախաղերը հասել են մինչև մեր դարաշրջան հնագույն ժամանակներից որպես մեր ազգային մշակույթի անբաժանելի մասնիկ։ Ժամանակակից տոնակատարություններում մեծ տեղ ու նշանակություն չունի այն բեմական գործառույթները, որոնք առկա էին մինչև 20-րդ դարի սկզբներին հայ հասարակության մեջ։ Առկա գրականությունը թույլ է տալիս առավել լայն պատկերացում կազմել Ամանորի, Սուրբ Ծնունդի, Բարեկենդանի նույնիսկ հարսանեկան արարողությունների ժամանակ կազմակերպվող մի շարք թատերական ներկայացումների, խաղերի մասին, որոնք ամբողջական էին դարձնում հասարակական այս արարողությունները։ տոնակատարությունների ժամանակ թատերականացված խաղերի մասին էլ Ա. Արշարունին ասում է. «Ազգագրական հարցերով զբաղվողներից շատերը գրի են առել հայ ժողովրդական թատերախաղեր, սակայն ոչ իբրև մշակույթի առանձնահատուկ թատերական ներկայացումներ, այլ որպես ծեսերի, տոների, սովորությունների արտահայտություններ»։ Դեռևս Արտավազդ արքայի վերաբերյալ հիշատակություններում, տեսնում ենք թատրոնի հանդեպ մեծ ակնածանք։ «Երբ Կրասոսի գլուխը բերին դռան մոտ սեղաններն արդեն հավաքել էին և ողբերգախաղաց դերասանը, Յասոն անունով Տրալլեսցին, արտասանում էր Եվրիպիդեսի Բաքոսյաններից Ագավեի դերը։ Հենց այն ժամանակ, երբ նա աջողություն ուներ, Սիլարկեսը, ներս գալովսեղանատուն, երկրպագեց թագավորին և մեջ տեղը գցեց Կրասսոսի գլուխը։ Պարթևները ծափահարեցին մեծ աղմուկով ու ցնծությամբ և թագավորի հրամանով սպասավորները Սիլլակեսին սեղան նստեցրին»։ Հայկական ժողովրդական ներկայացումները ժամանակի ընթացքում ենթարկվել են փոփոխությունների։ Ահա և սույն հոդվածն էլ նպատակ ունի վերհանել և նկարագրել «Բարեկենդան տոնի» ընթացքում տեղի ունեցող թատերական տոնակատարություններից մեկը՝ ստվերների տիկնիկային թատրոնը։ Տիկնիկային թատրոնը, թատերական արվեստի շատ հին և յուրահատուկ ձև է։ Այն մեծ տարածում է ունեցել դեռևս անտիկ ժամանակաշրջանից սկսած հին հույների և հռոմեացիներ մոտ։ Այստեղ գործող անձինք տիկնիկներն են, որոնց խաղացնում են դերասան-տիկնիկավարները։ Տիկնիկային թատրոնի ինքնատիպ դրսևորումներից է ստվերների տիկնիկային թատրոնը։ Ստվերների թատրոնը շատ խոր արմատներ ունի, այն իր բնույթով ծիսական է։ Ըստ ժողովրդական մտածելակերպի մարդկանց և կենդանիների մարմինն ու հոգին ապրում են համատեղ։ Գրեթե բոլոր ժողովուրդներն են ունեցել ստվերների թատրոն, բայց քչերին է հաջողվել պահպանել և սերնդեսերունդ փոխանցել տիկնիկային թատրոնի այս ձևը՝ ստվերների տիկնիկային թատրոնը։ Այն վիզուալ արվեստի ձև է և ծագել է Ասիայում մոտավորապես երկու հազար տարի առաջ։ Տիկնիկային և ստվերների թատրոնի գոյության մասին մեզ տեղեկություններ են հասել, որոնք ապացուցում են թատրոնի կենցաղավարման մասին Չինաստանում, Հունաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Մալայան կղզիներում և Իրանում։ Որոշ փոփոխություններով առ այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում պահպանվել և գործում են տիկնիկային ու ստվերների թատրոններ, որտեղ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ։ Ինչպես վերը նշվեց տիկնիկային ու ստվերների թատրոնները, ունեցել են պաշտամունքային ակունքներ և այդ է պատճառը, որ ներկայացումներ են տվել ժողովրդական տոներին, տոնավաճառներին ու տարվա հատուկ օրերին։ Յուրաքանչյուր երկրում ստվերների թատրոնը ուներ իր յուրահատուկ ձևը։ Հնում այդ ներկայացումները կախարդական բնույթ ունեին և նվիրված են եղել աստվածային և առասպելական հերոսներին։ Ժամանակի ընթացքում ներկայացումը հարստացավ տեղական ավանդույթներով, իսկ սկսած 18-րդ դարից գրական ստեղծագործությունները դառնում են գերակշռող։ Այս ամենի հետ մեկտեղ գրեթե բոլոր երկրներում, կենցաղավարում էր ստվերների թատրոնի մի ընդհանուր սցենար, որի հերոսները ունեին իրենց հատուկ ավանդական անունը և վարքագիծը։ Ստվերների թատրոնի ծագման մասին կան տարբեր տեսանկյուններ։ Հայ իրականության մեջ ստվերների թատրոնը հայտնի է «Ղարագյոզ» անվամբ, որի նախապատմությունը հետևյալն է․ ըստ ավանդության թուրքական Մահմեդ սուլթանն ուներ երկու ծաղրածու՝ մեկը Ղարագյոզն էր, մյուսը՝ Հաջի Այվազը։ Սրանք սուլթանի մշտական ուրախացնողներն ու զբաղացնողներն էին։ Շրջապատողները նախանձելով դավեր են նյութում և երկուսին էլ սուլթանի ձեռքով գլխատել են տալիս։ Դրանից հետո սուլթանը զղջում է և մարդիկ ավանակի կաշվից տիկնիկներ են պատրաստում Ղարագյոզի և Հաջի Այվազի կերպարանքով, տանում սուլթանի մոտ, խաղացնում և կրկնում նրանց ասածները։ Ստվերների «Ղարագյոզ» թատրոնի հայկական լինելը հաստատվում է այն խաղացանկով, որ ստվերների «Ղարագյոզ» թատրոնը ժառանգել է անտիկ առասպելներից և հայ գուսան-միմոսներից, ինչպես նաև «Ղարագյոզ» թատրոնում օգտագործվող բեմական ատրիբուտներից, օրինակ շան գլուխը։ Ինչպես գիտենք շունը՝ հարալեզը, հայկական առասպելաբանական կենդանիներից է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բդոյան Վ., Հայ ժողովրդական խաղեր, Երևան 1980 թ։
  2. Արշարունի Ա., Հայ ժողովրդական թատերախաղեր, Երևան 1961 թ., էջ 3։
  3. Մանանդյան Հ․, Քննական տեսություն Հայ ժողովրդի պատմությոան, Երևան 1945 թ․, Հ 1, էջ 252։
  4. Խաչատրյան Ժ., Ղարագօզ, (Ստվերների թատրոն), ՀԱԲ հ7., Երևան 1975 թ., էջ 107։