Հայ գիրքը հայոց պետականության վերականգնումից հետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի առաջին հանրապետությունը (1918-1920 թթ.) քաղաքական անբարեհույս իրավիճակի և գոյատևման կարճ ժամանակահատվածի պատճառով էական հետք չի թողել հայկական տպագրության պատմության մեջ։

Հայ գիրքը ՀԽՍՀ տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ տարիներին (1920-91 թթ.) հայ գրքի տպագրության գլխավոր կենտրոն է դարձել մայրաքաղաք Երևանը։ 1921 թ.-ին ստեղծվել է պետական հրատարակչություն՝ «Հայպետհրատը», իսկ 1924 թ.-ի փետրվարի 12-ին կառավարությունը գրահրատարակչական արտադրանքի հաշվառման և տպագրված նյութերից Հայաստանի պետական հանրային (այժմ Հայաստանի ազգային) գրադարանին և Հայաստանի գրապալատին (այժմ Հայաստանի ազգային գրապալատ) տրամադրելու որոշում է ընդունել։ Ստեղծվել են մի շարք հրատարակչություններ՝ ԵՊՀ-ի, Երևանի մանկավարժական ինստիտուտի, ՀԽՍՀ ԳԱ-ի, «Լույս», «Գիտելիք» ընկերության և այլն։ 1964 թ.-ին «Հայպետհրատը» վերանվանվել է «Հայաստան» հրատարակչության։ Որոշ ժամանակ անց նրանից անջատվել են առանձին բաժիններ և դարձել ինքնուրույն հրատարակչություններ՝ «Սովետական գրող» (1976 թ., 1991 թ.-ից՝ «Նաիրի»), «Արևիկ» (1986 թ.) և «Անահիտ» (1988 թ.)։ 1967 թ.-ից գործում է «Հայկական հանրագիտարանային հրատարակչությունը»։

Հայ գիրքը 1920-ական թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականներից ՀԽՍՀ-ում տպագրությունը և տպարանն անջատվել են հրատարակչությունից, տպարանն այդուհետ դարձել է պատվեր կատարող ձեռնարկություն։ ՀԽՍՀ-ում գործել է 30 տպարան, որից 14-ը՝ Երևանում։ Խորհրդային շրջանում հրատարակվել են հայ դասականների և ժամանակակից հեղինակների գործեր, բազմահատորյակներ, տարբեր մատենաշարեր, դասագրքեր, գիտության, մշակույթի, հասարակական կյանքի բոլոր բնագավառների վերաբերյալ գրքեր, մեծ ծավալի է հասել թարգմանական գրականության հրատարակումը, հատկապես՝ ռուսերենից։ Որոշ գրքերի տպաքանակը հասել է 20-50 հազարի։ 1974-87-ին 100 հագար տպաքանակով լույս է տեսել «Հայկական սովետական հանրագիտարանը» (12+1 հատոր)։ Յուրաքանչյուր քաղաք և շրջկենտրոն ունեցել է իր թերթը, լույս են ընծայվել նաև տարաբնույթ ամսագրքեր, գրքերին և պարբերություններին զուգահեռ տպագրվել են նաև ալբոմներ, նոտաներ, քարտեզներ, օրացույցներ, բացիկներ, ցուցապաստառներ և այլն։

Թվային տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1921-1986 թթ.-ին ՀԽՍՀ-ում տպագրվել է շուրջ 60 հագար անուն գիրք ու գրքույկ, ամեն տարի լույս են տեսել ավելի քան 1100 անուն գիրք, 166 անուն պարբերականներ, հայերեն գրքեր, պարբերականներ տպագրվել են նաև խորհրդային Միության մի շարք քաղաքներում՝ Մոսկվայում, Լենինգրադում (այժմ՝ Ս. Պետերբուրգ), Թբիլիսիում, Բաքվում, Արմավիրում, Բաթումում, Ախալքալաքում և հայաշատ այլ վայրերում։ ՀՀ անկախացման 1-ին տարիների և Ղարաբաղյան ազատագրական պատերազմի (1991-94 թթ.) հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունների պայմաններում տպագրվող գրքերի քանակը կտրուկ պակասել է. լույս են տեսել փոքր տպաքանակներով՝ 1994-ին՝ 224 անուն գիրք, 1999-ին՝ 577, 2000-ին՝ 670, իսկ արդեն 2009 թ.-ին՝ 2027 անուն գիրք, բայց դարձյալ փոքր տպաքանակներով՝ 500-1000 օրինակ։ Ստեղծվել են նոր հրատարակչություններ՝ «Ապոլլոն» (1992 թ.), «Էդիթ Պրինտ» (1993 թ.), «Վան Արյան» (1993 թ.), «Սարգիս Խաչենց» (1994 թ.), «Ամարաս» (1995 թ.), «Փրինթինֆո» (1996 թ.), «Մակմիլան Արմենիա» (1997 թ.),«Զանգակ-97» (1997), «Տիգրան Մեծ» (1997 թ.), «Լուսակն» (2000 թ.), «Մուղնի» (2001 թ.) և այլն։ Ներկայումս ՀՀ-ում գործում են շուրջ 140 հրատարակչություն, առանձին տպարաններ և գրահրատարակչային համալիրներ։ 2000-2011 թթ.-ին տպագրվել է ավելի քան 17 հազար անուն գիրք։ Քանակապես ավելացել են բազմաբնույթ պարբերությունները. 2008-2010 թթ.-ին լույս են տեսել 176 անուն հանդես և 140-ից ավելի թերթ։ Զգալի թիվ են կազմում գիտական և մասնագիտական պարբերությունները։

Հայ գիրքը Միջազգային հարթակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակչային ձևավորման և որակի տեսակետից հայկական ներկայիս տպագիր նյութը չի զիջում զարգացած երկրների արտադրանքին։ Գրքի միջազգային տոնավաճառներում հայերեն հրատարակչությունները շահում են առաջնակարգ մրցույթներ, տարեցտարի մեծանում է արտերկրի հրատարակիչների և գրավաճառների ուշադրությունը հայկական տպագրանյութի նկատմամբ։

Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ.-ին Հայաստանի 12-րդ մայրաքաղաք Երևանը, հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք։ Այդ տիտղոսը Երևանին փոխանցվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից՝ ապրիլի 23-ին, տոնական հանդիսությունների պաշտոնական բացման ժամանակ։ Տոնակատարության շրջանակներում, ի թիվս բազմաթիվ միջոցառումների, կազմակերպվել են ցուցահանդեսներ (Վենետիկ, Երևան՝ «Գրքի հավերժություն»՝ ՀԱՊ, Մոսկվա, Կիև, Մինսկ, Վարշավա, Սալոնիկ և այլն), գիտաժողովներ, շնորհանդեսներ և այլն, Երևանում տեղադրվել է Գավիթ Երևանցու «Վարք հավերժության» քանդակը, որը խորհրդանշում է Մեծ եղեռնի տարիներին «Մշո ճառընտիր» մագաղաթե ձեռագիրը (1200-02, 660 էջ, 28 կգ) ոչնչացումից փրկած հայ կանանց սխրանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։