Հայ-ռուսերեն բառարան (1960)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-ռուսերեն բառարան
ՀեղինակԱրարատ Ղարիբյան, Երվանդ Տեր-Մինասյան և Մամիկոն Գևորգյան
Տեսակբառարան
Բնօրինակ լեզուհայերեն և ռուսերեն
Էջեր443
Հրատարակիչ«Հայաստան» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ1960

«Հայ-ռուսերեն բառարան» հայ լեզվաբաններ Արարատ Ղարիբյանի, Երվանդ Տեր-Մինասյանի և Մամիկոն Գևորգյանի կազմած 2-րդ հրատարակության բառարանը, որը հրատարակվել է «Հայպետհրատ» հրատարակչությունում՝ 1960 թվականին։ Բառարանում տեղ են գտել այն ժամանակվա բանավոր խոսքի և գրականության մեջ ամենից հաճախ գործածվող մոտ 40000 բառ[1]։

Բառարանը հանդիսանում է Արարատ Ղարիբյանի, Երվանդ Տեր-Մինասյանի և Մամիկոն Գևորգյանի 1947 թվականին հրատարակած «Հայ-ռուսերեն բառարանի» լրացված տարբերակը[2][3]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականի հունվարի 27-ին բանաստեղծ, գրականագետ Պարույր Սևակը «Գրական թերթ» շաբաթաթերթում «Բաց նամակ «… բառարան»-ը կազմողներին» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ նշել է՝ «Սույն բառարանի առաջին էջում կարդում ենք, որ նա «պարունակում է բանավոր խոսքի և գրականության մեջ գործածվող շուրջ 40,000 բառ»։

Կազմողների արտադրած բառերի իմ վերարտագրած օրինակները, չնչին բացառությամբ, ոչ ոք չի կարող գրականության մեջ գործածված գտնել»։ Գրականագետը նույն հոդվածում նշել է նաև․ «Կազմողները (ակադեմիկոս Ա. Ղարիբյան, պրոֆեսոր Ե. Տեր-Մինասյան և Մ. Գևորգյան) գուցե փորձեն արդարանալ այն պատճառաբանությամբ, թե բառարանի սուղ էջերը գրաված օտարազգի բառերը գործածական են բանավո՞ր խոսքի մեջ։ Եթե նույնիսկ կան նման բառեր օգտագործողներ, ապա դրանք այն մարդիկ են, որոնց բերանից լսում ենք. «Գնանք նախադու, միրավոյ պիվա կա… Մեր տելեֆոնը դեֆեկտ ունի… Զդաչին չտվեց… Փսիխ կինո էր… Պլանի գլխի աստանովկան… Էսօր մեր ինստիտուտում բալնի պարեր կան… Տուֆլիս տարա պաչինկի…»[4]:

Նույն թերթի հաջորդ համարում բառարանի համահեղինակ Արարատ Ղարիբյանը հանդես է եկել պատասխան հոդվածում, որտեղ նշել է․ «Բաց նամակի մեջ առաջ են քաշված մի շարք հետաքրքրական հարցեր՝ կապված բառարանի բառացանկի ընտրության հետ։ Մենք կուզեինք անդրադառնալ այդ հարցին։

«Հայ-ռուսերեն բառարանի» բառացանկի մեջ պետք է մտնեն հայերեն բառերը՝ այդ թվում օտար արմատներով, բայց հայերեն բառակազմական օրենքներով ստեղծված բառերը, օրինակ՝ կապիտալիստական, կոմունիստական, կադրային, կալորիաչափ։ Դրանք կարիք ունեն թարգմանվելու և պիտի թարգմանվեն հայ-ռուսերեն բառարաններում»։

Բառարանի համահեղինակը նաև ավելացրել է․ «Մեր հասարակությունն աստիճանաբար կողմնորոշվում է կամ հօգուտ օտար բառի, կամ հօգուտ հայերենի, բայց այդ կատարվում է բավական տևական ժամանակամիջոցում, այսպես՝ մեր ամենօրյա գործածության մեջ ավելի, հաճախ ենք հանդիպում կաբել, կապիտալ, կապիսալիստ, կլասիկ, կլասիցիզմ, կոմեդի, կոմպրոմիս, կոնգլոմերատ, կուլտուրա, կոզիր, կոլեկցիա, կոմպոնենտ, կոմպոստ, քան՝ մալուխ, դրամագլուխ, դրամատեր, դասական, դասականություն, կատակերգություն, փոխզիջում, խառնակույտ, բաղադրատարր, մշակույթ, հաղթաթուղթ և նման բառերին»[5]։

«Գրական թերթի» նույն տարվա փետրվարի վերջին լույս տեսած համարում լեզվաբան, հայագետ Գուրգեն Սևակը հոդված է հրապարակել՝ «Հայ-ռուսերեն նոր բառարանը և մեր բառարանագրության վիճակը» վերնագրով, որտեղ քննադատել է բառարանի հեղինակներին, Հայկական ՍՍՌ ԳԱ Լեզվի ինստիտուտին և «Հայպետհրատին»։

Վերջերս Պետհրատը լույս ընծայեց պրոֆ․ Ա. Ս․ Ղարիբյանի, պրոֆ․ Ե. Գ․ Տեր-Մինասյանի և Մ. Ա․ Գևորգյանի կազմած ու խմբագրած «Հայ-ռուսերեն բառարան», որը պարունակում է բանավոր խոսքի գրականության մեջ գործածվող շուրջ 40 հազար բառ։ Բառարանը, ինչպես վկայում են կազմող-խմբագիրները, գլուխ է բերվել Հայկական ՍՍՌ Գիտություննեերի ակադեմիայի Հասարակական գիտությունների բաժանմունքի հանձնարարությամբ և Լեզվի ինստիտուտի Գիտական խորհրդի պատվերով, տիտղոսաթերթի վրա էլ կրում է Հայկական ՍՍՌ ԳԱ Լեզվի ինստիտուտի և Հայաստանի Պետական Հրատարակչության անունները։ Թվում է թե, այսքան հեղինակավոր հիմնարկների և այսքան «հայոց լեզվի հմուտ մասնագետների» անվան հետ կապված բառարանը պետք է լիներ իրոք լավ նվեր հայերենն ուսումնասիրողների համար, ինչպես շտապեց ուրախացնել իր ընթերցողներին «Երևան» օրաթերթը։ Սակայն ամենաթեթև ստուգումն իսկ վկայում է, որ այս բառարանը իր պարունակությամբ ու որակով չի արտացոլում կազմող-խմբագիրների հմտությունը, և ո՛չ թե ուրախություն, այլ վիշտ է պատճառում յուրաքանչյուր գրագետի և հայոց լեզվի բարեկամի[6]։
- Հատված Գուրգեն Սևակի հոդվածից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ-ռուսերեն բառարան, 1960
  2. Հայ-ռուսերեն բառարան, 1947
  3. Հայ-ռուսերեն բառարան։ Պարունակում է բանավոր խոսքի և գրականության մեջ ամենից հաճախ գործածվող շուրջ 40 000 բառ / (2-րդ, լրաց ed.). Հայպետհրատ,. 1960.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. https://tert.nla.am/archive/NLA%20TERT/Grakantert/1961/5_ocr.pdf Պ․ Սևակի հոդվածը «Գրական թերթի» 3-րդ էջում
  5. Արարատ Ղարիբյանի հոդվածը «Գրական թերթում»
  6. Հատված Գուրգեն Սևակի հոդվածից

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]