Հայկ Յազմաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Յազմաջյան
Ծնվել է30 հունվարի, 1898
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել է12 փետրվարի, 1975
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
Կրթություն
Մասնագիտությունբժիշկ
Կոչում

բժշկու­թյան դոկ­տո­ր,

Հայկական ՍՍՀ վաս­տա­կա­վոր բժիշկ
Աշխատավայր
ԾնողներՀովհաննես Յազմաջյան

Հայկ Հովհաննեսի Յազմաջյան (30 հունվարի, 1898, Կոստանդնուպոլիս- 12 փետրվարի, 1975, Երևան), հայ բժիշկ, հոգեբույժ, մանկավարժ, գիտնական, ազգային և հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1898 թվականի հունվարի 30-ին Կոստանդնուպոլսում։ Տարրական կրթությունն ստացել է Վառնայում, միջնակարգը՝ Կ. Պոլ­սում։ Բժշկական բարձրագույն կրթությունն ստացել է Կ. Պոլ­սի (1918-1922) և Փա­րի­զի (1923-1925) համալսարաններում։ Մասնագիտացել է հոգեբուժություն մեջ։ 1927 թվականին Փարիզի համալսարանում արժանացել է բժշկության դոկտորի կոչման։ Փարիզում զբաղվել է բժշկական, գիտական, հասարակական և ազգային գործունեությամբ, եղել Փարիզի Հայ բժշկական միության եռանդուն անդամներից։

1936 թվականին, ուղեկցելով Կոմիտասի աճյունը, հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ 1936-1975 թվականներին Երևանի հանրապետական հոգեբուժական կլինիկական դիսպանսերում հոգեբույժ է աշխատել։ Համատեղությամբ աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում, որպես ասիստենտ, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում, որպես իրավաբանական ֆակուլտետի դատական հոգեբուժության դասախոս։ 1944-1946 թվականներին եղել է Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի բժշկության և կենսաբանության պատմության սեկտորի գիտաշխատող և քարտուղարը։ Եղել է խորաթափանց գիտնական, փորձառու կլինիցիստ, հմուտ մանկավարժ, ազնվագույն անձնավորություն։

1954 թվականին պաշտպանել է գիտական թեզ՝ «Հո­գե­բու­ժա­կան հա­յացք­նե­րը Հայաստանում հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից մին­չև 11-րդ դար» թեմայով և արժանացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանին։ Կլինիկական հոգեբուժության և հոգեբուժության պատմության վերաբերյալ ավելի քան 40 տպագրված և անտիպ հոդվածների հեղինակ է։ Լինելով բազմակողմանի զարգացած անձնավորություն՝ եղել է նաև արվեստի մեծ սիրահար։ Պաշտել է Կոմիտասին, Մե­ծա­րեն­ցին, անչափ սիրել ֆրանսիական մշակույթը։ Ունի ֆրանսերեն և հայերեն գրած անտիպ բանաստեղծությունների տետրակ և «Օրա­գիր»։ Հայկական ՍՍՀ վաստակավոր բժշկի կոչման է արժանացել (1966), մեդալներով ու պատվոգրերով պարգևատրվել։

Մահացել է 1975 թվականի փետրվարի 12-ին Երևանում։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։