Հայկ Միրզայանցի անվան միջատաբանական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Միրզայանցի անվան միջատաբանական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Իրան[1]
ՏեղագրությունԹեհրան
Հիմնադրվել է1945
Քարտեզ
Քարտեզ

Հայկ Միրզայանցի անվան միջատաբանական թանգարան (պարսկ.՝ موزه حشره‌شناسی هایک میرزایانس), Իրանի մայրաքաղաք Թեհրանում գործող թանգարան, որտեղ պահվում է միջատների ամենամեծ հավաքածուն այդ երկրում՝ ավելի քան 4 միլիոն նմուշներով (այդ թվում՝ շուրջ 25 հազար տեղական տեսակներ, հարյուրավոր առաջնային տեսակներ ու պարատիպեր և էկզոտիկ միջատների, մասնավորապես արևադարձային թիթեռների ներկայացուցչական հավաքածու)։

Գործի սկիզբը դրվել է 1943 թվականին, երբ իրանցի միջատաբան Ջայ Աֆշարը գյուղատնտեսության նախարարության այն ժամանակվա շենքում հիմնել է միջատաբանության մի փոքր լաբորատորիա։ 1945 թվականից այդ լաբորատորիայում աշխատանքի անցած Հայկ Միրզայանցը իր աշխխատանքային, պաշտոնեական պարտականությունները կանոնավոր կերպով կատարելու, հացահատիկի վնասատու բզեզի և մորեխների ոչնչացման ծրագրերի իրականացման գործում զգալի ավանդ ներդնելու հետ մեկտեղ մեծ էնտուզիազմով աշխատանքներ է տարել միջատների հավաքածու ստեղծելու ուղղությամբ։ Չնայած այն ժամանակվա լոգիստիկ և բյուջետային սահմանափակումներին՝ նա կարողացել է հավաքագրման մի քանի արդյունավետ գիտարշավ կազմակերպել Իրանի տարբեր տարածաշրջաններում։ Միրզայանցի մի քանի լեզուների (այդ թվում՝ ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն) իմացությունը, հաղորդակցման հմտությունները և հաստատակամությունը հանգեցրել են աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ միջատաբանների և միջատաբանական հաստատությունների հետ գիտական ակտիվ համագործակցության և գիտական արդյունքների փոխանակման, ինչը նույնպես մեծապես նպաստել է միջատների հավաքածուի ընդլայնմանը։ 1962 թվականին՝ բույսերի պաշտպանության Իրանի գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրումից հետո[2], լաբորատորիան վերանվանվեց միջատաբանության և բույսերի պաշտպանության լաբորատորիա, և միջատների բավականին մեծացած հավաքածուն, որն այն ժամանակ ուներ մոտավորապես 50.000 նմուշ, իր տեղը գրավեց ինստիտուտի գլխավոր մասնաշենքի երրորդ հարկում գտնվող միջատների տաքսոնոմիայի հետազոտական բաժանմունքում։ 1972 թվականին արդեն շուրջ 2 միլիոն նմուշ ունեցող հավաքածուն տեղափոխվել է նորակառույց շենքի երկրորդ հարկ, թանգարանը համալրվել է Իրանի արդյունաբերական դպրոցում գերմանական մոդելի հիման վրա պատրաստված 120 բարձրորակ, նոր պահարաններով, որոնցից յուրաքանչյուրն ուներ 40 գզրոց։

1999 թվականի գարնանը՝ Հայկ Միրզայանի մահից հետո,Իրանի այն ժամանակվա գյուղատնտեսության նախարարի առաջարկով հավաքածուն զետեղվեց թանգարանում, որը կոչվեց նրա ստեղծման գործում մեծագույն ավանդ ներդրած գիտնականի անունով։ Հավաքածուն, որն արդեն ունի գիտականորեն խնամքով դասդասված շուրջ 4 միլիոն բազմազան ու բազմատեսակ նմուշ, հռչակվել է ազգային հարստություն։

Թանգարանում հավաքածուն ներկայացված է չորս հիմնական սրահներում՝ Lepidoptera, Coleoptera, Orthoptera և Hymenoptera/Diptera: Այստեղ գործող միջատների տաքսոնոմիայի հետազոտությունների բաժինը ներառում է Coleoptera, Lepidoptera, Orthoptera, Diptera, Hemiptera և Isoptera մասնագիտացված տաքսոնոմիայի լաբորատորիաներ, գիտական գրադարան և վեբ սենյակ։ Թանգարանում են գտնվում նաև Իրանի միջատաբանական ընկերության (ESI) կենտրոնակայանը և գրադարանը։

Տաքսոնոմիական հիմնական հետազոտություններ իրականացնելուց բացի, թանգարանն ամեն տարի ընդունում է միջատաբանություն ուսումնասիրող բազմաթիվ ուսանողների և գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչների, խորհուրդներ է տալիս մագիստրոսական, ասպիրանտական թեզեր պատրաստողներին, առաջարկում է վերապատրաստման դասընթացներ և օգնում է գիտահետազոտական այլ կենտրոններին իրենց միջատների հավաքածուները համալրելու և պահպանելու հարցում։ ITRD-ն հանդես է գալիս որպես կառավարական կամ ոչ կառավարական կազմակերպությունների նույնականացման ազգային ծառայություն, հրապարակում է տարբեր հոդվածներ, հաշվետվություններ, գրքեր, տվյալների բանկեր և իր ունեցվածքի ստուգաթերթեր և այդ տեղեկությունները անվճար տրամադրում է բոլոր ցանկացողներին[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. "موسسه تحقیقات گیاه پزشکی كشور > خانه". Iripp.ir. Արխիվացված է the original 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. Retrieved 2016 թ․ հոկտեմբերի 31.
  3. "موزه حشرات مهندس هایک میرزایانس و بخش رده بندی حشرات | طراوت بهارطراوت بهار". www.taravat-bahar.org. Արխիվացված է the original 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Retrieved 2022 թ․ հունվարի 14.
  4. "Archived copy" (PDF). upload.wikimedia.org. Արխիվացված է the original (PDF) 2014 թ․ մայիսի 2-ին. Retrieved 2022 թ․ հունվարի 14.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)