Հայկ Խանլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Հայկ Խանլարյան
Ծնվել է1900
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվար 1962
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան (1918) և Երևանի պետական համալսարան (1922)
Մասնագիտությունհոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Հայկ Միքայել Խանլարյան (1900, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվար 1962, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ: Բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Խանլարյանը ծնվել է 1900 թվականին Շուշիում, 1-ին գիլդիայի վաճառական Միքայել Խանլարյանի և տնային տնտեսուհի Ալիսա Վարունցի ընտանիքում: Ունեցել է 7 եղբայր և 3 քույր: 1908-1918 թվականներին սովորել է Շուշիի ռեալական դպրոցում, 1920-1922 թվականներին՝ Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում: 1922-1925 թվականներին ուսումը շարունակել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտում: 1925-1930 թվականներին աշխատել է Մոսկվայի 2-րդ պետական համալսարանի հոգեբուժական կլինիկայում՝ պրոֆեսոր Վ. Գիլյարովսկու ղեկավարությամբ: 1927 թվականի մարտի 2-ին Մոսկվայի 2-րդ պետական համալսարանի նյարդաբուժական և հոգեբուժական կլինիկաների միացյալ գիտաժողովում հանդես է եկել «Ցերեբրալ արտերիոսկլերոզի վաղ ձևերի ժամանակ դիտվող հոգեկան փոփոխությունների մասին» զեկույցով: 1930-1941 թվականներին ապրել է Մոսկվայի մարզի Պոդոլսկի շրջանի Պոկրովսկոյե-Մեշչերսկոյե ավանում և աշխատել տեղի Վ. Յակովենկոյի անվան թիվ 2 մարզային հոգեբուժական հիվանդանոցում՝ նախ որպես օրդինատոր, ապա՝ գլխավոր բժիշկ: 1934 թվականի նոյեմբերի 11-ին Վ. Յակովենկոյի անվան հոգեբուժական հիվանդանոցի գիտաժողովում և դեկտեմբերի 1-ին Մոսկվա մարզային առողջապահության վարչության Փսիխոնևրոլոգիայի և փսիխոհիգենայի ինստիտուտում հանդես է եկել «Կլեյստի «Էպիզոդիկ մթնշաղային վիճակների» հարցի մասին» զեկույցով: 1941-1962 թվականներին աշխատել է Մոսկվայի թիվ 1 մարզային հոգեբուժական հիվանդանոցում՝ որպես օրդինատոր, գլխավոր բժիշկ: 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմի ընթացքում եղել է թիկունքի հոսպիտալների հոգեբույժ-խորհրդական: Ունեցել է բժշկագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում: Եղել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի վարիչը, Մոսկվայի Կրեմլյան հիվանդանոցի հոգեբույժ-խորհրդական: Աշխատել է պրոֆեսոր Ե. Կրասնուշկինի հետ միասին:

Գիտական աշխատանքները վերաբերում են ցնորքներով, վերաբերման զառանցանքով, հոգեշարժական գրգռվածությամբ ուղեկցվող գիտակցության մթնշաղային վիճակների կլինիկային, արյան փոխներարկման միջոցով հոգեկան հիվանդությունների բուժման խնդիրներին:

Հեղինակ է տարբեր գիտական հոդվածների և մեկ մենագրության:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1962 թվականի հունվարին, Մոսկվայում: Աճյունասափորը թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցերեբրալ արտերիոսկլերոզի վաղ ձևերի ժամանակ դիտվող հոգեկան փոփոխությունների մասին, Մոսկվա, 1927 թ.:
  • Կլեյստի «Էպիզոդիկ մթնշաղային վիճակների» հարցի մասին: Սոցիալական և կլինիկական փսիխոնևրոլոգիայի հարցեր, հատոր 3, Մոսկվա, 1936 թ., 105-131:
  • Պիկի հիվանդության մասին ուսմունքի վերաբերյալ:
  • Շիզոֆրենիան ինսուլինով բուժելու փորձը մեծ հոգեբուժական հիվանդանոցում: Կենտրոնական հոգենևրոլոգիական ինստիտուտի 9-րդ գիտական նստաշրջանը «Շիզոֆրենիայի բուժումը» թեմայով, զեկուցումների թեզիսները, Խարկով, 1938 թ.:
  • Հոգեկան հիվանդների բուժումն անհամատեղելի արյունով, Մոսկվա, 1945 թ.:
  • Շիզոֆրենիայի բուժումն անհամատեղելի արյունով, Մոսկվա, 1946 թ.:
  • Դեպրեսիվ վիճակների բուժման և դասակարգման մասին: Սոցիալական և կլինիկական փսիխոնևրոլոգիայի հարցեր, հատոր 10, Մոսկվա, 1950 թ.:
  • Այլախումբ արյուն ներարկելու ժամանակ հոգեհիվանդների մոտ մազանոթային արյունաշրջանառության դինամիկայի մասին (համահեղինակ):
  • Հոգեկան հիվանդությունների հեմոթերապիայի հարցերը պրոֆեսոր Լ. Ռոխլինի խմբագրությամբ, Մոսկվա, 1959 թ., 56 էջ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002: