Հայաստանի գլխավոր ժամացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի գլխավոր ժամացույցը

Հայաստանի գլխավոր ժամացույց, գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի աշտարակի վրա։ Տեղադրվել է 1941 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականին Երևանի քաղաքային դումայի որոշմամբ ներկայիս Հանրապետության հրապարակի տարածքում, ոստիկանության շենքի աշտարակի վրա 122 սանտիմետր տրամագծով ժամացույց են տեղադրել։ Ժամացույցը գոյատևել է մինչև 1930-ական թվականները, երբ ոստիկանության շենքը քանդել են և տեղում կառուցել Հայաստանի ազգային պատկերասրահը, ինչից հետո ժամացույցը տեղափոխել են Երևանի պատմության թանգարան[2]։

Հայաստանի կառավարական առաջին շենքի աշտարակը։

1941 թվականին Հայաստանի կառավարության առաջին շենքի շինարարության ժամանակ միտք է ծագել կառավարության շենքի աշտարակի վրա բաց թողնված տեխնիկական խոռոչը օգտագործել ժամացույցի համար։ Ժամացույցը նախատեսված է եղել Ռուսաստանից Հայաստան բերել 1941 թվականի հունիսին, բայց քանի որ հունիսի 22-ից ԽՍՀՄ-ը ներքաշվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, ապա տեղափոխումը ուշացել է, և ժամացույցը Երևան է հասել 1941 թվականի աշնանը։ Աշտարակում ժամացույցը տեղադրել է ժամագործ Արծրուն Յավրոյանը, որն էլ տեղադրելու առաջին օրից սկսած, 40 տարի սպասարկել է ժամացույցը։ 1941 թվականից մինչև 2022 թվականը ժամացույցը կանգ է առել միայն 2-3 ժամով[3]։

Ժամագործներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի գլխավոր ժամացույցը պատմության ողջ ընթացքում սպասարկել են ընդամենը հինգ ժամագործ. Արծրուն Յավրոյանը, Զորիկ Հակոբյանը, Գեղամ Մկրտչյանը, Աշոտ Մալիքսեթյանը և Լյովա Ալեքսանյանը[1][3]։

Տեխնիկական պարամետրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամացույցն ունի 3 մ 60 սմ տրամագիծ, նրա 170 սմ երկարությամբ մեծ սլաքը կշռում է 4 կգ 850 գր, իսկ 110 սմ երկարությամբ փոքր սլաքը` 3 կգ 500 գր[1]։ 2001 թվականի հունիսի 5-ին ժամացույցը տեխնիկական փոփոխության է ենթարկվել՝ մեխանիկական բլոկից անցել է էլեկտրոնայինին[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Group, The Only. «Հանրապետության հրապարակ». visityerevan.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. «Երևանի քաղաքային ժամացույցը – ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ». Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. 3,0 3,1 «Ճանապարհորդություն ժամանակի մեջ. Հայաստանի գլխավոր ժամացույցի պատահական ծնունդն ու պատմությունը. Կոնկրետ հայտնի չէ, թե երբ է սկսել աշխատել, բայց հայտնի է, որ յոթանասուն տարվա ընթացքում կանգ է առել միայն 2-3 ժամով». PanARMENIAN.Net. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. Հանրապետության գլխավոր ժամացույցը